Լրահոս
Օրվա լրահոսը

Կամա թե ակամա

Ապրիլ 21,2001 00:00

Հանցանքը հանցանք է Կամա թե ակամա Ապրիլի 17-ին լրացավ «Լեզվի մասին ՀՀ օրենքի» ընդունման 8 տարին։ Վերջերս այս օրենքի դեմ հետեւողական, ծրագրված պայքար են իրականացնում առանձին պաշտոնյաներ, քաղաքական ուժեր եւ գործիչներ։ Նրանք խոսում են եվրոպական չափանիշներից, մարդու իրավունքներից, առաջադիմությունից՝ միտումնավոր աղավաղելով այդ հասկացությունները։ Եվրոպական չափանիշներից խոսելիս տեսնենք, թե ինչ լեզվաքաղաքակականություն են վարում ամենաօրինակելի եվրոպական երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, որի ազգային արժեքների կորստի վտանգը աննշան է։ Այս երկիրը ունի լեզվապահպանության, լեզվաքարոզչության հզոր նախարարություն եւ կիրարկում է մի օրենք, որի ազգապահպան դրույթներն ավելի խիստ են ձեւակերպված։ Ոչ մի օտար լեզու չի կարող ֆրանսերենից խլել պետական լեզվի առաջնային գործառույթը՝ կրթության, դաստիարակության լեզու լինելը։ Իսկ այժմ՝ գործող օրենքի իրավական, բարոյահոգեբանական եւ մարդասիրական ամբողջականության մասին։ Օրենքը ներառում է անկախ պետականության գոյության սկզբունքը՝ պետական լեզվի գերակայության դրույթը, ՀՀ այլազգի քաղաքացիների՝ իրենց ազգային լեզուն իմանալու, մշակույթը պահպանելու իրավունքը, ՀՀ բոլոր քաղաքացիների օտար լեզուներ սովորելու պայմանների ապահովումը։ Ըստ գործող օրենքի՝ ՀՀ-ում տարազգի քաղաքացիների լեզվական իրավունքները ոչ միայն չեն արհամարհվում, այլեւ բնականոն, քաղաքակիրթ պայմաններ են ստեղծված նրանց ազգային, քաղաքացիական եւ միջազգային իրավունքներն ապահովելու համար (հոդված 1-ի 4-րդ պարբ., հոդված 2-ի 2-րդ պարբ.)։ Որքան էլ օրենքը վատաբանեն, կարծում ենք՝ չեն կարող ժխտել, որ մեր դպրոցներում պետական ծրագրով նախատեսված է երկու օտար լեզվի պարտադիր ուսուցում, եւ օրենքն այդ չի արգելում։ Անցյալից ժառանգած ազգային կենսադաշտի աղավաղումներին ավելանում են նորերը։ Ուսուցման, դաստիարակության մի շատ վտանգավոր, խառնաշփոթ կրթաեղանակ է արմատավորվում կրթության եւ գիտության նախարարության՝ չափի զգացողությունը կորցրած մի քանի պաշտոնյաների ջանքերով։ Այս կրթատեսակը, որ կոչվում է երկլեզու (բազմալեզու) կրթություն, անաչառ մասնագետները որակում են «ուղեղների լվացում»՝ համահարթեցում, ժառանգական հնարավորությունների ճնշում։ Եթե մեկ լեզվով օտար կրթությունը հոգեւորի զգայական շերտի աղավաղում է առաջացնում՝ անձի անլիարժեքության բարդույթ, ինքնահաստատման գերզգայնություն (ինքնավստահության կորուստ՝ արտահայտված հակադարձվող ագրեսիայի ձեւով), ապա երկու կամ ավելի լեզուներով դպրոցական կրթությունը, ի լրումն այս ամենի, ամլացնում է ուղեղը, զրկում անձին մտավոր կարողության բացահայտման հնարավորությունից։ Ն. ԲԵԺԱՆՅԱՆ «Մաշտոց միավորման» նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել