Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ Քրեադատավարական օրենսգրքում իր գրանցումն է ստացել 143 հոդվածը, որը վերաբեր

Ապրիլ 21,2001 00:00

Դատարանը գրավին չի հավատում Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ Քրեադատավարական օրենսգրքում իր գրանցումն է ստացել 143 հոդվածը, որը վերաբերում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողներին գրավով կալանքից ազատելուն։ Քաղաքակիրթ աշխարհում լայն կիրառում ունեցող այս նորմը մեր երկրում զարմանալիորեն հանդիպել է դատավորների անբեկանելի հակակրանքին։ Խոսուն մի փաստ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 7 դատավորներից այս տարիների ընթացքում միայն մեկն է օգտագործել 143 հոդվածը հօգուտ մեղադրյալի, այն էլ ընդամենը երկու դեպքում։ Ըստ փաստաբան Զարուհի Դանիելյանի՝ շատ անգամ մերժելով գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունները, դատարանը խախտում է առողջ բանականության բոլոր կանոնները, իսկ երբեմն նաեւ օրենքի տառը։ Օրինակները անթիվ են։ Մոտ մեկ ամիս առաջ առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի վաճառք իրականացնելու համար ձերբակալվում է ոմն Աշոտ Մնացականյան։ Գործող քրեական օրենսգրքով նրան սպառնում է 1-3 տարի ազատազրկում եւ կատարված հանցանքը, այսպիսով, դասվում է իբրեւ ոչ ծանր։ Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատավորը երեք անգամ մերժում է ծխախոտավաճառին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունները։ Երկու անգամ դատավորի վճիռները բողոքարկվում են վերաքննիչ դատարանում եւ, ինչպես կռահում եք՝ անարդյունք։ Աշխարհի մեր ամենաարդար դատարանները հավանաբար համոզված են, որ սիգարետի տուփին դրոշմանիշի բացակայությունը վտանգի տակ է դնում ողջ հայ հասարակությանը։ Այնպես որ, անհաջողակ գործարարին պետք է պահել հավանական մարդասպանների եւ ավազակների հետ։ Գրավին անվստահորեն են վերաբերվում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում։ Երկու անգամ Շիրակի դատարանի դատավորները մերժեցին եղբայրներ Ալեքսան եւ Հրաչյա Մանուկյաններին գրավով ազատ արձակելու դիմումները, չբերելով ոչ մի էական փաստարկ։ Ընդ որում, եղբայրներին մեղադրում էին հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու համար, ինչը պատժվում է առավելագույնը մեկ տարի կալանքով։ Մի քանի ամիս մեկուսարանում Մանուկյաններին պահելուց հետո դատարանը ազատ արձակեց նրանց՝ ապացույցներ չունենալու պատճառով։ «Եթե օրենսդիրը նախատեսել է գրավի հասկացությունը, ապա դատարանը չի կարող անտեսել այդ հանգամանքը։ Իսկ առայժմ կարելի է խոսել 143 հոդվածի համատարած սաբոտաժի մասին»,- փաստում է տիկին Դանիելյանը։ Հարկ է նշել, որ օրենքը սահմանում է գրավի նվազագույն սահմանը միայն. 400 դոլար՝ ոչ մեծ ծանրության հանցանքի համար եւ 800 դոլար՝ միջինի դիմաց։ Եթե մեղադրյալը փորձի թաքնվել արդարադատությունից, ապա գրավը անմիջապես դառնում է պետության սեփականությունը։ Անառարկելի է, որ 143 հոդվածի արդյունավետ օգտագործման շնորհիվ կարելի է փրկել բազմաթիվ մարդկանց անհարկի անախորժություններից, եթե կարելի է այսքան մեղմ որակել մեկուսարանում ամիսներ պահվելու հաճույքը։ Պետբյուջեն, իր հերթին, կտնտեսեր զգալի գումարներ՝ ազատվելով աննշան զանցանք հավանական կատարողներին կալանքում պահելու ծախսերից։ Էլ չենք ասում կարգազանց կասկածյալների գրավներից առաջացած եկամտի մասին։ Մնում է միայն տարակուսանք հայտնել մեր դատարանների ընտրած դիրքորոշման վերաբերյալ։ Մի՞թե երրորդ իշխանությունը անտարբեր է միաժամանակ ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ բյուջեի շահերի նկատմամբ։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել