Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացումը քաղաքական դաշտում եւ հաս

Ապրիլ 21,2001 00:00

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ԴՐՎԱԾ Է ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՊԱՏՆԵՇ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացումը քաղաքական դաշտում եւ հասարակության մեջ որոշակի լարվածություն է ստեղծել: Պետականության նոր հիմնադրույթներ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարության առանցքային միտքը հետեւյալն էր. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ»: Սա չէր նշանակում, թե հրաժարական պահանջողները ձգտում են նոր պատերազմի կամ պատերազմի սիրահարներ են, ինչպես գռեհկացված մեկնաբանվեց եւ կրկնվում է մինչեւ այսօր: Սա նշանակում էր, որ այդ ուղին (հարցի սառեցման) եթե համառորեն շարունակվի, ապա հանգեցնելու է նոր պատերազմի: Իսկ ի՞նչ նկատի ուներ Լ.Տեր-Պետրոսյանը պետականության այլ հիմնադրույթների տակ, ինչը եւ համարում էր առաջացած ճգնաժամի իրական հիմքը: «Նախկինների» հետագա քաղաքական հայտարարություններում հետեւողականորեն շեշտվել է այն միտքը, որ իշխանության եկած նոր ուժերը պետական քաղաքականության հիմքում դրել են Հայ դատի գաղափարախոսությունը եւ դրանից բխող պահանջատիրության խնդիրը: Իշխանությունները կամ նրանց սատարող ուժերը երբեւէ դրան չեն առարկել: Ընդհակառակը՝ ավել կամ պակաս հստակությամբ հաճախ հավաստել են այդ: Վերջերս «Երկիր» թերթը դիմելով «նախկիններին», պարզապես հայտարարեց. «Մի մոռացեք, որ դուք պարտվել եք հենց հայդատականությանը»: Ամեն ինչ ճիշտ է: Պետականության այլ հիմնադրույթները պետք է փնտրել այստեղ: Իշխանության ճգնաժամը մի կողմից իրատեսական քաղաքական հաշվարկների վրա հենված անհրաժեշտության՝ հակամարտության խաղաղ կարգավորման, մյուս կողմից՝ այդ առիթով բորբոքված հայդատական պատկերացումների բախման արդյունք էր: Եվ այստեղ Ղարաբաղի հարցն իրոք ավելին չէր, քան պատրվակ: Իրականացված պետական հեղաշրջմամբ քաղաքականության հիմքում դրվեց վաղուց երազած «ազգային գաղափարախոսություն»: Իշխանափոխությունից հետո պաշտոնական փաստաթղթերում այս փոփոխությունը արտահայտվեց յուրովի: Այն բնագավառը, որտեղ դա պետք է հստակ արձանագրվեր, արտաքին քաղաքականությունն էր: Եվ արտահայտվեց: Նոր կառավարության 98-ի մայիսին խորհրդարան ներկայացրած ծրագրում «Արտաքին քաղաքականություն» վերնագրի տակ սպիտակ թուղթ էր, ավելի ճիշտ՝ խոստում. մի քանի շաբաթ հետո խորհրդարանի քննարկմանը ներկայացնել այս ասպարեզի հայեցակարգը: Չնայած բազմակի հիշեցումներին եւ պահանջներին, այդ խոստումը չկատարվեց: Այսինքն՝ «ազգային գաղափարախոսության» որդեգրումը պաշտոնապես որեւէ տեղ չարձանագրվեց: Բայց դա չէր կարող չարձանագրվել գործողություններում, առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության մեջ: Լեռնային Ղարաբաղի հարցում դա պետք է արտահայտվեր հետեւյալ կերպ. արտաքնապես երեւույթ ստեղծել, թե դեմ չեն բանակցություններին եւ կարգավորման ուղիներ որոնելուն, իրականում՝ ունենալ ստատուս-քվոն պահպանելու գերխնդիր: Ղարաբաղի հարցը՝ ինքնորոշման հիմքի վրա 1988-ի փետրվարի 20-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարձրացվել եւ հետապնդվել է ինքնորոշման իրավունքի հիմքի վրա: Այդ սկզբունքից ելնելով են ընդունվել ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի իրավասու մարմինների բոլոր որոշումները: Իրավական առումով դա դժվար խոցելի սկզբունք էր ոչ միայն Խորհրդային Միության, այլեւ միջազգային իրավունքի տեսակետից, եւ հաջողությամբ դիմակայում էր մեկ այլ՝ «սահմանների անձեռնմխելիության» սկզբունքին: Ուստի ի սկզբանե եւ մինչեւ 1998-ը բոլոր ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղը որպես ինքնորոշվող սուբյեկտ, որպես հակամարտության կողմ, որպես բանակցային կողմ ներկայացնելուն եւ ճանաչել տալուն: Մինչեւ զինված հակամարտության ծավալումը՝ Հայաստանն իր որոշումներով միայն արձագանքում էր Ղարաբաղի պաշտոնական իշխանությունների միջնորդություններին, զինված հակամարտության փուլում Ադրբեջանը կռվում էր միայն ղարաբաղյան ուժերի՝ «տեղական հայկական զինված կազմավորումների» դեմ, եւ պարտվում նրանց: Բանակցային փուլում Հայաստանը պարտավորվում էր չստորագրել խնդրին վերաբերող որեւէ փաստաթուղթ, եթե այնտեղ նախապես չլիներ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը: Այս քաղաքականության արդյունքը եղավ Ղարաբաղի լիակատար ազատագրումը, չորս կողմը պաշտպանական հուսալի գոտու ստեղծումը, փաստական անկախությունը եւ միացումը Հայաստանին: Հազիվ թե որեւէ մեկը կարող էր մինչ այդ նման բան երազել: Նույն հիմքով շարունակվող բանակցային գործընթացը 1997-ին հասունացրել էր հիմնահարցի վերջնական կարգավորումը: Ընդ որում՝ հնարավոր էր դարձել ձեռք բերել ինքնիշխանության այնպիսի մակարդակ եւ այդ հողի վրա հայ բնակչության անվտանգ գոյատեւելու այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք Ղարաբաղը չէր ունեցել, թերեւս, վերջին 1500 տարում: Ղարաբաղի հարցը՝ ազգային գաղափարախոսության հիմքի վրա Հայ դատը «ազգային գաղափարախոսություն» է, եւ ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաեւ հողային պահանջատիրություն: Պահանջատիրության հիմքը պատմական իրավունքն է: Ղարաբաղը պատմական հայկական հող է: Պահանջատերը հայ ժողովուրդն է: Այս դեպքում դա վիճակված է իրականացնել հայ ժողովրդի այն մասին, որն իրերի բերումով մնացել է հայրենի հողի վրա եւ պետականություն ունի՝ Հայաստանի Հանրապետություն անունով: Ըստ այսմ էլ Ղարաբաղը պետք է դադարեր հակամարտության եւ բանակցային գործընթացի կողմ լինելուց, այն պետք է վերածվեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «վիճելի» տարածքի (հենց այդպես էլ 2001-ի փարիզյան հանդիպումից հետո այն բնորոշեց Ֆրանսիայի նախագահը): Իսկ բանակցությունները պետք է ընթանային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Ղարաբաղը դրանց չպետք է մասնակցեր: Եվ Հայաստանը «բացահայտվեց» որպես Ադրբեջանի հետ հակամարտության միակ իրական կողմ: Պարզ է, որ այս դեպքում փոխզիջումների հարցն էլ պետք է դրվեր Հայաստանի (ոչ թե Ղարաբաղի) եւ Ադրբեջանի միջեւ: Առաջին առարկայական արդյունքն արդեն հայտնի է. անմիջապես ծնվեց Մեղրիի հարցը: Հայտնի է նաեւ պետականության նոր՝ ազգային գաղափարախոսության հիմնադրույթների վրա հիմնված քաղաքականության երկրորդ արդյունքը՝ կարգավորման ծրագրի «ընդհանուր պետություն» կոչվող տարբերակի տեսքով: «Փաթեթայինի» եւ «փուլայինի» համեմատ՝ սրա վերնագիրը շոյող է. իրենց թվում է, թե շահել են ձեւի մեջ, բայց եթե անգամ դա այդպես է, ապա ակնհայտորեն կորցրել են բովանդակության մեջ: «Ընդհանուր պետությունն» ահազանգում է, որ այս ուղիով ձեռք է բերվում հերթական բարոյական հաղթանակը՝ իրական եւ մնայուն քաղաքական արդյունքի հաշվին: «Ընդհանուր պետությունը» վարչախումբը հայտարարում է իր դիվանագիտական հաղթանակը: Իրավունք ունի. «ազգային գաղափարախոսությունը» սնվում է բարոյական հաղթանակների հրճվանքով եւ իրական կորուստների ցավով: Կստորագրվի՞ որեւէ փաստաթուղթ Ազգային գաղափարախոսությունների լեզուն միջազգային հանրությունը բնականաբար չի հասկանում, եւ նրա հետ պետք է խոսել (կամ ձեւ անել խոսել) իր հասկացած լեզվով: Բանակցությունների պատրանք ստեղծելն ընդամենը ստատուս-քվոն երկարաձգելու միջոց է եղել: Դրա համար հատկացված ժամանակն էլ կարծես սպառվել է: Փարիզում դեռ Ալիեւը եւ Քոչարյանը կարող էին երկկողմ եւ եռակողմ բանակցել: Քի Ուեսթում երրորդ կողմը թույլ չտվեց «երկկողմ» հանդիպում: Յուրահատուկ ֆորմատի արդյունքում երկու կողմերին հայտնի է բանակցությունների արդյունքի սոսկ «իր մասը», ամբողջը հայտնի է միայն երրորդ կողմին: Ի՞նչ կլինի Ժնեւում. ազատ մենամարտիկները միմյանց հետ լեզու չգտնելով արդյոք չե՞ն վերածվի անազատ գլադիատորների: Պաշտոնական քարոզչամեքենան շարունակում է խոսել նորանոր հաղթանակների մասին: Ավելին՝ երբեմն այնպես են ներկայացնում, թե միջազգային հանրությունը ծնկի է գալիս Հայաստանի «կոշտ» դիրքորոշման առջեւ: Այս քարոզչությունը որպես ապրանք կարող է սպառվել ընդամենը ներքին շուկայում: Ավելի շուտ, թերեւս, միջազգային հանրությունը վերջին անգամ իր «պարտքն» է կատարում, որից հետո կդադարի «քաղաքակիրթ եղանակով» հակամարտության կարգավորմամբ զբաղվել: Հայաստանում միառժամանակ կտոնեն «կոշտ դիրքորոշման» եւ սառեցման «իմաստուն» կուրսի հաղթանակը: Իսկ պատերազմական շարունակությունը այլեւս այլընտրանք չի ունենա: Հնարավո՞ր է արդյոք կարգավորման որեւէ փաստաթղթի ստորագրում: Հնարավոր չէ, քանի դեռ դրա դեմ գաղափարախոսական պատնեշ է դրված: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել