Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի

Ապրիլ 21,2001 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը, նախկին քիմիատեխնոլոգիական տեխնիկումը, ժամանակին զբաղեցրել է շուրջ 17000 քմ ուսումնական եւ օժանդակ տարածք։ Այսօր այն պակասել է շուրջ 11054 քմ-ով, իսկ տեխնիկումին նախկինում պատկանող տարածքում նույնիսկ լվացքատուն, բարսրճարան, դիզայն-ստուդիա եւ այլ մասնավոր ձեռնարկություններ են գործում։ Եւ այս օրինակը միակը չէ։ Այդ հաստատությունների պատրաստած կադրերի պահանջը այդ պահին չունեցող պետությունը, իր մշտապես ծակ ու ճեղքված բյուջեն վկայակոչելով, հոգ չտարավ համակարգի պահպանման մասին՝ տարածքները համակարգից օտարելով, նյութատեխնիկական բազան վատնելով։ Արդեն քանի տարի է՝ միայն խոսվում է համակարգի ռացիոնալիզացիայի ծրագիր ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հերթական ԿԳ նախարարը հերթական ծրագիրն է մշակում, որի մասին ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը միայն ընդհանուր դրույթները ներկայացրեց՝ հիմնավորմամբ, թե «թվային կամ անվանական տվյալների մասին՝ ոչ շուտ, քան մայիսի 1-ը, որովհետեւ մինչեւ նախագիծը վերջնական տեսքով պատրաստ չլինի, ես չէի ուզենա, որ որեւէ տվյալ իզուր արծարծվեր»։ Համակարգի հաստատություններում արդեն լարվածություն կա, քանի որ ռացիոնալիզացիայի ցանկացած ծրագիր նախատեսում է կրճատումներ ու միավորումներ։ Պրն Ավետիսյանի ներկայացմամբ՝ այսօր ունենք 77 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն՝ 12 մասնաճյուղերով եւ 53 մասնագիտական տեխնիկական ուսումնարան։ Վերջին երկու տարում վերջիններիս ընդհանրապես պետպատվեր չի տրվում, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետպատվերով տեղերը ընդամենը 1200 են, այսինքն՝ յուրաքանչյուրում մի 10-20 տեղ։ Պրն Ավետիսյանը միայն ընդհանուր գնահատական տվեց մեր այն հարցին, թե համակարգի կորուստները քանի տոկոս են կազմում։ Պատասխանը նաեւ լավատեսական էր՝ «օտարված շինությունները կամ տարածքները շատ քիչ են։ Կորուստները կրթական համակարգում նվազագույն են, ցանկացած այլ ոլորտի հետ համեմատած»։ Իսկ միավորված ուսումնարաններին, փոխնախարարի խոստմամբ՝ կտրամադրվեն համակարգի լավագույն շենքերը։ Փոխնախարարի գնահատմամբ՝ տարիների ընթացքում որոշ մասնագիտություններ կորցրել են իրենց պահանջարկն ու արդիականությունը, ժամանակի պահանջներին համապատասխան նոր մասնագիտություններ են բացվել։ Ըստ Արա Ավետիսյանի՝ «Մասնագիտությունների ցանկի ճշգրտումից բացի, խնդիր կա ճշտել, թե յուրաքանչյուր տեղադրվող մասնագիտության ուսուցումը ի՞նչ խորությամբ եւ ի՞նչ ուղղվածությամբ պետք է իրականացվի եւ դրանց կազմակերպման ձեւը՝ վճարովի՞, թե՞ պետպատվերով»։ Ծրագրով նախատեսվում է, որ մասնագիտական տեխնիկական ուսումնարանները կվերակազմավորվեն արհեստագործական հոսքերով ավագ դպրոցների։ Արհեստագործական հոսքային ուսուցումը վաղուց է իրականացվում, կան համապատասխան ծրագրեր, որոնք, միջնակարգ ընդհանուր կրթությանը զուգահեռ, ապահովում են նաեւ մասնագիտական ուսուցումը։ Այս տեղեկության առնչությամբ մեր այն դիտարկմանը, որ արհեստագործական այդ դասարանները ձեւական բնույթ են կրում, քանի որ գործնական ուսուցման համար նյութատեխնիկական բազա ու տարածք գրեթե չունեն, Արա Ավետիսյանն ասաց. «Ձեւական բնույթ կարող են կրել հանրակրթական դպրոցում, որը ապահովված չէ համապատասխան արվեստանոցներով, արհեստանոցներով, նյութատեխնիկական բազայով եւ, բնականաբար, համապատասխան մասնագետներով։ Բայց մենք գիտենք, որ մեր մասնագիտական տեխնիկական ուսումնարանները ունեն ժամանակակից եւ կրթական հարմարավետ շինություններ, համապատասխան լաբորատորիաներ, արհեստանոցներ, եւ արհեստագործական ավագ դպրոցները կձեւավորվեն ոչ թե ուղղակի հանրակրթական դպրոցում, ոչ թե լսարանային ուսուցում կանցնեն, այլ կձեւավորվեն նախկին մասնագիտական տեխնիկական ուսումնարանների բազայի վրա եւ կիրականացնեն արհեստանոցային, արվեստանոցային ուսուցում՝ հանրակրթությանը զուգահեռ»։ Սա վերաբերում է հիմնականում սպասարկման ոլորտի մասնագետների պատրաստմանը, իսկ զուտ բանվորական կադրերի ուսուցումը կկազմակերպվի քոլեջներում (նախկին տեխնիկումներ), որտեղ, փաստորեն, կիրականացվեն արդեն երկու կրթական ծրագրեր՝ նախամասնագիտական եւ միջին մասնագիտական։ Այսօր ուսումնասիրվում են համակարգի հնարավորությունները եւ ռացիոնալիզացիայի ծրագրի սկզբունքն է՝ «տվյալ տարածքի վրա գործելու են այնքան հաստատություններ, որոնք հավասարաչափ բաշխված են այդ տարածքի վրա», մասնագիտություններն էլ այդ տարածքին անհրաժեշտ կադրեր են պատրաստում։ Հաստատությունների միավորում եւ միաձուլում կատարվելու է այս սկզբունքներով։ Ըստ Արա Ավետիսյանի՝ դրանք նախ քննարկվում են տվյալ տարածքի ղեկավարության հետ, հետո նաեւ այն նախարարության հետ, որի ենթակայությանն է հաստատությունը։ Փոխնախարարի հավաստմամբ, արդեն քննարկման վերջնական փուլում են եւ նախագիծը մինչեւ մայիսի 1-ը վերջնական տեսքի կբերվի ու կուղարկվի շահագրգիռ բոլոր գերատեսչությունների քննարկմանը։ Վերջնական քննարկումը տեղի կունենա տարածքային կառավարման նախարարի մոտ, որից հետո նոր կդրվի ՀՀ կառավարության նիստի քննարկմանը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել