Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵԶԻ ՉՎԵՐԱԲԵՐԻՐ»

Ապրիլ 21,2001 00:00

«ՁԵԶԻ ՉՎԵՐԱԲԵՐԻՐ» Ուրախալի փաստ. վերջին երեք տարում մեր քաղաքական գործիչների հոգում զգալի դրական տեղաշարժեր են արձանագրվել: Մասնավորապես, նրանց մեջ արթնացել է պետական մտածողությունը եւ այն գիտակցությունը, որ դիվանագիտական նրբերագները չհասկանալով՝ չարժե հեռու գնացող դատողություններ անել: Նման համեստության եւ հեզության օրինակ է դրսեւորել, օրինակ, պատգամավոր Գալուստ Սահակյանը: «Բանակցությունները գաղտնի են, իրավունք էլ չունենք իմանալու, ուրեմն ի՞նչն ենք քննարկելու»,- ասաց «Միասնություն» խմբակցության ղեկավարը՝ ի պատասխան ղարաբաղյան հարցի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկին: Ավելի նրբանկատ գտնվեց պատգամավոր Արտաշես Գեղամյանը. «Նման հարցերի պատասխան կարող են տալ միայն Քոչարյանն ու Օսկանյանը, որոնք գիտեն բանակցությունների բոլոր նրբերանգները»: Այսինքն ի՞նչ. էքսպերտային մակարդակով հարցին տիրապետում է միայն երկու հոգի՞, առաջվա 6-ի փոխարեն: Բայց այժմ դա չի առաջացնում որեւէ հայրենասերի ցասումը: Այսօր, ի տարբերություն 1997-ի, քաղաքական գործիչները դա նորմալ են դիտում եւ չեն կարծում, որ հարցի կարգավորմանը պետք է մասնակցել ազգովի: Ավելին՝ 3,5 տարի առաջ նրանք կատարելապես տեղյակ էին բանակցությունների բոլոր նրբերանգներին եւ հաստատ գիտեին, որ լուծումը խիստ անբարենպաստ է լինելու Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Ուստի այսօրվա համեստությունն ու զսպվածությունը չէին դրսեւորում, հակառակը՝ դիվանագիտական խնդիրների մասին խոսում էին օր ու գիշեր: Այժմ նրանք բանակցությունների մասին ոչինչ չգիտեն, բայց, հավանաբար, ենթադրելով, որ Մինսկի խմբի նոր առաջարկներով ԼՂՀ-ին շնորհվելու է անկախ պետության կարգավիճակ, գերադասում են պետական մտածելակերպ դրսեւորել: Գործիչներն անշուշտ իրավացի են. կան բաներ, որոնք մենք՝ մահկանացուներս, չպիտի իմանանք: Դրա մասին դեռ Աստվածաշնչում է ասված: Ահա թե ինչպես է Սուրբ գիրքը պատասխանում Ահեղ դատաստանի ժամկետների մասին հարցին. «Ձեզի չվերաբերիր ժամերը եւ ժամանակները գիտնալը, զոր Հայրը իր իշխանությանը մեջ դրավ» (Գործք առաքելոց, 1.7): Հետեւաբար, Ահեղ դատաստանի ժամկետին էքսպերտային մակարդակով տիրապետում է միայն մի հոգի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել