Կողոպտվել մահանալուց հետո Մայրաքաղաքի գերեզմանատները վերջերս դարձել են գունավոր մետաղների որսագողերի նշանակետեր։ Ամեն շաբաթ նոր ահազանգ՝ հերթական կողոպուտի մասին։ Վերջին այդպիսի դեպք գրանցվել է Ջրաշենի շիրմավայրում, ուր անհայտ ստահակները տարել են ալյումինե ճաղավանդակները։ «Երեւանի 15 գերեզմանատներից եւ ոչ մեկը չի խուսափել այդ լակոտների ոտնձգությունից»,- կիսելով «Առավոտի» թղթակցի վրդովմունքը՝ ասաց «Բնակչության հատուկ սպասարկման» ՊՓԲԸ-ի տնօրեն Գառնիկ Աղաջանյանը։ Տնօրենի հավաստմամբ, օրինապահ մարմինները ակտիվորեն պայքարում են ճաղավանդակները գողացողների դեմ, կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Կենտրոնական գերեզմանատան («Թոխմախ») վարչական սենյակներից մեկը, օրինակ, ամբողջությամբ լցված է առգրավված մետաղական մասերով։ Գոյություն ունի նաեւ դատավճռի նախադեպ, ըստ որի՝ մետաղագողը ստիպված կլինի փոխհատուցել տուժողների կրած վնասի ամբողջ չափը։ Բայց, ցավով նշում է պրն Աղաջանյանը, ձերբակալվածներին փոխարինում են նորերը։ Խնդրի արմատները գերեզմանատների անպաշտպանվածությունն է, իսկ ավելի խիստ որակված՝ անվերահսկելիությունը։ Շիրմավայրերն ունեն միայն ցերեկային ծառայողներ՝ ամսական 8000 դրամ աշխատավարձով։ Գործող գերեզմանատների ճնշող մեծամասնությունը զուրկ է պարսպից։ Մի ամիս առաջ, հաշվի առնելով հափշտակության դեպքերի աճը, քաղաքապետարանի առեւտրի վարչության պետը դիմեց Երեւանի ՆԳ վարչություն՝ անհրաժեշտ հսկողություն իրագործելու համար։ Դժվար է պարզել, արդյոք մեր ոստիկանները մութ գիշերով շրջո՞ւմ են շիրմավայրերում, ինչպես նաեւ դժվար է սպասել, որ գերեզմանատների հսկա տարածքը կարելի է վերահսկել արդյունավետությամբ։ Թերեւս ավելի հեշտ է գունավոր մետաղների կետերը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ ընդհանրապես կրճատել վերջինների թիվը։ Մշտական աշխատավարձով գիշերային պահակների առկայությունը, կարծում ենք, նույնպես որոշակի դեր կարող է խաղալ։ Համենայնդեպս, պոտենցիալ հափշտակողները գայթակղվում են հենց շիրմավայրերի բարձիթողի վիճակից։ Ինչ վերաբերում է միջոցների սղությանը, ապա պետք չէ մոռանալ, որ «բնակչության հատուկ սպասարկումը» այն եզակի սպասարկման ձեւերից է, որին ոչ մի ճգնաժամ չի վտանգի, ավելի շուտ՝ հակառակը։ Մի՞թե նույնիսկ մահանալուց հետո մեր քաղաքացիները չեն կարող պաշտպանված լինել պետության կողմից։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ