Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է

Ապրիլ 21,2001 00:00

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է «Առավոտի» ապրիլի 14-ի համարում մի փոքրիկ լուր էր հրապարակվել «Ջհանգիրյանը՝ ստեփանակերտցիների համաշխարհային ղեկավար» վերնագրով, ուր ընդամենը փոքր-ինչ թեթեւ ոճով նշել էինք, թե գոյություն ունի «Ստեփանակերտցիների համաշխարհային ակումբ» անվանյալ մի կազմակերպություն, որի նախագահն է Ջհանգիրյան Գարիկը։ Նաեւ, որ ակումբի համաշխարհայնությունը փաստարկվում է, մասնավորապես, Երեւանում ապրող ստեփանակերտցիների առատությամբ։ Եվ ահա օրեր անց ԼՂՀ կառավարությունից ֆաքս ստացանք, որում Գ. Ջհանգիրյանը գրում է, թե մեր «այլաբանություն հրապարակումն իր անվայել տոնով եւ հանիրավի շեշտադրումներով առնվազն տարակուսանք է առաջ բերել ստեփանակերտցիների մոտ» ու նաեւ, որ թերթի «տողատակային տարհասցե խայթոցները, քմծիծաղից զատ, նաեւ խոր ափսոսանք են առաջ բերել»։ Աստված սիրեք, մտքներովս էլ չէր անցել, թե մեր պստլիկ լուրի պատճառով ստեփանակերտցիների մոտ հանկարծ ու կարող է տարակուսանք առաջանալ։ Մենք բոլորովի՛ն չէինք ցանկանա նման զգացումներ առաջացնել մի ակումբի անդամների մոտ, որոնք, պրն Ջհանգիրյանի պնդմամբ՝ «խնդիր ունեն նաեւ հնարավորինս նպաստել աշխարհասփյուռ ստեփանակերտցիների վերադարձին հայրենի երկրամաս, ինչը, կհամաձայնեք, ազնիվ եւ խրախուսելի մղում է»։ Համաձայն ենք, ձեր գործն արդա՛ր է։ Եվ «Առավոտն» իր համեստ կարողությունների շրջանակում կփորձի խրախուսել այդ ազնիվ ձեռնարկումը, որ ստեփանակերտցիները վերադառնան հայրենի երկրամաս։ Մենք միանում ենք ձեր ակումբի կարգախոսին, որ, ինչպես եւ հաղորդել էինք՝ մի բաժակ ջրում փոթորիկ առաջացրած մեր չարաբաստիկ լուրում, հետեւյալն է. «Անտարբեր մի՛ եղիր քո ազգի հանդեպ»։ ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել