Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության առաջին փուլը հաջող ավարտվեց։ Մեկնարկել է նաեւ բարձրագույն խմբ

Ապրիլ 21,2001 00:00

ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼՈՎ ՀԵՌՈՒ ՉԵՍ ԳՆԱ Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության առաջին փուլը հաջող ավարտվեց։ Մեկնարկել է նաեւ բարձրագույն խմբի հոբելյանական առաջնությունը։ Սակայն, ինչպես երեւում է, կրքերը դեռ չեն հանգստացել։ Տեսակետների պայքարը դեռեւս շարունակվում է։ Անցյալի, ներկայի ու ապագայի մինչեւ վերջ չպարզաբանված խնդիրների շուրջ զրուցեցինք Աշտարակի «Միկա» ակումբի ղեկավար Միխայիլ Բաղդասարովի հետ։ – Պարոն Բաղդասարով, ձեր թիմի մեկնարկը մրցաշրջանում հաջող էր։ Ի՞նչ կասեք «Միկայի» մասին։ -Համեմատած նախորդի հետ, «Միկան» այս տարի ավելի ուժեղ կազմ ունի։ Հրավիրել ենք 18-20 տարեկան մի շարք ֆուտբոլիստների, որոնցից չորսը երիտասարդական հավաքականի խաղացողներ են։ Նալչիկի «Սպարտակից» եկել է կենտրոնական պաշտպան Կարեն Գրիգորյանը։ 5-6 ֆուտբոլիստների ենք սպասում Նիգերիայից, որոնցից ընտրություն պիտի կատարենք։ Հարձակման գիծն ուժեղացրել ենք «Արմենիկումի» մի քանի ֆուտբոլիստներով։ Այնպես որ, մտադիր ենք այս տարի ավելի հաջող հանդես գալ։ – Ֆուտբոլիստներ հավաքելով, կայուն հաջողություններ չեն լինի։ Այս մասին մտածե՞լ եք։ – Անկասկած, ապագան տեղում ֆուտբոլիստների սերունդ աճեցնելու մեջ է։ Մտածում ենք մեր մանկապատանեկան մարզադպրոցն ունենալու մասին։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ սեփական բազա ունենալ։ Ցանկանում ենք այս հարցերը լուծել մեկ-երկու տարում։ «Միկան» ունի հինգ տարվա ծրագիր։ Առաջին տարում մտանք բարձագույն խումբ, երկրորդում նվաճեցինք Հայաստանի գավաթը։ Այս եւ հաջորդ տարին գլխավորապես նվիրվելու է սերնդափոխությանը, իսկ վերջին տարում ակնկալում ենք արդյունքներ՝ նաեւ եվրոպական խաղերում։ Եվ եթե դա հաջողվի, կմտածենք ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ ու մարզիչներ ձեռք բերելու մասին։ – Մրցաշրջանի հետաձգումը չի՞ ազդել ֆուտբոլիստների մարզավիճակի վրա։ – Մեր թիմը եւ որքան գիտեմ, մյուսները՝ նույնպես, պարապ չեն մնացել ու նախապատրաստվել են։ Այնպես որ, առաջնությունն ուշ սկսվելու մեջ սարսափելի ոչինչ չկա։ Ընդհակառակը, այս ընթացքում օգտակար բաներ եղան։ Ֆեդերացիայի գործկոմի կազմ մտան ակումբների ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր մտահոգված ու շահագրգիռ են ֆուտբոլի զարգացումով։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքում տեսնում եւ զգում են, թե ինչն է խանգարում, ինչը պակասում եւ ինչն է լավ։ Պակասում են խաղադաշտերը, վատ է, որ ակումբների համար չի ստեղծվում նյութական բազա։ Լավ է, որ մեծացել է առաջնությանը մասնակցող շրջանների աշխարհագրությունը, որ ավելանում են ակումբների հովանավորները։ Սա հույս է ներշնչում, որ ֆուտբոլը մեզանում կարող է ավելի լավ զարգանալ։ – Որոշ լրատվամիջոցներում չի դադարում քննադատությունը ֆեդերացիայի հասցեին։ Դուք, որպես ընդդիմադիր թեւի ներկայացուցիչ, ի՞նչ եք մտածում այս մասին։ – Փոխզիջումը պետք էր, քանի որ թիմերին խաղալու հնարավորություն ընձեռվեց։ Հակառակ դեպքում դրանք կզրկվեին եվրոպական մրցաշարերին մասնակցելուց, այսինքն՝ Եվրոպայից հայկական ֆուտբոլ դրամի ներհոսք չէր լինի։ Իսկ ապագան ցույց կտա մրցաշրջանի ընթացքը։ Լրատվամիջոցներում հրապարակումների՞ մասին։ Յուրաքանչյուր անհատ, ակումբ, ԶԼՄ իր համոզմունքները եւ դրանց մասին խոսելու իրավունք ունի, իսկ խնդիրներ, իրոք, եղել են։ Մասնավորապես՝ բարձրագույն խմբի թիմերի թվաքանակի շուրջ՝ 16, 13, 10 եւ 8։ Ես համաձայն էի 16-ին, սակայն քվեարկությամբ անցավ 13-ի տարբերակը, եւ ես անձամբ հարգում եմ մեծամասնության կարծիքը։ – Արդարացի՞ եք համարում, որ միայն «Բանանցը» գործկոմում ներկայացուցիչ չունեցավ։ – Դրանում տրամաբանություն կա։ Գործկոմում պետք է լինեն նրանք, ովքեր որոշում են ֆուտբոլի զարգացման ռազմավարությունը։ 90-ականների սկզբից հետո «Բանանցը», փաստորեն, չի գործել ու հիմա նոր է վերադարձել։ Թող մեկ տարի խաղա, մնա բարձրագույն խմբում ու հաջորդ տարվանից իր մարդն ունենա գործկոմում։ – Ճի՞շտ է, որ ոչ մի երկրում ակումբները գործկոմներում ներկայացուցիչ չունեն։ – Այդպես է ֆուտբոլային գերտերություններում, որտեղ ֆուտբոլն այն աստիճանի է զարգացած, որ ակումբներին մնում է միայն աջակցել։ Մենք հայկական ֆուտբոլի վերածննդի փուլում ենք, եւ դրա ուղիներն ենք որոնում։ Յուրաքանչյուր երկիր իր ազգային առանձնահատկություններն ունի։ Հայաստանում ակումբները կասկածում են, թե իրենց մեկուսացնում են։ Իսկ հիմա ֆեդերացիայում ներկա լինելու, սեփական կարծիք հայտնելու, խնդրի էությունը միմյանց հստակ բացատրելու հնարավորություն կա։ Մարդիկ հասկանում են ու բավարարված հեռանում։ – Գործկոմում գերազանցապես ակումբների ղեկավարներն են։ Նրանց գիտելիքները կբավականացնե՞ն քննարկվող խնդիրնները ճիշտ ըմբռնելու եւ վճիռներ կայացնելու։ – Այդ մարդիկ քաջատեղյակ են ակումբների ու ֆուտբոլային հոգսերին եւ եթե քննարկվող հարցը շոշափի ակումբի շահերը, նրանք կարտահայտեն իրենց տեսակետը։ Ներկայացուցիչներն ամեն օր զբաղվում են ֆուտբոլային խնդիրներով։ Իմ համոզմամբ, այս պարագայում «մաքուր» մասնագետ լինելը պարտադիր չէ։ Միանգամայն բավարար է լավ կազմակերպիչ լինելը, արծարծվող հարցերն արագ հասկանալը։ – Շատ է խոսվում ակումբների անունից, մինչդեռ մեզանում, ըստ էության, լիարժեք ակումբ չկա։ – Միակ լիարժեք ակումբը «Շիրակն» է, որն ունի սեփական մարզաբազա, թիմեր՝ բարձրագույն եւ առաջին խմբերում, մանկապատանեկան մարզադպրոց։ Ակումբը նաեւ իր ֆուտբոլասերները պիտի ունենա։ Պետք է գնալ այդ ճանապարհով։ Դրա համար անհրաժեշտ է ֆուտբոլը դարձնել այնքան դիտարժան, որպեսզի մարդիկ այնտեղ գումարներ ներդնելու ցանկություն ունենան։ «Միկան» այս հարցում եւս լուրջ ծրագրեր ունի։ – Իսկ մյուսները գումարներ որտեղի՞ց հայթայթեն։ – Միջոցներ կարելի է գտնել ոչ միայն ներսում, այլեւ՝ դրսում։ Եթե հաջողվի բարձրացնել ազգային հավաքականի եւ ակումբների խաղամակարդակը, արդյունքները, կբարձրանա նաեւ հայկական ֆուտբոլի վարկանիշը։ Ուրեմն՝ ֆուտբոլիստի գինն էլ բարձր կլինի։ Մենք էլ հենց այդ ենք ուզում անել, որպեսզի հայաստանցի ֆուտբոլիստները վաճառվեն ոչ թե 20-25 հազար դոլարով, այլ անհամեմատ ավելի թանկ։ Եթե դա հաջողվի, կարելի է նույնիսկ մեկ ֆուտբոլիստ վաճառելով մի ամբողջ թիմ մեկ տարի պահել։ Մի բան էլ՝ եթե ակումբներին զարգանալու իսկական հնարավորություն տրվի, նրանց աճեցրած մարզիկը, որ հանդես կգա արտասահմանյան բարձրակարգ թիմում, կհամալրի նաեւ հավաքականի կազմը, ուրեմն՝ կշահի նաեւ մեր գլխավոր թիմը։ Մեր պայքարը հենց սրա համար է եղել։ – Ֆուտբոլը բիզնե՞ս է։ – Այն էլ՝ ծանր, որում նախ հարկավոր է արտադրել, հետո միայն վաճառել։ Եթե լավ չարտադրեցիր, լավ չես էլ վաճառի։ Մի բան, որով ֆեդերացիան լուրջ չի զբաղվել։ Զրույցը վարեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել