Որ վերջը բարի լինի… Ժողովրդական մի արտահայտություն կա՝ «Մարդու վերջը բարի լինի»։ Այս արտահայտությունը, իմ կարծիքով, խոր իմաստ ունի հասկացողի համար։ Իսկ չհասկացողի համար ասեմ, որ իմանա, մարդու վերջը բարի լինելու համար ոչ հարստությունն է օգնում, ոչ պաշտոնը, ոչ էլ մոլորակի վրա գտնվող էկզոտիկ վայրերում եղած լինելու հանգամանքը։ ՀՀ նախագահի աթոռին նստող Ռոբերտ Քոչարյանը իր գործողություններով «համայն մարդկության» ուշադրությունը սեւեռել է այս տարածաշրջանի վրա։ Կասեք՝ ինչու Քոչարյանը եւ ոչ՝ Քոչարյանն ու Ալիեւը։ Բանը նրանում է, որ Քի Ուեսթում կայացած Քոչարյան-Ալիեւ-ԵԱՀԿ համանախագահներ հանդիպման ժամանակ Ալիեւի երկար-բարակ ճառը, որը, ի դեպ, «ձանձրացրել» էր բոլոր ներկա գտնվողներին (ինչպես շտապեցին ներկայացնել իրենց գործը «հավուր պատշաճի» կատարող լրատվական միջոցները, իսկ լրատվության մասին՝ քիչ հետո), չի կարելի համեմատել Քոչարյանի հակիրճ, «կոնստրուկտիվ» հայտարարության հետ։ Հեշտ բան հո չի Կեւորկովի աշակերտ պրոֆկոմի նախագահի համար ամերիկաներում մի էնպիսի բան անելը, որ բոլորը կամ զարմանան, կամ ուշադիր լսեն (դրա համար պետք է ելույթ ունենալ անգլերեն, իսկ կարճ հայտարարություն անել ռուսերեն)։ Իսկ ինֆորմացիայի սակավությունից դժգոհողները (չեմ հասկանում, դրանից ավելի մանրամասն ինֆորմացիա կարելի՞ էր տալ Քի Ուեսթից, ինչպիսին էին Քոչարյանի բռնած ձկների քանակի եւ քաշի կամ, ասենք, Ալիեւը զբոսանքի ժամանակ ինչ է հարցրել Քոչարյանին հայերեն եւ ինչ լեզվով է պատասխանել Քոչարյանը Ալիեւին, էլ չեմ ասում «տեսահոլովակ» դարձած Քոչարյանի «հաղթական» կեցվածքն ու «հուսադրող» ժպիտը), որ նույնիսկ այդքանով կարողանում են եզրակացնել, որ կշեռքի «ծանր նժարը» մեր կողմն է, նշանակում է «փայ-ծառա-տես» են ուզում դառնալ։ Իսկ այն քաղաքական գործիչները, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն ունեն այս երկիրը պետություն դարձնելու գործում, ցավում են այս պետության համար, որոնք չեն ուզում ոչ փայ ունենալ եւ ոչ էլ ծառա լինել այս ապօրինի իշխանություններին, բազմիցս հրապարակավ ասել են այն քայլերը, որոնք կատարելով կարող են չեզոքացնել Հայաստանը հզոր ուժերի բախման կիզակետ լինելու փաստը։ Որ հիմա Հայաստանը շատ մոտ է Բոսնիա դառնալուն, իմ կարծիքով, շատերը կհամաձայնեն դրա հետ, նույնիսկ ինքը՝ Քոչարյանը, դա հստակ պատկերացնում է։ Միեւնույն ժամանակ շատ լավ գիտակցում է պահի լրջությունը եւ իր պատասխանատվության չափի բաժինը։ Իսկ այս ամենը արդյունք է այն ոչ հեռանկարային դիվանագիտության, որը վարում է այս ապաշնորհ իշխանությունը 1998 թվականի իշխանազավթումից հետո։ Եվ դա է պատճառը, որ Արեւմուտքը «անհանգստանում է» Քոչարյանի անվտանգության հարցով եւ դիմում Ռուսաստանին աջակցելու նպատակով, միեւնույն ժամանակ Քի Ուեսթից առաջ, որպես սառը ցնցուղ՝ ակնարկում Քոչարյանի ոչ լեգիտիմ լինելը։ Իսկ Քոչարյանը ձեւացնում է, թե չի լսել ԱՄՆ-ի ակնարկը Քի Ուեսթից առաջ եւ չի հասկացել՝ իր վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ Քի Ուեսթում։ Միգուցե եղե՞լ է, ուղղակի ինքը չի ըմբռնել։ Ինչեւէ։ Հիմա էլ խոսվում է հունիսին Ժնեւում կայանալիք հանդիպման մասին, այսինքն՝ Քոչարյանը եւս երկու ամիս իշխանությունը պահելու շանս ստացավ ԱՄՆ-ի կողմից։ Իսկ երկու ամիս հետո, ինչ իմանաս՝ ինչ կկատարվի ընդհանրապես։ Նախօրոք պետք է «խոստովանեմ», որ Ժնեւում էլ Քոչարյանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի՝ ժամանակ շահելու նպատակով, միեւնույն ժամանակ՝ մեծացնելով Արեւմուտքին տված խոստումների չափը։ Այսինքն՝ գործի կդրվի Արեւմուտքին «քցելու» եւ Ռուսաստանի գիրկը վազելու տարբերակը, որը բնորոշ է այս «խելոք» իշխանությանը։ Սրանց «ճարպկության» մասին էլ չեմ խոսում, որովհետեւ դիվանագիտության «գլուխգործոց», «դիվանագիտության դասագիրքը» գրող Վ. Օսկանյանը բազմիցս նման «ճարպկությունների» դիմել է, թերեւս վերջինը՝ Վաշինգթոնում կատարած այն հայտարարությանը, թե վերադառնում ենք Երեւան, բայց հայտնվում են Փարիզում։ Կարող է մեկնաբանել, որ գալիս էինք Երեւան Փարիզով, բա ամոթ չէր լինի՞, որ մեր «դոստին» Փարիզում մի հատ չհանդիպեինք։ Իսկ Փարիզից կարող էին գնալ Մոսկվա, նոր գալ Երեւան։ Բայց Մոսկվան չվերթից հանվեց եւ՝ ոչ միայն չվերթից… Մոսկվան փոխարինվեց Ժնեւով, որովհետեւ այդպես է ցանկանում ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ը ցանկանում է մեկ անգամ եւս Ռուսաստանին «խաղից դուրս» թողնել՝ հասկացնելով, որ ինքն է ներկա դրությամբ «հարց լուծողը» եւ միայն ինքը։ Ներկա անընդհատ ձգձգվող իրավիճակը ձեռնտու է եւ Քոչարյանին, եւ Ալիեւին, միգուցե՝ նաեւ ԱՄՆ-ին։ Ուղղակի ինձ համար անհասկանալի է՝ Արեւմուտքը «հասկանո՞ւմ է», որ Քոչարյանը իրեն, մեղմ ասած, ֆռռացնում է, թե՞ ոչ։ «Հասկանո՞ւմ է» արդյոք այդ նույն Արեւմուտքը, որ Քոչարյանը իր իշխանությունը պահելու համար է անընդհատ նոր խոստումներ տալիս եւ ժամանակ խնդրում։ Աստված չանի՝ հասկանա։ Ենթադրենք, Քոչարյանին հաջողվեց մինչեւ 2008 թվականը (Աստված չանի, որովհետեւ ոչ Հայաստան կմնա, ոչ էլ այս տարածաշրջանում հայ կմնա) իշխանությունը պահել իր ձեռքում։ Բա 2008 թվականից հետո որ որոշել է բիզնեսով զբաղվել, Ղարաբաղո՞ւմ է բիզնես անելու, թե՞ Հայաստանում։ Այսինքն, էս ի՞նչ եմ ասում, բա Շիրակի, Բուշի, Պուտինի հետ նստած, հաց կերած, զրուց արած մարդուն պատիվ կբերի՞՝ էս կողմերում բիզնես անի, մանավանդ, որ Ղարաբաղ չի կարող գնալ, որովհետեւ Ալիեւը չի թողնի, Հայաստանում էլ՝ Հայաստանի քաղաքացիները։ Դրա համար են ասում, որ մարդու վերջը բարի լինի… վերջը։ Իսկ որ Քոչարյանի վերջը բարի լինի, պետք է հենց վաղվանից թողնի ՀՀ նախագահի աթոռը եւ զբաղվի… բիզնեսով, դրա համար ինքը համ շատ փող ունի, համ էլ անգլերեն «գիտի»։ ԺԻՐԱՅՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՀՀ քաղաքացի