ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԸՆԹԵՐՑՈ՞ՒՄ Դատաիրավական բարեփոխումների բաղկացուցիչ մաս է նաեւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» ընդունումը, որի նախագիծը ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է 2000թ. հունիսից։ Այս օրենսգրքի ընդունումով ուժը կորցրած է ճանաչվելու «ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգիրքը», որը գործում է առայսօր եւ նույնքան զառամյալ ու անհեթեթ է, որքան «ՀՀ քրեական օրենսգիրքը»։ Թվում է՝ օրենք դառնալու հավակնություն ունեցող հիշյալ նախագիծը պետք է հաշվի առներ հանրապետությունում գործող ե՛ւ հիմնական, ե՛ւ հարաբերությունների այդ ոլորտը կարգավորող օրենքներում ամրագրված սկզբունքները։ Բայց, ըստ օրենսդիր մարմնում այս ոլորտը կարգավորելուն կոչված օրենքների ընդունման սովորույթի, այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախկինից, քանի որ պարզապես արտագրվել է հնից, ենթարկվել որոշակի շպարումների եւ նմանվել դիմափոշու ու այլնի անճաշակ օգտագործման շնորհիվ շրջապատում աչք ծակող հայտնի կանանց։ Օրենքի այս նախագծում ամրագրված նորմերը նախեւառաջ ակնհայտ հակասում են ե՛ւ ՀՀ գործող Սահմանադրությանը ե՛ւ ՀՀ քր. դատավարության օրենսգրքին։ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ։ Օրենքի նախագիծը ոչ միայն անտեսել է վերոհիշյալ սահմանափակումների կիրառման իրավունքը «միայն դատարանին» պատկանելու սահմանադրական պահանջը, այլեւ իր վրա է վերցրել սահմանադրության վերաձեւման պարտականությունը՝ … դատապարտյալների նամակագրության եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սահմանափակումն ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող է կատարվել հիմնավոր կասկածների առկայության դեպքում (նախագիծ հ. 106)։ Այս հոդվածի առկայությունը ենթադրում է դատապարտյալների ե՛ւ նամակների գաղտնաընթերցում, ե՛ւ խոսակցությունների գաղտնալսում, ընդ որում, այս դեպքում պահպանվում է վարչակազմի իրավունքը՝ ցանկացած խոսակցություն (նամակ) դիտել որպես հիմնավոր կասկած (ինչո՞ւմ)։ Եթե խոսքը վերաբերում է նոր հանցագործությունների կազմակերպմանը կամ կատարմանը, ապա այդ գաղտնալսումները (ընթերցումները) չեն կարող կիրառվել որպես ապացույցներ, քանի որ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով։ Մնում է մեկ նպատակ՝ տեսադաշտում պահել դատապարտյալի անձնական կյանքը, որն այս դեպքում եւս կհակասի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածին՝ արգելվում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը եւ տարածելը։ Սահմանադրական նորմերի խախտման այս շքերթում նախատեսված է միայն մեկ բացառություն, երբ պահպանվում է հիմնական օրենքի պահանջը՝ «դատապարտյալների՝ դատախազությանը հասցեագրված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները գրաքննության ենթակա չեն» (նախագիծ հ. 83)։ Եթե հիշենք, որ ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով «արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից եւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ այլ անօրինական գործողությունների միջոցով», ապա ուղղիչ հիմնարկի վարչակազմը կհայտնվի բանալու անցքից նայողի կարգավիճակում։ Վարչակազմին պատճառած այս «բարոյական վնասը» նախագիծը փոխհատուցել է 83-րդ հոդվածով՝ «դատապարտյալների՝ պատիժներ կատարող հիմնարկների եւ մարմինների վարչակազմի որոշումների եւ գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները չեն կասեցնում այդ որոշումների եւ գործողությունների կատարումը»։ Այլ կերպ ասած՝ գաղտնաընթերցման (լսման) իրավունքը եւ հիշյալ հոդվածի առկայությունը վարչակազմին տալիս են դատապարտյալի ցանկացած իրավունքը խախտելու եւ պատասխանատվություն չկրելու լիակատար հնարավորություն, իսկ եթե սրան ավելացնենք նախագծի՝ դատապարտյալին հասարակությունից պարտադիր մեկուսացման պահանջը եւ նրան տուգանային մեկուսարանում կամ պատժախցում անընդմեջ պահելու հստակ հնարավորությունը, ապա պատկերն ավելի քան պարզ կլինի՝ շարունակվելու են մարդու հիմնարար իրավունքների համատարած խախտումը, կիրառվող ֆիզիկական բռնությունները, կտտանքները, «գործ սարքելը» եւ առայսօր այս ինկվիզիցիոն համակարգին «փառք ու պատիվ» բերած երեւույթները։ Քր. կատարողական օրենսգրքի նախագիծն աչքի է ընկնում նաեւ Գինեսի գրքում որպես անհեթեթության նմուշ գրանցվելու հակում ունեցող նորմերի առկայությամբ։ Օրինակ, ցանկացած դատապարտված, եթե ՀՀ քաղաքացի չէ, դառնում է ՀՀ քաղաքացի՝ «Պատժի կրումից ազատված անձինք օգտվում են այն իրավունքներից եւ կրում են այն պարտականությունները, որոնք սահմանված են հանրապետության քաղաքացիների համար», այս «հանճարեղ» նորմը եզրափակվում է մեկ այլ արտահայտությունով՝ «բացառությամբ դատվածություն ունեցող անձանց համար օրենքով նախատեսված սահմանափակումներից»։ Իրո՛ք, մերն ուրիշ ա՛։ Այստեղ պարզապես ի հայտ է գալիս այսօր առկա, չհրապարակված, բայց գործող օրենքների գոյության փաստը, որոնք դատվածություն ունենալու պատճառաբանությամբ սահմանափակում են քաղաքացիների ինչ-ինչ իրավունքներ, մոռանալով, որ քաղաքացու այս կամ այն իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի կողմից, իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերն իրավական ուժ չունեն։ Նախագծի 139-րդ հոդվածն ավելի հեռուն է գնում. չբավարարվելով քաղաքացու իրավունքների կամային խախտումներով, սահմանում է՝ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական տեսչության կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարի սահմանած կարգով։ Հետաքրքիր է, եթե անձը կատարած արարքի համար պատիժը կրել է եւ պատժից ազատվել, ի՞նչ տրամաբանությամբ եւ նպատակներից ելնելով է, որ մարդկանց կյանքի ու ապրելակերպի շուրջ սարդոստայն է հյուսվում։ Նախագծում բացակայում է դատապարտյալի իրավունքների պաշտպանման որեւէ մեխանիզմ, անձի նկատմամբ թույլ տրված ոտնձգությունները ոչ թե բացառող, նույնիսկ սահմանափակող որեւէ գործուն միջոց։ Ռեժիմի դասակարգման հիմքում ընկած են դեռեւս խորհրդային ժամանակներում գործող սկզբունքները, որոնք ծառայել ու մինչեւ օրս ծառայում են մարդու մեջ անհատականությունը ոչնչացնելու, բազմահազար մարդկանց առողջությունը քայքայելու, հասարակությունը անաշխատունակներով եւ հաշմանդամներով, իսկ հանցագործ աշխարհը նոր դեմքերով համալրելու միջոց։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ