Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս

Ապրիլ 21,2001 00:00

«Ես ձեզ հուսախաբ չեմ անի» Հույս է տալիս Վլադիմիր Սպիվակովը Երեկ «Մոսկվայի վիրտուոզները»՝ Վ. Սպիվակովի գլխավորությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հերթական անգամ, գերեցին հայ հանդիսատեսին՝ իրենց վիրտուոզությամբ, երաժշտության ընկալման եւ կատարման անզուգական մակարդակով։ Սակայն մինչ համերգը, հայերը հասցրին իրենց սիրո եւ հարգանքի հերթական տուրքը մատուցել համազգային սիրո արժանացած մաեստրոյին։ Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի գիտխորհրդի եւ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրվեց «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե հուշամեդալով։ Հուշամեդալի հանձնման արարողությանը ներկա էին նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը (ի դեպ, նա Հոգաբարձուների խորհրդի համանախագահն է), ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսպանները, բուհերի ռեկտորներ, հանրաճանաչ արվեստագետներ, գիտնականներ։ Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանն իր ողջույնի խոսքում արժեւորեց կրթության եւ մշակույթի դերը հասարակության գիտակցության մեջ, հատկապես՝ գլոբալիզացիայի եւ արժեքների վերագնահատման շրջանում։ Ամենքին ցնցեց ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Լեւոն Մկրտչյանը՝ իր «գերազանց» առոգանությամբ եւ մեդալը հանձնելու պահին արված գովազդային շեղումներով («33 ադամանդե քար, սպիտակ ու դեղին ոսկի, 985 պրոբի ոսկի»)։ Արմեն Դարբինյանը կարծում է, որ այս մեդալը չի ավելացնելու Սպիվակովի հանրահայտությունը, նա դրա կարիքը չունի, սակայն Սպիվակովին մեծարելը պետք էր հենց մեզ, քանի որ մարդասիրության եւ գեղեցիկին ծառայելու այն չափանիշները, որ դրել է դիրիժորը մարդկության առջեւ, վեր են ամեն գնահատականից։ Ռոբերտ Նազարյանը հորդորում էր, որ մաեստրոն ավելի հաճախ գա Հայաստան, քանի որ իրենից շատերն են համերգի տոմս խնդրում, եւ երբ չի կարողանում բավարարել նրանց խնդրանքը, բոլորը նեղանում են. «Դրա համար էլ մեզ մոտ «աբիժնիկները» շատ են»։ Արարատ Գոմցյանն, ինքն իրեն «բրավո» ասելով, եկավ ամբիոնի մոտ ու որոշեց խոսել հայերեն, չնայած Սպիվակովին համառորեն ինչ-որ անհասկանալի լեզվով «մաիստրո» էր ասում։ Ի դեպ, առանձնահատուկ շնորհակալություն պրն Գոմցյանին՝ մեր թերթը բազմամարդ լսարանի առջեւ գովազդելու համար։ Ի ցույց բոլորի նա ներկայացրեց երկու տարի առաջ «Առավոտի» առաջին էջում տպագրված լուսանկարը, որտեղ Սպիվակովը մի գեղեցկուհու հետ հայկական պար էր պարում, վերնագրված էր. «Տաշի՜, Վալոդ»։ Այս խոսքերն այնքան էին դուր եկել պրն Գոմցյանին, որ նա մի քանի անգամ կրկնեց։ Սպիտակի քաղաքապետարանի ներկայացուցիչը մաեստրոյին հանձնեց Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացու վկայականը։ Վերջինը խոսեց մաեստրոն՝ ինքը, եւ, ինչպես նրա ելույթի ավարտին նկատեց ներկաներից մեկը՝ նրա խոսքի, նրա ձայնի մեջ անգամ երաժշտություն կար, ու նա կարծես իր խոսքերով մեր հոգու մեջ էր մտնում։ Պրն Սպիվակովը շնորհակալությամբ ընդունեց այս պարգեւը, այն գնահատելով սիրո նշան ոչ միայն իր, այլեւ՝ Ռուսաստանի, ռուսական մշակույթի հանդեպ։ Նա խոստովանեց, որ երջանիկ է Հայաստանում. «Կարծում եմ՝ կյանքը չափվում է ոչ թե տարիներով, օրերով, այլ՝ ապրած երջանիկ պահերով։ Երբ գալիս եմ Հայաստան, իմ երջանիկ պահերը շատանում են, դրա համար շնորհակալ եմ ձեզանից»։ Նրան մտահոգում է այն փաստը, որ այսօրվա երիտասարդությունը, ուսանողությունը պասիվ է. «Ես ուզում եմ, որ դուք ձեզ չզգաք այս կյանքի, ժամանակների ուղեկիցը, այլ զգաք, որ դուք ապրում եք այս ժամանակներում եւ այս կյանքը ձերն է։ Ապրեք ձեր ամեն օրն այնպես, որ սրբագրելու կարիք չունենաք, քանի որ սեւագիր էջեր կյանքի մեջ չեն լինում»։ Անդրադառնալով պարգեւների ու նվերների բազմաքանակությանը, նա բացատրեց, որ արտաքին փայլին ու շքեղությանը վերաբերվում է այնպես, ինչպես կվերաբերվեր «այն մարդը, որն անընդհատ շփվում է հոգեւոր, գերբարձր արժեքների հետ, եւ անընդհատ բացահայտում մարդկային հոգու եւ մտքի անկրկնելի գոհարներ»։ Նա ասաց, որ իր համար Հայաստանից ստացված ամենահարազատ մասունքները, որ պահում է սրբությամբ, գյումրեցի երկու երեխայի գործած գորգիկներն են. «Առաջինն ինձ նվիրեցին երկրաշարժից հետո։ Դա մի գորգիկ էր, որի վրա պատկերված էր ծաղրածու եւ, որը հյուսող աղջիկն արդեն չկար։ Իսկ երկրորդը, երկու տարի առաջ, ինձ նվիրեց մի ուրիշ աղջնակ, որը ծնվել է 10 տարի առաջ՝ երկրաշարժի օրը։ Դրանք ինձ համար ամենաթանկ նվերներն են»։ Իսկ վերջում նա ասաց այն խոսքերը, որոնց, գուցե թե ենթագիտակցաբար սպասում էին բոլոր ներկաները. «Ես շատ նվիրված եմ ձեզ։ Ես բոլորիդ շատ սիրում եմ, եւ երբեք ձեզ հուսախաբ չեմ անի»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել