Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ

Ապրիլ 21,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՍՊԻԴԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ Հարցազրույց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ – Շատ մասնագետներ պնդում են, որ սպիդի վտանգը Հայաստանին չի սպառնում, հաշվի առնելով հիմնականում մեր ազգային առանձնահատկությունները: – Դրանք թյուր պատկերացումներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Համաճարակը մուտք է գործել աշխարհի բոլոր երկրները, անկախ նրանց ազգային, մշակութային, կրոնական եւ այլ առանձնահատկություններից: Հայաստանում արդեն գրանցվել է 153 ՄԻԱՎ վարակակիր, որից 13-ը՝ այս տարի, ընդ որում երկուսը՝ երեխաներ: Սակայն, արձանագրվածը միայն այսբերգի վերին մասն է: Սակայն հաշվարկային տվյալներով Հայաստանում կա մոտ 1500 վարակակիր: Սպիդի դեպքում չկա համաճարակաբանական շեմ, որը կա ուրիշ հիվանդությունների, ասենք՝ գրիպի դեպքում, երբ հիվանդների քանակը հասնում է որոշակի սահմանի՝ խոսվում է արդեն համաճարակի մասին: Ընդհանրապես հնարավոր չէ բոլոր ՄԻԱՎ վարակակիրներին գրանցել, որովհետեւ սպիդը ունի երկարատեւ գաղտնի շրջան՝ միջինը հինգից տասը տարի, որի ընթացքում վարակակիրը կարող է չունենալ կլինիկական ախտանշաններ եւ չդիմել բժշկի, բայց լինել վարակի աղբյուր: Բացի այդ, երբեք հնարավոր չէ բոլորին ստուգել: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ընդգրկուն հետազոտությունների դեպքում 10 վարակակիրներից լավագույն դեպքում միայն մեկն է գրանցվում, ինը մնում են չգրանցված: -Ինչպե՞ս է վարակը տարածվում Հայաստանում: -Եթե մեր առաջին վարակակիրները վարակվել են արտերկրում, ապա վերջին տարիներին ըստ վիճակագրության՝ զգալի մասը վարակվել է Հայաստանում: Այսինքն վիրուսը վաղուց ինքնուրույն շրջանառում է Հայաստանում եւ այլեւս միայն բերովի չէ: Մեր քաղաքացիների մի զգալի մասը, լինելով ճոճանակաձեւ միգրացիայի մեջ, մեկնում է արտագնա աշխատանքների, ենթարկվում վարակման վտանգին։ Նրանց մի մասը վարակվում եւ վերադառնալիս վարակում են իրենց կանանց եւ զուգընկերներին: Որպես կանոն վիրուսը սկզբից ախտահարում է ռիսկի խմբերը, այսինքն բնակչության այն խավերը, որոնք, ելնելով իրենց վարքագծից, առավել խոցելի են վարակի նկատմամբ: Դրանք են ներերակային թմրամոլները, մարմնավաճառները, անկանոն սեռական կյանք վարողները, միգրանտները, ազատազրկման վայրերում գտնվողները: Ներերակային թմրանյութ օգտագործողները առավել դժվարամատչելի են հետազոտության համար, քանի որ քրեորեն հետապնդվում է թմրանյութի օգտագործումը: Սակայն անցյալ տարի հնարավոր եղավ հետազոտություն կատարել այդ խմբի մեջ: Մեծ դժվարությամբ մեր, Թմրաբանության կենտրոնի մասնագետների եւ որոշ հասարակական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ վստահություն ձեռք բերել: -Իսկ ոստիկանության միջոցով փորձ չարվե՞ց։ -Ոչ, ոչ մի թմրանյութ օգտագործող ոստիկանության միջոցով չի բերվել մեզ մոտ: Թմրանյութ օգտագործողները կամավոր եւ անանուն են հետազոտվել, գաղտնիությունը լրիվ ապահովվել է: Ընդհանրապես՝ եթե կիրառվում են միայն պատժամիջոցներ, դա բերում է նրան, որ խումբն ավելի է ընդհատակ անցնում եւ հետեւաբար կանխարգելումը դառնում է անհնարին: Հետազոտվել է մոտ 150 թմրանյութ օգտագործող՝ ՄԻԱՎ վարակակրությունը նրանց շրջանում կազմել է 14%, այսինքն, ըստ հաշվարկային տվյալների, Երեւանի թմրամոլներից 300-350-ը ՄԻԱՎ վարակակիրներ են: Ի դեպ, միայն արյան հետազոտություն չի կատարվել: Նրանց հետ աշխատել են բժիշկներ, լրացրել հատուկ հարցաթերթիկներ, որոնց վերլուծությունը թույլ տվեց պատկերացում կազմել մեր թմրամոլների՝ թմրանյութի օգտագործման պրակտիկայի եւ սեռական վարքի մասին: Բոլոր հետազոտվողները ստացել են համապատասխան խորհրդատվություն վարակի փոխանցման ուղիների, թմրանյութերի անվտանգ օգտագործման մեթոդների, անվտանգ սեռական վարքագծի եւ այլ հարցերի մասին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե վարակվածությունը ռիսկի խմբերում մինչեւ 2% է, պայքարը առավել արդյունավետ է, մինչեւ 9%172ի դեպքում` զուգահեռ պետք է գնա կանխարգելում բնակչության ավելի լայն խավերում: Եթե մենք ունենք այսպիսի տվյալ, ապա նշանակում է, որ միայն տվյալ ռիսկի խմբի շրջանակներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով հնարավոր չէ վարակը մեկուսացնել այդ խմբի շրջանակներում եւ կրթական-կանխարգելիչ ծրագրերը պետք է իրականացվեն ավելի լայն ծավալներով՝ դպրոցներում, բուհերում եւ այլն: Ընդհանուր առմամբ թմրամոլության, մարմնավաճառության գոյություն ունեցող մակարդակը, ՄԻԱՎ վարակի տարածվածությունը ներերակային թմրանյութեր օգտագործողների շրջանում, ազգաբնակչության (այդ թվում՝ երիտասարդության) ռիսկային վարքագիծը, ինչպես նաեւ հանրապետության ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը ստեղծել են նախապայմաններ ՄԻԱՎ վարակի հետագա տարածման համար: Ընդհանրապես, համաճարակն ունի զարգացման երեք փուլ. նախնական, վարակի խտացման եւ գեներալիզացված տարածման: Նախնական փուլը հատուկենտ դեպքերի գրանցումն է, երկրորդ փուլը` վարակի տարածումը ռիսկի խմբերում: Եթե չլինեն համալիր կանխարգելիչ միջոցառումներ՝ հզոր կրթական հիմքով եւ նյութական ապահովմամբ, ապա ռիսկի խմբերում վարակի խտության մեծացումը վաղ թե ուշ կբերի տարածուն համաճարակի փուլին: – Այժմ ՀՀ-ում ո՞ր փուլն է: – Երկրորդ՝ վարակի խտացման փուլն է: Իհարկե, կանխարգելիչ միջոցառումներն առավել արդյունավետ են առաջին փուլում, քան՝ երկրորդում, սակայն երկրորդում էլ դրանք հնարավոր են եւ անհրաժեշտ: Երրորդ փուլում, որում այժմ գտնվում են աֆրիկյան երկրները, կանխարգելիչ միջոցառումներն ամենափոքր արդյունավետությունն ունեն: Այստեղ ավելի շատ խոսքը հիվանդների խնամքի, բուժման, ծնողազուրկ երեխաների նկատմամբ հոգածության մասին է: – Թմրամոլությունը քրեորեն պատժելի արարք է, երբ դուք ուսումնասիրում եք թմրամոլներին, փաստորեն նրանք գալիս են Ձեր կենտրոն: Դուք այդ մասին տեղեկություններ չե՞ք հայտնում ՆԳՆ: – Բժշկական տեսանկյունից թմրամոլը նախեւառաջ հիվանդ է եւ մեր օգնության կարիքն ունի: Սպիդի հետազոտություն անցնող ցանկացած մարդու նկատմամբ պահպանվում է գաղտնիությունը: Ես ամենայն պատասխանատվությամբ հավաստում եմ, որ բոլոր անհատների եւ նրանց հետազոտության արդյունքների տվյալները մնում են գաղտնի եւ որեւէ տեղ չեն հրապարակվում: Սա է այն երաշխիքը, որ այսօր ցանկացած մարդ, այդ թվում սեռական փոքրամասնությունները, կամավոր դիմում են մեզ, հետազոտվում, ստանում համապատասխան խորհրդատվություն, գրականություն, որի շնորհիվ ավելի անվտանգ են դարձնում իրենց վարքագիծը: Ամբողջ աշխարհում ապացուցված է, որ միայն պատժիչ միջոցներով հնարավոր չէ թմրամոլության դեմ պայքարել: Եթե այսօր չաշխատենք նրանց հետ, ապա որոշ ժամանակ անց այդ խմբի մեջ վարակի տարածվածությունը կհասնի 60-80 տոկոսի: Իսկ դա նշանակում է՝ մի քանի հազար վարակակիրներ: Այդ խմբում վիրուսը չի կարող հավերժ փակ շրջանառության մեջ մնալ: Ուսումնասիրությունները պարզել են, որ մեր թմրամոլների զուգընկերների 84 տոկոսը թմրանյութ չօգտագործող կանայք են: Պահպանակ մշտապես օգտագործում է նրանց 31 տոկոսը: Այսինքն՝ նրանց սեռական կապերով վարակը կարող է անցնել բնակչության ավելի լայն հատվածներին: Կանխարգելման տեսանկյունից թմրանյութ օգտագործողին պետք է պարբերաբար կրթել, որպեսզի չօգտագործի թմրանյութ, ծայրահեղ դեպքում՝ թմրանյութի օգտագործումը լինի առավել անվտանգ իր եւ շրջապատի համար: – Թմրանյութ օգտագործողները, որոնք ձերբակալվում եւ դատվում են, Ձեր կողմից հետազոտվո՞ւմ են: – Մենք հետազոտում ենք բոլոր թմրանյութ օգտագործողների արյունները, որոնք ստանում ենք Թմրաբանության կենտրոնից եւ ազատազրկման վայրերից: Ընդհանրապես հասարակությունը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի եւ գթասիրտ լինի բոլոր ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ: Նրանք մեր հասարակության անդամներն են եւ խնամքի ու բուժօգնության կարիք ունեն: Եթե այսօր նրանց մասին չհոգանք, չխնամենք, ապա կկորցնենք կամավոր հետազոտությունների իմաստը եւ կդնենք համաճարակի անվերահսկելիության սկիզբը: Մեր հասարակության կողմից ՁԻԱՀ-ի խնդրի կարեւորության գիտակցումը անհրաժեշտ եւ կարեւոր նախապայման է համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու համար: Առողջապահության նախարարության կոլեգիայի կողմից հաստատվել է սպիդի համաճարակի հակազդման ազգային ռազմավարական պլան, որը պետք է հիմք հանդիսանա Ազգային ծրագրի ընդունման համար: Կառավարության կողմից այդ ծրագրի քննարկումը եւ հաստատումը հնարավորություն կտան մոբիլիզացնել պետական, ոչ կառավարական, մասնավոր եւ միջազգային կազմակերպությունների ռեսուրսներն այս պայքարում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել