Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ

Ապրիլ 21,2001 00:00

ՀՅԴ-Ն ԸՍՏ ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՅԴ հայտնի գործիչներից մեկը՝ Էդվարդ Հովհաննիսյանը ասում է, որ ՀՅԴ-ն ունի երեք մեծ ազգային արժեք. Հայ դատ, ընկերվարություն եւ հեղափոխականություն, իսկ ամենամեծ արժեքն ինքը ՀՅԴ-ն է: Վերջին շրջանում հեռուստաէկրանին եւ թերթերի էջերում նրա արտահայտած ինչ-ինչ նոր եւ անսովոր մտքեր անհրաժեշտ են դարձնում քննարկել նրա հարաբերություններն իր նշած այս «արժեքների» հետ ընդհանրապես: 1. ճանապարհ դեպի արքայություն Նախ նրա եւ ՀՅԴ-ի մասին: Շատ պակասությունների մեջ կարելի է մեղադրել Դաշնակցությանը, անհամեստության պակասի մեջ՝ երբեք: Ինքնագովության եւ ինքնաներբողումի խոսքերի, դարձվածների, արտահայտությունների մի ամբողջ բառարան կարելի էր կազմել դաշնակցական մամուլն ու գրականությունը թերթելով: Հավակնություններով էլ նրա հետ երբեք չէր կարող չափվել ոչ միայն որեւէ հայկական կազմակերպություն, այլ նույնիսկ ո՛չ Հայ առաքելական եկեղեցին, ո՛չ հայկական պետությունը: Թվում էր՝ սպառված են հայոց լեզվի եւ մարդկային մտքի ու պատկերավոր մտածողության բոլոր հնարավորություններն այս ասպարեզներում: Էդիկ Հովհաննիսյանը 70-ականների սկզբին «գնացքից թռչելուց» անմիջապես հետո փշրեց ձեւավորված բոլոր պատկերացումները: Այնպես որ՝ անգամ դաշնակցական պարբերականը, առաջին անգամը լինելով, համեստաբար շառագունեց. «Գիտակցաբար նույնությամբ կհրատարակենք տոքտ. Է. Հովհաննիսյանի այս հոդվածը, ընդունելով հանդերձ, որ մտածելակերպի եւ ոճային արտահայտչական կարգ մը զուտ անհատական ձեւեր անհարիր են ընդհանրապես դաշնակցական մամուլի մտածելակերպին ու ոգիին, պարզապես հարգելու համար հեղինակի ազատ արտահայտության իր իրավունքը» («Ազդակ», 23.12.1973): Քաղվածքները եւ վերապատմածը մի քիչ շատ կլինեն, քանի որ այս դեպքում մեկնաբանությունները պարզապես անիմաստ են եւ փչացնում են հեղինակի մտքերի թողած ցնցող տպավորությունը: Դաշնակցությանը պետք է թագադրել «Եթե ազգը զրկված է պետականությունից, ապա բազմաթիվ կազմակերպությունների մեջ գլխավորը պետք է համարել այն, որի նպատակն է պետականություն ստեղծելը: Այդպիսի մի կազմակերպություն պետք է փոխարինի ազգային պետականությանը եւ գոնե ազգի ներքին կյանքում ձեռք բերի բացարձակ իշխանություն»: Ընդ որում՝ դա պետք է նախաձեռնի եւ անի ինքը՝ ժողովուրդը: Ժողովուրդը միշտ ենթարկվելու կարիք է ունեցել, եւ ինքն է իր այդ կարիքը բավարարելու համար ստեղծել իր վրա իշխողներ, թագավորներ՝ հաճախ հաշվի չառնելով վերջիններիս կամքը (այդպես «ստեղծվեցին կեսարները, նափոլէոնները, հիտլերները, ստալինները»): Եվ՝ «ստալինների» բռնությունների իշխանությունից տուն, տեղ, ընտանիք ու հայրենիք թողած ու փախած «ազատասեր այլախոհը» առաջարկում է նույնը անել. «Ես կարծում եմ, որ ելնելով այսօրվա վիճակից, հայ ժողովուրդն էլ կարիք ունի թագ դնելու որեւէ կազմակերպության վրա եւ, դնելուց հետո, ինքը իր ձեռքով բարձրացնի այդ կազմակերպությունը պետության մակարդակի, այլեւս համարի նրան միակ իշխանը: Եվ եթե քննադատի, ապա քննադատի որպես կառավարություն, եթե գանգատվի, ապա գանգատվի ինչպես հորից են գանգատվում, եթե ապստամբի, ապա կառավարությունը առողջացնելու իմաստով, այլ ոչ լքելու ու հեռանալու… Իմ կարծիքով, այսօր միակ կազմակերպությունը, որ արժանի է այդպիսի թագադրման, Հ.Յ. Դաշնակցությունն է»: Ժողովրդական լեզվով ասած՝ ու՞մ ջանը հաճելիորեն խուտուտ չէր գա այս խոսքերից: Իսկ Դաշնակցության համար նաեւ ոչ սովորական վիճակ. նա, որ ծնված օրից պայքար է մղել, նաեւ արյուն է թափել «թագադրվելու» համար, հիմա ժողովուրդն ինքը իր կամքով պետք է գա ու նրան թագադրի՝ ցկեանս եւ անսահմանափակ իրավունքներով: Իսկ ինչո՞ւ հատկապես նրան: Որովհետեւ նա ունի բազմաթիվ առավելություններ, որոնցից Է. Հովհաննիսյանը թվարկում է ընդամենը յոթը: Թվարկվածների մեջ էլ կարեւոր է հատկապես հետեւյալը. ի տարբերություն մյուսների՝ այս «կուսակցության անդամներն ունեն բարձր անձնական բարոյականություն…»: Միայն չի հասկացվում՝ այս հատկանիշով առանձնացողնե՞րն են, որ դառնում են ՀՅԴ անդամ, թե՞ ՀՅԴ անդամ դառնալուց հետո են միանգամից օժտվում այս հատկանիշով: Մեր ազգային երջանկությունը Ըստ Է.Հովհաննիսյանի՝ Սփյուռքում նոր կազմակերպություն, ակումբ կամ թերթ ստեղծելը «հանցագործություն պետք է համարել»: Դժբախտաբար դա հնարավոր է լինում, եթե հիմնադրողն ունի համապատասխան գումար: Բայց՝ «Չէ՞ որ այդ գումարները շատ ավելի օգտակար ձեւով կծառայեին ազգին, եթե… տրվեին կենտրոնական մարմնին (Դաշնակցությանը): Նոր կազմակերպությունների ստեղծումը կարող է արդարացված լինել միայն մի դեպքում՝ «եթե այն հանդես է գալիս որպես ՀՅ Դաշնակցությանը աջակցող, միջնորդող, օգնող, խորհուրդ տվող եւ այլն»: «Բոլոր այդ կազմակերպությունները պետք է համաձայնեցնեն իրենց ծրագրերը ՀՅԴ-ի հետ, որը միակն է, որ ունի հավակնություն դառնալու ազգի ղեկավար մարմինը: Դա պետք է արվի ոչ միայն հանուն ընդհանուր ազգային շահերի, որը, իհարկե, գլխավորն է, այլ նույնիսկ նորաստեղծ կազմակերպության հաջողության համար, քանզի իմ խոր համոզմունքն է, որ Դաշնակցությունից դուրս, Դաշնակցությունից անկախ՝ ոչ մի հայ (իսկական հայ) կազմակերպություն հաջողություն չի կարող ունենալ: Եվ ես համարում եմ, որ այդ կացությունը ազգային երջանկություն պետք է համարել»: Միայն Դաշնակցությունն է, որ կարող է լինել այնպիսին՝ «որի մասին ամեն հայ մարդ կարողանա ասել. «Դու ես իմ միակ տերը»: Իսկ մյուս հի՞ն կազմակերպությունները Դրանք (Ռամկավար, Հնչակ, Համայնավար) կա՛մ, «հոգեկան այլասերվածության» արդյունք են, կա՛մ «կաշառվել են ուրիշների կողմից (դավաճանություն)», կա՛մ «եսամոլներ են»: «Ով հակադաշնակցական է, նա թուրքոֆիլ է»: Դրանց Է. Հովհաննիսյանը բարոյապես սպանում է այնպես, որից հետո պետք է որ երբեք ուշքի չգային, եւ ոչ մեկը նրանց մասին չհիշեր: Եվ դա անում է ոչ թե ինչ-որ գաղափարական ֆրոնտում, ինչին նրանք արժանի էլ չեն, այլ՝ զուտ կենցաղային մի ինֆորմացիա հաղորդելով, որ Սփյուռքում անհասանելի էր, ինքը դա բերել էր «այնտեղից». «Դեռ Խորհրդային Հայաստանում ինձ լավ ծանոթ մաքսատան աշխատողները (որ ՊԱԿ-ի աշխատակիցներ էին – Ս. Ս.) ասում էին բառացի հետեւյալը. «Էդ շան որդի դաշնակցականներից ոչինչ չենք կարողանում բռնել, նրանք այդ տեսակետից շատ ազնիվ են, իրենց հետ ոչ մի վաճառքի ապրանք չեն բերում: Դրանք իսկապես գալիս են հայրենիքը տեսնելու համար: Բայց էս մեր կողմի (այսինքն՝ պրոսովետական -Ս. Ս.) ռամկավարներին, հնչակներին ու համայնավարներին թողնես, հենց օդանավակայանում շուկա կբացեն: Սրանցից կիլոներով ապրանք ենք խլում, է՛լ ծամոն, է՛լ ոսկի, է՛լ խաչեր, է՛լ գուլպաներ, մի խոսքով՝ ամեն ինչ»: Ընդ որում այս իրականությունը (դաշնակները՝ հրեշտակներ, ռամկավարները, հնչակները, համայնավարները՝ ծամոնի սպեկուլյանտներ) գիտի նաեւ Հայաստանի կառավարությունը, որը «հոգու խորքերում (շատ խորքերում, ուր ԿԳԲ-ի ձեռքը չի հասնում) համակրում է Դաշնակցությանը, որը միակն է, որ իրավունք ունի եւ կարող է խոսել հայ ժողովրդի անունից, համենայնդեպս՝ Սփյուռքի անունից»: Ճիշտ է՝ այս անուղղելի «ձախակողմյանները» ծամոն ծախելով եւ իրենց գոյության փաստով իսկ չեն թողնում, որ լիակատար լինի «ազգային միասնությունը» ՀՅԴ-ի շուրջը, բայց «եթե հաշվենք» դրանց չնչին քանակը՝ «այնքան էլ մեծ ողբերգություն չէ, քանզի մեր դատի պայքարը հերոսների հերոսական պայքար է, իսկ կազմակերպված հերոսներ այսօր ընդունակ է տալ միայն Հ.Յ. Դաշնակցությունը»: Ճանապարհ դեպի ազգային արքայություն «Այդ իսկ պատճառով, մենք բոլորս՝ չեզոքներ, ոչ կուսակցականներ, ուրիշ կազմակերպությունների պատկանող ազնիվ երիտասարդներ, այսինքն՝ բոլոր այն հայերը, որ մտահոգված են ազգի ճակատագրով, պետք է ճանաչենք մեկ քաղաքական կազմակերպություն, որը կարող է լինել Հ.Յ. Դաշնակցությունը: Բոլոր այն հայերը, որոնք պատրաստ են պայքարի, որոնք այնքան ազնիվ են, որ չեն կարող ուրիշ կերպ ապրել, որոնց համար Հայ դատի հետապնդումը կյանքի միակ նպատակն է եւ իմաստը, պարտավոր են համախմբվել մեկ կազմակերպության շուրջը, որին փնտրողը շատ հեշտ կարող է գտնել, քանզի բոլոր ճանապարհները տանում են դեպի Հայ Հեղափոխական Դաշնակցություն»: Որ դարեր շարունակ «բոլոր ճանապարհները» տարել են ոմանց՝ Հռոմ, ոմանց՝ Տաճար, հայտնի է: Այսուհետ Դաշնակցությունը պետք է դառնար հայ ժողովրդի Հռոմն ու Տաճարը: Հոդվածն ունի Ավետարանից քաղված բնաբան. «Ոչ թէ ինծի ամէն «Տէ՛ր, Տէ՛ր» ըսողը երկնքի արքայութիւնը պիտի մտնէ, այլ ով որ երկնավոր Հօրս կամքը կկատարէ»: Վերջում՝ հասկանալի է դառնում. ՀՅԴ-ն է բոլոր հայերի Երկրավոր Հայրը, եւ նրա կամքը կատարողները միայն կմտնեն Ազգային Արքայություն: 2. Է. Հովհաննիսյանը եւ «Հայ դատը» Սեւ եկավ Սեւրի գլխին Էդվարդ Հովհաննիսյանը նաեւ ՀՅԴ «Հայ դատի» երեւանյան կենտրոնական գրասենյակի տնօրենն է: Նրա նոր բացատրությունները «Հայ դատի» եւ պահանջատիրության մասին՝ զարմանք եւ շփոթություն են առաջացնում: Մինչեւ այժմ Դաշնակցությունը «Հայ դատը» ներկայացնում էր որպես հետեւյալ խնդիրների ամբողջություն: Առաջին՝ աշխարհը կամ մեծ տերությունները ճանաչում են հայերի ցեղասպանության փաստը, ստիպում են, որ դա ճանաչի նաեւ Թուրքիան: Երկրորդ՝ այդ հիմքի վրա վերջինիս ստիպում են որպես փոխհատուցում վերադարձնել նաեւ պատմական հայկական հողերը: Սա նույնիսկ առանձին տերմինով կոչվում է «հողահավաք»: Երրորդ՝ այդ հողերը բնակեցվում են՝ աշխարհի տարբեր ծայրերում ցրված հայերին վերադարձնելով: Այս խնդիրն էլ կոչվում էր «ազգահավաք»: ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն էլ զբաղվում էին այս երեքից առայժմ «առաջին հանգրվանի» խնդիրը լուծելով: ՀՅԴ ծրագի՞րը, թե՞ Է. Հովհաննիսյանը Սակայն ավելի լավ է պարզապես համեմատենք ՀՅԴ համապատասխան ծրագրային դրույթները եւ Է. Հովհաննիսյանի մտքերը, որ բազմիցս հնչեցին հեռուստատեսությամբ եւ մամուլով («Իրավունք», 11.02.01): ա) ՀՅԴ ծրագիր. «Հայ դատը ունի պատմական, բարոյական, իրավական եւ քաղաքական հիմնական բոլոր կողմերն ու հիմնավորումները»: «Միջազգային օրենքը… արգելում եւ դատապարտում է ցեղասպանությունը ու մերժում ճանաչել ազգային հողամասերի բռնագրավումը եւ յուրացումը»: Է. Հովհաննիսյան. Մենք հողային պահանջատիրության որեւէ իրավական հիմնավորում չունենք: Ուժի իրավունքը այսօր ոչ միայն մեզ, այլեւ շատ ավելի հզոր երկրների իրենցից շատ ավելի թույլերի նկատմամբ անօգտագործելի է: Անօգտագործելի է «այսպես կոչված մշակութային իրավունքը»: Չի աշխատում նաեւ պատմական իրավունքը. «Իսկ ո՞վ է ասել, թե Կարսն, օրինակ, մերն է եղել: Կարսը տարբեր ժամանակներում Եղել է Ռուսաստանինը, Թուրքիայինը, Պարսկաստանինը, բայց մերը չի եղել»:«Հողը նրանն է, ով դրա վրա ապրում է»: Եթե տվյալ հողի վրա այսօր հայեր են ապրում՝ հայերինն է (Հայաստան, Արցախ, Ջավախք, Լոս-Անջելես), եթե թուրքեր են ապրում՝ թուրքերինն է (Արեւմտյան Հայաստան), եթե ադրբեջանցիներ են ապրում՝ ադրբեջանցիներինն է (Նախիջեւան): բ) ՀՅԴ ծրագիր. «Թուրքիայի կողմից հայ ազգի դեմ գործադրված եւ ցարդ անպատիժ մնացած ցեղասպանության ոճիրը պետք է դատապարտվի եւ դարմանվի բռնագրավված հողերի վերադարձով եւ վնասների արդար հատուցումով հայ ազգին»: Է. Հովհաննիսյան. «Մենք երիտթուրքերին այդ ո՞ր օրենքով ենք մեղադրում, եւ սկսում եմ իրավական հիմք փնտրել»: «Բայց ես պիտի գտնեմ իրավաբանական այն հիմքը, որով կարողանամ մեղադրել նրանց»: Ցեղասպանության ճանաչման փաստը չի կարող դառնալ այդպիսի հիմք: Է. Հովհաննիսյանը սառը ջուր է լցնում վերջերս առաջացած համարյա համազգային ոգեւորության վրա. նա համոզված է, որ Ֆրանսիայի քայլը իր՝ Ֆրանսիայի շահերից է բխում եւ կարող է ոչ մի կապ չունենալ մեր շահերի հետ: Նրա ասելով՝ Ֆրանսիան եւ եվրոպական մյուս երկրները մտավախություն ունեն, որ Թուրքիան Եվրամիության անդամ դառնալով, կարող է պարզապես կլանել ողջ Եվրոպան: Եվ ահա՝ նրան հայոց ցեղասպանության հարցը դեմ տալով միայն կանխում են այդ վտանգը: (Բայց սա արդեն ավելին է, քան հերետիկոսությունը, սա, կարծես թե, ապազգային «նախկինների» տեսակետն ու գնահատականն է…) գ) ՀՅԴ ծրագիր. «Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սեւրի դաշնագրով սահմանված հայկական հողերը, ինչպես նաեւ Նախիջեւանի, Ախալքալաքի եւ Ղարաբաղի շրջանները»: Է. Հովհաննիսյան. «Սեւրի դաշնագիրը ոչ մի պետության կողմից չի վավերացվել եւ այսօր դեռ(՞) իրավական փաստաթուղթ չէ»: «Այդ հողերը պահանջելու իրավաբանական իրավունքը Հայաստանն իսկապես չունի»: դ) ՀՅԴ ծրագիր. «Անկախ Հայաստանի հողի վրա պիտի համախմբվի հայությունը իր տարագիր զանգվածներով»: (Ծրագրում խոսքը բնականաբար «Միացյալ» Հայաստանի մասին է): Է. Հովհաննիսյան. Խիստ կասկածում է, որ աշխարհի տարբեր ծայրերում արդեն իրենց տուն ու տեղը դրած, կենցաղը կազմակերպած ու հեռանկարները ունեցող հայերը կգան այդ հողերում բնակվելու, եթե անգամ այդ իրավունքը նրանց տրվի: Ոչ թե հողերի, այլ՝ հայերի վերադարձ Ընթերցողի համար դժվար չէ նկատել, որ Է. Հովհաննիսյանը փաստորեն «ջրում» է Հայ դատի մասով ՀՅԴ ծրագրի բոլոր դրույթները՝ ներկայացնելով տրամագծորեն հակառակ գաղափարներ: Մասնավորապես, ըստ ՀՅԴ ծրագրի՝ գոյություն ունեն հողային պահանջատիրության բոլոր իրավական հիմքերը (պատմական, բարոյական, իրավական, քաղաքական), ըստ Է. Հովհաննիսյանի՝ դրանք իսպառ բացակայում են: Պարզապես զարմանալի է: Ընդամենը մեկ ամիս առաջ նման մտքերի հեղինակին, ով էլ նա լիներ, կհոշոտեր դաշնակցական, եւ ոչ միայն դաշնակցական, մամուլը, «ազգային մտավորականությունը»: Հիմա նրանք ո՞ւր են նայում: Եվ ո՞ւր է նայում նրա կուսակցությունը: Իսկ ո՞րն է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրենի նոր պատկերացումն իր խնամքին հանձնված Հայոց ամենամեծ խնդրի մասին: Ցեղասպանությունը ճանաչող բոլոր երկրները, ըստ Է. Հովհաննիսյանի, պետք է նաեւ փոխհատուցում պահանջեն հօգուտ հայերի: Բայց եթե հողային պահանջի իրավական հիմք չկա, ուրեմն ի՞նչ պետք է լինի այդ փոխհատուցումը: Է. Հովհաննիսյանը Քոչարյանի հիշատակած «բանկային հաշիվներին» ավելացնում է փոխհատուցման մի նոր տեսակ. «ՄԱ՛Կ, դուք պարտավոր եք վերականգնել հայերին մեր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը»: Այսինքն՝ հողերի վերադարձը նենգափոխվում է հայերի վերադարձով, (կարեւորն այն է, որ պահպանվում է վերադարձ բառի հիմքը): Ահա այնտեղ բնակվելով (որպես Թուրքիայի քաղաքացիներ), ավելանալով, բազմանալով է, որ հնարավոր է այդ հողերին տեր դառնալ, որ այդ հողերը դառնան «մերը» (ինչպես հիմա մերն է Լոս-Անջելեսը): Բայց այս խնդիրներից որեւէ մեկը կարծես թե կապ չունի ցեղասպանության ճանաչման փաստի հետ: Առանց դրա էլ համապատասխան փաստաթղթեր ունեցող մարդը չէ՞ր կարող բանկից ստանալ դարասկզբում իր պապի դրած ավանդը: Կամ՝ մի՞թե այդ հիմքի վրա է, որ այսօր Լոս-Անջելեսը «մերն» է: Իսկ աշխարհի հայերն էլ, նաեւ խնդրելու դեպքում, ինչպես իրավացիորեն համոզված է Է. Հովհաննիսյանը, կամավոր չեն գա այդտեղ ապրելու: Ստացվում է, որ ՀՅԴ «Հայ դատի» աշխարհով մեկ սփռված եւ բազմացող գրասենյակները, տասնամյակներ շարունակ հսկայական ֆինանսական եւ այլ միջոցներ կլանելով, զբաղվում են մի հարցով («ցեղասպանությունը ճանաչել տալ»), որի անգամ ամենաբարեհաջող ավարտի դեպքում՝ գործնական, առարկայական ոչինչ չենք ստանալու եւ չե՞նք ունենալու, բացարձակապես ոչի՞նչ… Նոր օպերա՝ Քոչարյանի լիբրետոյով Ընկ. Էդիկը փորձում է վիճակից դուրս գալ: Հղում է Ռ. Քոչարյանի՝ Սեւրի մասին ասած առաջին՝ «չաղավաղված» հետեւյալ միտքը. «Ուրիշ բան՝ Սեւրի դաշնագիրը, բայց դա արդեն ուրիշ օպերայից է»: «Ո՞ր» հարցին Հայ դատի տնօրենը պատասխանում է. «Այ էդ օպերան դեռեւս չգիտենք: Քոչարյանի նշած «ուրիշ օպերան» ներկայացնելու համար մենք այժմ կուտակում ենք տարբեր փաստաթղթեր, որպեսզի Հայաստանի կառավարությանը իրավունք տանք, որ մի գեղեցիկ օր միջազգային հանրությանը ներկայացնի իր պահանջները: Հենց հիմա մենք մշակում ենք այդ թղթածրարը»: Բայց սա էլ արդեն ուրիշ ժանրից է. բլեֆի կամ զավեշտի: Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՅԴ-ն ամբողջ 80 տարի, եւ մասնավորապես՝ ինչո՞վ են զբաղվել ՀՅԴ «Հայ դատի» այդքան ծախսատար գրասենյակները տասնամյակներ ի վեր, որ Սեւրի դաշնագրի համար գոնե իրավական հիմքեր (՞) չեն «հավաքել»: Կամ՝ ստացվում է, որ մինչեւ հիմա անհիմն, մատից ծծած փաստաթուղթ է եղել նաեւ ՀՅԴ ծրագիրը, որտեղ հստակ ասվում է, որ այդ հիմքերը կան: Ե՞րբ է Դաշնակցության ծրագրային հիմնադրույթերում այսպես արմատական հեղափոխություն ապրել «Հայ դատի» գաղափարախոսությունը: Համենայնդեպս՝ մինչեւ Ռ. Քոչարյանի չարաբաստիկ մի ելույթը Ստրասբուրգում եւ ավելի չարաբաստիկ մի հարցազրույցը թուրք լրագրողին, նման մտքեր հայտնելը ազգային դավաճանություն էր, ՀՅԴ շրջանակներում՝ հավասար կլիներ հերետիկոսության: Մի՞թե Քոչարյանի լեզվի ու մտքի մի քանի սայթաքումների պատճառով 110-ամյա կուսակցությունը արմատապես փոխում է իր 110-ամյա գաղափարախոսությունը եւ, միայն այդ սայթաքումները արդարացնելու համար ստիպված է «նոր օպերա» գրել: Նման պատվի ՀՅԴ պատմության մեջ մինչեւ այսօր հազիվ թե նրա ղեկավարներից որեւէ մեկն արժանացել է: Մի՞թե… Եթե սա հեղափոխություն է ՀՅԴ-ի մեջ, ապա այն իրո՛ք չափազանց արմատական է, այդչափ ավանդապաշտ կուսակցության համար՝ մահացու: Նրա միակ փրկօղակը մնում է վերոհիշյալ «թղթածրարը», որ Է. Հովհաննիսյանը նոր է սկսել հավաքել: Իսկ, գուցե, պարզապես օգտվելով չափազանց հարմար պահից, ՀՅԴ-ն իր «ամենամեծ արժեքը», որպես թանկ ապրանք, սեփականատիրո՛ջ իրավունքով, պարզապես ծախում կամ առաջարկում է Թուրքիային: Բառիս ո՛չ քաղաքական, այլ կոմերցիո՛ն նշանակությամբ: Չէ՞ որ վերջինս հիմա դրա համար պատրաստ է չափազանց թանկ վճարել… Իսկ գուցե Քոչարյանը ոչ թե ՀՅԴ «առաջնորդն» է (իրենք էլ դա չեն ընդունում), այլ այս գործում գտնված չափազանց հարմար բրոկերը… Հ. Գ. Ըստ Հայ դատի նոր կոնցեպցիայի՝ Թուրքիան որպես ցեղասպանության փոխհատուցում կատարում է մեկ քաղաքական պահանջ. իրավունք է տալիս իր նախկին քաղաքացիների հաջորդներին վերադառնալ իրենց պապերի բնակավայրերը: Ոչ մեկն անշուշտ չի վերադառնում (այստեղ Է. Հովհաննիսյանն իրավացի է): ՀՅԴ-ն եւս հարյուր տարի, «Հայ դատի» նորանոր գրասենյակներ բացելով (վերջին գրասենյակի բացման համար հավաքվեց 1 մլն դոլար), զբաղվում է Քոչարյանի համար Սեւրի դաշնագրի «իրավական հիմնավորման թղթածրարը» պատրաստելով: Իսկ Թուրքիան ազատորեն մտնում է Եվրոպա: Եվ գայլերն են կշտանում, եւ ոչխարները մնում անվնաս: Խե՜ղճ Եվրոպա… 3. Է. Հովհաննիսյանը եւ ընկերվարությունը երեկ եւ այսօր Ծանր երկընտրանքի առջեւ Նա Խորհրդային Միությունից փախել էր, որպեսզի հայրենասիրական իր մղումներին հագուրդ տա՝ ազատորեն զբաղվելով Հայ դատի խնդիրներով, ինչը նրան խանգարում էր անել ընկերվարական իրականությունը, դրանում ամեն տեսակ մարդկային եւ ժողովրդավարական իրավունքների բացակայությունը: Իսկ արտասահմանի եւ սփյուռքյան իրականության մեջ էլ (եթե մարդը «թուրքոֆիլ» կամ «հոգեպես այլասերված» չէ) մեկ տեղ կար, որտեղ կարելի էր զբաղվել դրանով՝ ՀՅԴ գրկում: Այդ էլ տեսանք: Եվ այս երկու պատմական իրողությունները ընկ. Էդիկի համար ստեղծեցին շատ նուրբ մի վիճակ. «Ինչպես շատ անգամ նշել եմ, ՀՅ Դաշնակցությունը համարում եմ միակ կուսակցությունը, որի հետ կապված է մեր ժողովրդի քաղաքական ճակատագիրը: Բայց այդ կուսակցությունը ընկերվարական է եւ, ուրեմն՝ արտահայտվել ընկերվարության դեմ՝ կնշանակեր արտահայտվել Դաշնակցության դեմ, որը չէի ցանկանում: Իսկ խղճիս դեմ արհեստականորեն գովաբանել ընկերվարությունը՝ չեմ կարող: Այստե՞ղ էլ թատրոն խաղամ: Էլ դուրս գալուս նպատակը ո՞րն էր: Դերասանություն այնտեղ էլ էինք անում, այն էլ գլխավոր դերում» («Ազդակ», 14.07.1974): Եղծ ընկերվարության Եվ ընդարձակ իր հոդվածում հիմնավորապես ջարդուխուրդ է անում ընկերվարության գաղափարախոսությունը ու նրա բոլոր դրսեւորումները, ցուցադրում ՀՅԴ նպատակների հետ դրա անհամատեղելիությունը: Ահա նրա հիմնական թեզերը. ա) Ընկերվարությունը չի կարող ունենալ տարբեր ձեւեր. «Ընկերվարությունը որպես պետական կառույցի ձեւ, համամարդկային չէ, նա չի կարող վերաբերվել բոլոր ժողովուրդներին»: Եթե այն հարմարեցվում է որեւէ ազգի առանձնահատկություններին, ապա դադարում է այդպիսին լինելուց եւ դառնում է ամենաշատը՝ «մասամբ ընկերվարություն»: «Հիտլերը իր ընկերվարությունը կոչեց ազգային ընկերվարություն, իսկ այժմյան Հնդկաստանում գործում են կրոնական ընկերվարականները: Ընկերվարությունը իր միակ եւ իրական ձեւով անխուսափելիորեն ծնում է դիկտատուրա: բ) Ընկերվարությունը չի կարող լինել անարդարությունների վերացման միջոց. Գոյություն ունեցող անարդարությունները կապ չունեն «մարդկության ոչ կատարյալ կազմակերպվածության հետ: Մարդկանց տնտեսական վիճակի բարելավումը (ինչը խոստանում է ընկերվարությունը) չի լուծի այդ հարցը, ընդհակառակը՝ «այն կջնջի մարդու իսկական էությունը եւ կայլասերի նրան»: «Թող լինեն աղքատներ եւ հարուստներ, նրանց գոյությունը անխուսափելի է, ճիշտ այնպես, ինչպես անխուսափելի է գեղեցիկ ու ոչ գեղեցիկ կանանց գոյությունը, ուժեղ եւ թույլ տղամարդկանց գոյությունը, խելոք եւ անխելք մարդկանց գոյությունը»: «Արդարություն, եղբայրություն, հավասարություն բառերի տակ մենք միայն քողարկում ենք մեր տգիտությունը հասարակության լավագույն կեցության մասին»: Անարդարությունների հիմքը գտնվում է մարդու «հոգեկան ասպարեզում», ուստի՝ «չեմ կարող համաձայնվել ընկերվարական ու համայնավարական տեսակետների հետ պատմական զարգացման վերաբերյալ»: գ) Ընկերվարությունը այլ բան չէ, քան համայնավարության առաջին փուլ. Ընկերվարության «Ամեն մեկից՝ ըստ հնարավորության, ամեն մեկին՝ ըստ պահանջի» կարգախոսը դեռ խոստացված արդարությունը եւ հավասարությունը չի ապահովում եւ, բնականաբար, ինչ-որ մի պահի անցում պետք է կատարվի «Ամեն մեկից՝ ըստ ընդունակության, ամեն մեկին՝ ըստ պահանջի» թեզին: «Այսպես տրամաբանորեն ընկերվարությունը դառնո՛ւմ է համայնավարության առաջին փուլը: Իսկ համայնավարության հետ ես չեմ կարող համաձայնվել»: «Փառք Աստծո, դեռ գոյություն ունի իդեալիստական գաղափարախոսությունը, որը ինձ համար ավելի համոզեցուցիչ է, ուստի ես չեմ կարող ընդունել համայնավարության մատերիալիզմը»: դ) Ընկերվարությունը ոչինչ չունի տալու Հայ դատին. Բախի եկեղեցական երաժշտությունը հայրենասեր հայի ականջին պետք է հնչի որպես «օտար աղմուկ», որպես հոգեւոր երաժշտություն նա պետք է ընկալի միայն Կոմիտասի գործերը, պետք է ունենա «մեր դատին նպաստող երաժշտության ընկալում»: Ընկերվարությունն էլ նման օտար աղմուկ է, եւ ոչինչ չունի տալու Հայ դատին: Այն չի կարող նաեւ դիվանագիտական առումով որեւէ օգուտ տալ: Հեղինակը վճռականորեն համոզված է, որ եթե Դաշնակցության խնդիրը «Անկախ», կամ թեկուզ ոչ անկախ, այլ առայժմ «Միացյալ» Հայաստան ունենալն է, ապա՝ «նրա համար ընկերվարությունը, ինչպես նաեւ մնացած բոլոր «վար»ությունները ավելորդ բառեր են եւ չեն կարող կազմել կուսակցության էությունը»: «Թող ների ինձ իմ կողմից շատ հարգված դաշնակցությունը, բայց ես առանց մի տեսակ ամոթի եւ նույնիսկ վրդովմունքի չեմ կարողանում տեսնել՝ ինչպես լուրջ մարդիկ տոնակատարությունների ժամանակ լսում կամ երգում են «Մշակ, բանվոր»: Ի՞նչ մշակ, ի՞նչ բանվոր, ի՞նչ ընկերվարություն, ի՞նչ ինտերնացիոնալ, ի՞նչ եք կորցրել, ինչի՞ մասին եք երգում… Դաշնակցության համար դա աններելի շռայլություն է»: Մեղմացուցիչ դե՞պ… չեղավ Միայն երկու պայմաններից որեւէ մեկի դեպքում է, որ Է. Հովհաննիսյանը կարող էր ընդունել ընկերվարության կապը Դաշնակցության հետ: Առաջին. «Եթե անպայման ուզում եք լինել ընկերվարական, ով գիտե, գուցե հնարավոր է ստեղծել մի հատուկ՝ հայկական ընկերվարություն, որից անմիջականորեն բխի մեր Դատը»: Այս պայմանը բնականաբար չկատարվեց եւ ՀՅԴ ծրագրում ընկերվարությունը մնաց այնպես, ինչպես կար: Եվ հարցադրումն էլ, ինչպես տեսնում ենք՝ հռետորական է: Երկրորդ. եթե ասեն, որ «ընկերվարությունը ոչնչով չի օգնում մեր Դատին, բայց չի էլ խանգարում: Որ մեր ընկերվարական լինելը մեզնից ոչ մի լրացուցիչ ուժ չի պահանջում եւ պահպանվում է միայն որպես ավանդույթ, որպես հարգանք կուսակցության հիմնադիրների նկատմամբ»*: Նրան պատասխանեցին անմիջապես, իր իսկ հոդվածին խմբագրության կցած խոսքում. «Որպես ավանդույթ չէ, որ Հ.Յ. Դաշնակցությունը կպահե իր ընկերվարական համոզմունքները, ոչ ալ պարզապես հարգած ըլլալու համար իր հիմնադիրներու հիշատակը, այլ որովհետեւ համոզված է, թե ԻՐԱԿԱՆ ընկերվարությունը ընկերային արդարութան առաջնորդող ճամբա է…»: Սա հրաշք է, կամ… Ընդ որում՝ Է. Հովհաննիսյանի առարկություններն ընկերվարության դեմ ամենեւին էլ հայտարարությունների եւ հայհոյանքների մակարդակով չեն: Ընդհակառակը՝ դրանք հենվում են հին հունական փիլիսոփաներից սկսած մինչեւ ուտոպիստ սոցիալիստներ, մինչեւ Հեգել եւ նորօրյա նշանավոր տեսաբանների տրամադրած նյութի քննարկումով, համաշխարհային փորձի ամփոփումով: Այսինքն՝ նրա խոր համոզվածությունը այս հարցում հենված է որոշակի, հաստատուն գիտելիքների վրա եւ որեւէ կասկած չի հարուցում: Ընդ որում՝ նրա առարկությունները նաեւ համակողմանի են, այնպես որ, հեղինակի համար տեղ չեն թողնում, որով հետագայում կարողանա բացատրել այդ համոզմունքները թողնելու, առավել եւս՝ տրամագծորեն հակառակ համոզմունքների հանգելու պարագան: Որքան այսօր համոզիչ է հնչում ընկերվարության՝ որպես ՀՅԴ արժեքի, Է. Հովհաննիսյանի ջատագովումը, համաձայնենք՝ նույնքան համոզիչ, նույնիսկ հուզիչ է նրա այս՝ ճիշտ հակառակ համոզմունքը 1974-ին: Հիշենք, որ նա երկիրը լքեց որպես հասուն, լրիվ ձեւավորված, գիտ. դոկտորի աստիճան ստացած, իր քաղաքական հայացքներով լրիվ կազմավորված մարդ, ընդ որում՝ հենց իր հակաընկերվարական հայացքների պատճառով: Ինչպես կարելի է բացատրել այս ամենը: Բացատրության հնարավոր տարբերակներն են. ա) ԽՍՀՄ-ը թողնելը ամենեւին էլ քաղաքական դրդապատճառներ չի ունեցել, բ) Է. Հովհաննիսյանը ինչ-որ պահից արտասահմանում նորից սկսել է «թատրոն խաղալ», գուցե եւ նորից «գլխավոր դերում» եւ խաղում է մինչեւ այսօր, գ) նրան համոզված հակաընկերվարականից ինչ-որ պահի դարձրե՛լ են, ոչ թե ինքն է դարձել, համոզված ընկերվարական, դ) հրաշքի տարբերակը թերեւս չարժե քննարկել: Հ.Գ*. Նկատենք մի բնորոշ փաստ. Է. Հովհաննիսյանը չի իմացել ՀՅԴ պատմության ամենակարեւոր առանցքային փաստերից մեկը: Ընկերվարությունը որեւէ կապ չի ունեցել ոչ այս կուսակցության հիմնադրման, ոչ էլ հիմնադիրների հետ: Այդ գաղափարախոսությունը ՀՅԴ-ն խիստ գործնական խնդիր լուծելու համար որդեգրեց 15 տարի անց՝ 1905-06թթ. հեղափոխական շրջանում: Հետաքրքիր է, որ այդ կարեւոր փաստը անգիտացել է նաեւ «Ազդակ»-ը: 4. Է. Հովհաննիսյանը եւ հեղափոխականությունը Այսպիսով՝ Է. Հովհաննիսյանը ՀՅԴ «մեծագույն արժեքներից» մեկի՝ ընկերվարության հետ անհաղթահարելի պրոբլեմ է ունեցել ժամանակին եւ անհասկանալի է մնում, թե ինչպես է հաղթահարել: Մյուսի՝ Հայ դատի հետ, լուրջ պրոբլեմներ ունի այսօր: Երրորդ «արժեքի»՝ հեղափոխականության հետ բոլորովին այլ է իրավիճակը: Փախչելով առաջին հերթին խորհրդային բռնատիրությունից, որտեղ բացակայում էին ամենատարրական ժողովրդավարական իրավունքները եւ ազատությունները, ընկնելով ազատ աշխարհ եւ Դաշնակցության երանելի գիրկը, Է. Հովհաննիսյանը եւս մի անակնկալ մատուցեց ՀՅԴ-ին: Վերջինիս հիմնական պրոբլեմներից մեկն այն էր, որ կարողանա ներկայանալ որպես ժողովրդավարական սկզբունքներ ունեցող կառույց: Ժողովրդավարությունը հակացուցված է հայությանը Նոր երկրպագուն եկավ ու ասաց հակառակը. «ժողովրդավարությունը հայկական տեսակետից բոլորովին ընդունելի չէ», «դեմոկրատական սկզբունքները թուլացնում են Դաշնակցությունը»: «Ժողովրդավարությունը պետք է նրանց, ովքեր փորձում են չդիպչել անձի ազատությանը, հարմարեցնել անձնական տեսակետները ընդհանուր նպատակին: Բայց մեր պայքարում մենք ընդհանրապես պարտավոր ենք մոռանալ մեր Ես-ը: Համենայնդեպս, միայն Ես-ը մոռացած հայից կարող է կազմվել պայքարողների բանակը»: Եվ օգնության է կանչում Նիկոլ Դումանին. «Նիկոլ Դումանին շատ կվրդովեցներ մեզ թուլացնող մեր այս ժողովրդավարությունը» (Ազդակ, 14.07.74): Ի տարբերություն «ընկերվարության», ժողովրդավարության մասին իր այս տեսակետում Է. Հովհաննիսյանը մինչեւ այսօր էլ մնացել է հաստատուն եւ անկոտրում: Կենսագրական ֆիլմում նա նույնն է ասում: Եվ բերում է փաստարկներ. ամբողջ աշխարհը չէ, որ ընդունում է ժողովրդավարությունը, մեծ մասը չի ընդունում, օրինակ՝ մեկ միլիարդից ավելի Չինաստանը, նույնքան՝ Հնդկաստանը, մուսուլմանական աշխարհի մեծ մասը…: Դա նրանք անում են՝ ելնելով իրենց ազգային շահերից: Ահա՝ մեր ազգային շահերն էլ են պահանջում հրաժարվել ժողովրդավարությունից, նրանց կողքին է մեր տեղը: Իսկ ժողովրդավարությունը որոշ երկրներ հորինել են մյուսներին ճնշելու համար: Այս հարցին պատահաբար չանդրադարձանք: Առայժմ հիշենք կարեւոր մի միտք. «պայքարել կարող են Ես-ը մոռացած մարդիկ»: Ահաբեկչությունը որպես ուղիղ ճանապարհ Չենք փորձի բացատրել, թե երբ ինչ է նշանակել «հեղափոխականությունը» այս կուսակցության համար: Ասենք միայն, որ դա բնորոշում է տվյալ կազմակերպության գործելակերպը, պայքարի միջոցների բնութագիրը, որոնց գործադրմամբ պետք է հասնի իր ծրագրային նպատակների իրականացմանը: ՀՅԴ-ն իր հիմնական նպատակը հռչակել էր արեւմտահայության ազատագրումը ճնշումներից, ավելի ճիշտ՝ հայտնի 61-րդ հոդվածի իրականացումը: Իսկ «միջոցների» մեջ ի սկզբանե (առաջին ծրագրում) առանցքային տեղ էր գրավում ահաբեկչությունը, որ նախատեսված էր թուրքերի, բայց ոչ միայն նրանց համար. «տեռորի ենթարկել կառավարական մարդկանց, մատնիչներին, դավաճաններին, վաշխառուներին եւ ամեն տեսակ հարստահարիչներին»: Սակայն, դարձյալ ի սկզբանե, տեռորը որպես պայքարի ձեւ լայնորեն օգտագործվել է նաեւ բոլորովին այլ միջավայրում եւ բոլորովին այլ հարցեր լուծելու համար: Այդ է վկայում քաջատեղյակ ժամանակակիցը, այս կուսակցության երկարամյա անդամ ու հմուտ պատմաբան Լեւոն Չորմիսյանը. «Հնչակյան եւ դաշնակցական կուսակցություններու կողմե հազվագյուտ չեն հայ ներքին կեանքին մեջ կատարված ահաբեկումները, մահափորձերը, որոնցմե ոմանք բոլորովին անարդար, անհիմն եւ անտեղի կերպով: Ընթացիկ գործունեության մեթոտի վերածված էր մահափորձը, նույնիսկ լոկ գաղափարական պայքարներու մեջ իբրեւ զենք գործածվելով: Գաղափարական հակառակորդ մը, երբեմն կուսակցական ղեկավարի մը կամ մարմնի մը տարակարծիք եւ անհաշտ ընկեր մը լռեցնելու միջոց համարված եւ գործ դրված է մահափորձը, խուլ դժգոհություններու եւ բողոքներու առիթ ստեղծելով եւ արատավորելով կազմակերպություններուն բարոյական դիմագիծը իսկ»: Այստեղ խոսքը մի քիչ ավելի հին շրջանին է վերաբերում: Բայց այս «արժեքը» կարծես թե պահպանվել եւ կիրառվել է միշտ: «Ես-ը մոռանալը»՝ անհրաժեշտ պայման Մի քանի տարի առաջ իր անվան մեջ «հեղափոխական» բառը այս կազմակերպության որոշ անդամներ փորձում էին ներկայացնել պարզապես որպես «պատմական կատեգորիա», որի տակ այլեւս իրական ոչինչ չկա: Երդվում էին, որ այն ամենեւին չի նշանակում, թե իրենք կարող են իշխանության հասնելու համար դիմել ոչ սահմանադրական՝ «հեղափոխական» մեթոդների, առավել եւս՝ դրա տակ ահաբեկչական գործելակերպ չկա թաքնված: Իսկ ավելի ուշ՝ անգամ սպառնում էին դատի տալ նրանց, ովքեր ՀՅԴ -ն «իր նպատակներին հասնելու համար» նաեւ ահաբեկչությամբ զբաղվող կառույց կհամարի: Ճիշտ է՝ «Դրոյից» հրաժարվեցին, բայց նույն այդ գործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանի պաշտպանության կոմիտեն իր մի հայտարարության մեջ հստակ ասում է, որ նա եւ նրա հետ մյուս դատապարտվածները «նվիրվել էին ՀՅԴ-ին՝ հանձնելով իրենց սեփական «ես»-ը: Ապա ավելացնում, որ «Դրոն» դաշնակցության բռունցքն էր», դրանից հրաժարվելը գնահատում որպես հրաժարում հեղափոխական գործելակերպից, «որը դաշնակցության ոգին է» (Առավոտ, 06.04.2000): Իսկ ինքը՝ Արմենակ Մնջոյանը, բանտից գրած իր հոդվածում նույնքան հստակ խոսում է հանրապետության առաջին նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դեմ ՀՅԴ կողմից ժամանակին կազմված ահաբեկչական ծրագրերի մասին: Այստեղ եւս ուշադրություն դարձնենք «ես»-ը մոռանալ կամ «ես»-ը հանձնել արտահայտությանը: Եվ Էդիկ Հովհաննիսյանը հեռուստազրույցներից մեկի ժամանակ, տեղի տալով հաղորդումը վարող Ա. Աբրահամյանի համառ հարցերին՝ «հեղափոխականություն» կոչվող արժեքի մասին, բացահայտ ընդունեց հետեւյալը. ՀՅԴ-ի համար իր նպատակները վեր են ամեն ինչից եւ դրանց հասնելու համար եթե մյուս միջոցները արդյունավետ չեն, ապա կարող է դիմել ոչ օրինական միջոցների, այդ թվում՝ նաեւ ահաբեկչության: Այսքան հստակ, կարծես թե առաջին անգամ էր հնչում այս խոստովանությունը: Այսպիսով, ըստ Է. Հովհաննիսյանի, ժողովրդավարությունը հակացուցված եւ վնասակար է մեր ազգային շահերին եւ մասնավորապես ՀՅԴ-ին: Վերջինիս պայքարի հաջողության համար անհրաժեշտ են «ես»-ը մոռացած մարդիկ: Ահաբեկչության, իհարկե, կարող են գնալ միայն «Ես-ը մոռացած մարդիկ»: Ահաբեկչության կարելի է նաեւ ուղարկել «Ես-ը մոռացած մարդկանց»: Դա հերոսության դրսեւորման բարձրագույն մակարդակն է: Անհրաժեշտ է միայն, որ Նպատակի քուրմերը, ըստ իրենց ճաշակի, «Ես-ը մոռացածին» ցույց տան, թե ով կամ ովքեր են «ազգի թշնամին», «դավաճանը», «թուրքոֆիլը», «արյուն ծծողը»… ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆ «Առավոտը» պատրաստակամ է տպագրել նաեւ ~Էդվարդ Հովհաննիսյանի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել