Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Բարեկեցիկ տուն» ՍՊԸ-ն նույն ոգեւորությամբ սկսի շինարարությունն, ինչպես երեկ ներկայացնում էր նախ

Ապրիլ 21,2001 00:00

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Եթե «Բարեկեցիկ տուն» ՍՊԸ-ն նույն ոգեւորությամբ սկսի շինարարությունն, ինչպես երեկ ներկայացնում էր նախատեսվող աշխատանքների իրականացման փուլերը, ապա առնվազն 2003 թ. վերջին մայրաքաղաքը կունենա ոչ միայն Օպերան Կոմիտասի պողոտային մի ուղիղ գծով կապող հետիոտնային ճանապարհ, այլեւ՝ մի բարեկարգ ու գեղեցիկ թաղամաս։ Հյուսիսային ճառագայթ անվանումով այդ թաղամասը, որն, ըստ էության, շարունակելու է Հյուսիսային պողոտան՝ մինչեւ Կոմիտասի պողոտայի հետ հատվելը (հատվելու են Կոմիտասի պողոտայի վրա գտնվող չորս բարձրահարկ ապակեպատ շենքերի մոտ), նախատեսված է եղել դեռեւս Ալ. Թամանյանի հեղինակած Երեւանի գլխավոր հատակագծով։ Ներկայումս նախատեսված է եւ շատ շուտով կսկսվի Հյուսիսային ճառագայթի առաջին հատվածի շինարարությունը։ Ողջ թաղամասը ձգվելու է 500 մ երկարությամբ։ Առաջին հատվածի 200 մ երկարությամբ տարածքը հատկացվել է «Բարեկեցիկ տուն» ՍՊԸ-ին, որն էլ այդ տարածքում կառուցվելիք բնակելի 14 առանձնատների, երկու հասարակական բնույթի շենքերի, առանձնատների երկու կողմերում ձգվող ավտոճանապարհների եւ թաղամասի առանցք հանդիսացող սալահատակված հետիոտնային ճանապարհի շինարարության գլխավոր պատվիրատուն է։ «Բարեկեցիկ տուն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ. օգոստոսին՝ հենց այս շինարարությունն իրականացնելու նպատակով։ Ըստ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Կարապետյանի՝ ՍՊԸ-ի անդամները 14 առանձնատների սեփականատերերն են, որոնք «ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունների չինովնիկներից չեն», տեղացի բիզնեսմեններ են, որոնց «գործերը, փառք Աստծո, հաջող են գնում», որոնք մտադիր չեն լքել Հայաստանը երբեւէ, սակայն որոնց «անունները լայն հասարակությանը ոչինչ չեն ասի»։ Հյուսիսային ճառագայթի եւս մի փոքր կտոր հատկացվել է պարսկահայ գործարար, մասնագիտությամբ ճարտարապետ Ալբերտ Աճեմյանին։ 14 առանձնատներին անմիջապես հաջորդող հատվածում պրն Աճեմյանը մտադիր է կառուցել իր իսկ նախագծած երկու գեղեցիկ շինություն։ Առանձնատնային հատվածի ճարտարապետը հանրապետության լավագույն մասնագետներից մեկն է՝ Արամ Ալեքսանյանը։ Ֆինանսավորումը իրականացնում են «Բարեկեցիկ տուն» ՍՊԸ-ի փայատերերը։ Շինարարությունը, նախնական հաշվարկներով, կարժենա 1,5 մլն դոլար։ Տարածքը, որը տրամադրված է թաղամասին, հիմնականում անմխիթար վիճակում գտնվող, քարուքանդ մակերես է։ Կտրվելու ենթակա է 10-15 ոչ այնքան արժեքավոր ծառ, սակայն «Բարեկեցիկ տան» փայատերերը վստահեցնում էին, որ ամեն կտրած ծառի փոխարեն կտնկեն նորը եւ կբարեկարգեն կամ կկանաչապատեն տարածքը. «Չէ որ մենք էլ ենք ուզում ծառ ու ծաղկի մեջ ապրել, թթվածին շնչել»։ Ինչպես նշեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը. «Սա այն դեպքը չէ, երբ ճարտարապետը հարուստի ճաշակին կուլ է գնում։ Նախագծի մեջ վճռորոշը եղել է պրն Ալեքսանյանի խոսքը»։ Իրենք՝ «հարուստներն» էլ կողմ են ճարտարապետի վճռորոշ ձայնին, քանզի «այնքան գեղեցիկ նախագիծ է, որ փոխելու բան չունենք»։ Նարեկ Սարգսյանն առանձնահատուկ շեշտեց, որ պատվիրատուն «մեծ ներդրումներ է արել «Երեւան» հիմնադրամին»։ Անշուշտ, գովելի փաստ է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ այդ տարածքը նախկինում որեւէ այլ իրավաբանական անձի չէր հատկացվել, ինչպես դա պատահել էր մեկ այլ ընկերության հետ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել