Համատիրությունները փորձանք են Երեկ կլոր սեղանի էին հրավիրել Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Լեւոն Ղազազյանը, Ավանի թաղապետ Հարություն Մարգարյանը, Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը եւ Ջերմային տնտեսության վարչության պետ Ռոբերտ Բուղդարյանը։ Հիմնական խոսակցության թեման՝ կոմունալ տնտեսության ոլորտում չկատարված աշխատանքի պատճառներն էին։ Թաղապետերն ասացին, որ կոմունալ ծառայությունները տնտեսական այն ոլորտն են, որտեղ պահանջվում են լուրջ ներդրումներ, որին պետք է աջակցեն թե՛ պետությունը եւ թե՛ բնակչությունը՝ իրենց վարձավճարներով։ Լ. Ղազազյանը նշեց, որ Ջերմային տնտեսության հաշվարկով 2001թ. ակնկալվում էր ծախսել 1 մլրդ 213 մլն դրամ, սակայն փաստացի ծախսումները կազմեցին 1 մլրդ 800 մլն դրամ։ Ըստ թաղապետերի, բնակչության 25%-ը քաղաքում չէ, իսկ 25%-ը անվճարունակ է, սակայն մնացած 50%-ը պարտավոր էր փակել ջեռուցման ծախսերը։ Մ. Մինասյանն ասաց, որ բոլոր արտասահմանյան երկրներում կոմունալ եւ կենցաղսպասարկման ծախսերի 50%-ը իր վրա է վերցնում պետությունը։ «Իսկ մեզ մոտ կենսասպասարկման եւ կոմունալ համակարգի մասին նույնիսկ օրենք չկա»։ Նա նաեւ ասաց, որ մեր համատիրություններն իրենք իրենց գլխին փորձանք են, քանի որ վճարունակ 50%-ը սպասարկման գումարը վճարելու ցանկություն չունի։ Այն հարցին, թե ինչո՞ւ բնակիչը պետք է վճարի սպասարկման գումարը, եթե նա առանձին-առանձին վճարում է վերելակի, աղբի, ջրի եւ այլ կոմունալ ծախսերը, պրն Մինասյանը պատասխանեց, որ բնակիչը պետք է վճարի սպասարկման սահմանված սակագինը, որը իր մեջ ներառում է բոլոր ծառայությունները։ Պրն Մինասյանն ասաց, որ «սպասարկման գումարի մեջ նաեւ մտնում է տանիքի, շենքի ընդհանուր կոմունիկացիայի վերանորոգումը եւ կրծողների դեմ պայքարը»։ Լ. Ղազազյանը խոսեց նաեւ փողոցների աղբակույտերի եւ աղբահանության մասին։ Քաղաքապետարանը պարտաճանաչ մաքրում է կենտրոնական փողոցները, իսկ թաղապետարանները մաքրում են իրենց տարածքը։ «Սակայն թե՛ Կենտրոնում եւ թե՛ այլ թաղամասերում կան խոշոր աղբակույտեր, ինչո՞ւ քաղաքապետարանը անուշադիր է դրանց նկատմամբ» հարցին Լ. Ղազազյանը պատասխանեց, որ աղբահանությունը կատարվում է բնակիչների վարձավճարների հաշվին եւ եթե որեւէ վայր անուշադրության է մատնվել, ապա տվյալ վայրի բնակչությունը չի վճարել աղբահանության գումարները։ Նա կարեւորեց վերելակների խնդիրը։ Նշեց, որ քաղաքապետարանի առաջարկությամբ համայնքներին հանձնարարված է վերելակային տնտեսության հետ պայմանագիր կնքել, որպեսզի վերելակները հիմնովին հետազոտվեն եւ նոր միայն աշխատելու իրավունք ստանան։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ