Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Հունանյանը՝ իր հարազատ կուսակցության մասին

Ապրիլ 21,2001 00:00

«Ամենաճիշտ» դաշնակցականը Ն.Հունանյանը՝ իր հարազատ կուսակցության մասին «Հոկտեմբերի 27»-ի դատաքննության այս շաբաթվա վերջին նիստում տված իր ցուցմունքում նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանն անդրադարձել է նաեւ իր ու Դաշնակցության առնչություններին, իր՝ կուսակցությունից հեռացվելու փաստին։ Նշենք, որ այդ առնչությամբ դաշնակցական գործիչների ու Ն.Հունանյանի մեկնաբանություններն, իհարկե, տարբեր են։ Այդուհանդերձ, կարծում ենք, հետաքրքիր է, թե ինչ է մտածում նախկին դաշնակցական, իսկ այսօր՝ ամբաստանյալ Հունանյանը հարազատ կուսակցության մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքներից մեկի համաձայն՝ «Հունանյանին առաջին անգամ կախակայել են ուսանողական կամ երիտասարդական միության անդամները ինչ-որ նյութական չարաշահումների հետ կապված։ Երկրորդ անգամ նրան արդեն հեռացրել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական Կոմիտեն՝ թուրքական որոշ լրատվամիջոցների հետ չարտոնված կապեր հաստատելու եւ անհայտ նյութական աղբյուրներից հայթայթված գումարներով թերթ կամ լրատվական գործակալություն հիմնելու փորձի համար»։ Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ ՀՅԴ ԳՄ մեկ այլ ներկայացուցիչ՝ Հրանտ Մարգարյանը։ Ի տարբերություն վերջիններիս՝ Ն.Հունանյանը դեռ 2000թ. մայիսին տված իր ցուցմունքներում այսպես է բացատրել ՀՅԴ-ին անդամակցելու, ապա նաեւ կուսակցությունից հեռացվելու պատճառները. «1990 թվականի հունվարի սկզբին երդում եմ տվել Հ.Յ. Դաշնակցությանը։ Ընդհանրապես դեռեւս 1987-ին մեծ հույսով եւ հավատով եմ սպասել այդ օրվան, եւ Դաշնակցության հետ կապել հայ ժողովրդի եւ Հյաաստանի ապագան, նրա անկախությունը, հզորությունը եւ այլն։ Եվ մտնելով Հ.Յ.Դաշնակցություն, ես իմ ողջ ուժով եւ բոլոր հնարավորություններով փորձել եմ նպաստել կուսակցության կազմակերպման եւ տարածման աշխատանքներին։ Դրան նպաստել էր նաեւ հիասթափությունը ՀՀՇ-ի այլասերումից։ 1991 թ. մարտին Աթենքում առիթ եմ ունեցել զրույցներ ունենալու Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի հետ եւ վիճելու՝ կուսակցությունում եւ այնտեղից էլ Հ.Մ.Ը.Մ. թափանցած անսկզբունքայնության, թայֆայաբազության, բյուրոկրատիզմի, մտքի տկարության եւ անգործության երեւույթների շուրջ։ Դաշնակցությունն օր օրի մխրճվում էր անգործության եւ ժանգի հորձանուտը, եւ պարապությունից շատերը սկսել էին զբաղվել ամենատարբեր ինտրիգներով։ Կենտրոնական կոմիտեն քննադատությունները թշնամաբար էր ընդունում։ 1991 թ. մայիս-հունիս ամիսներին ես Էդիկ Գրիգորյանին եւ Տիգրան Նաղդալյանին՝ Սկաուտական համաշխարհային բյուրոյի եւ պրեզիդենտի հրավերի հիման վրա գործուղեցի Շվեյցարիա, որտեղ նրանք համաշխարհային լիգայի հետ բանակցությունների միջոցով պիտի լուծեին լիգային՝ Հ.Մ.Ը.Մ.-ի անդամակցության հարցը։ Հենց այդ ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ն, նպատակ դնելով ամեն կերպ ազատվել ինձնից, դիմեց հակաօրինական, հակականոնադրական քայլի՝ որոշեց լուծարել Հ.Մ.Ը.Մ-ի մասնաճյուղը։ 1991-92 թթ. ընթացքում գնալով խորացավ հիասթափությունը Դաշնակցության հանդեպ, ուր սողոսկել էին ամենատարբեր մարդիկ, իրենց բազմազան, բնականաբար՝ ոչ գաղափարական, շահերով։ Կուսակցական վերնախավն ակնհայտորեն կուսակցական շահերը բարձր էր դասում համազգային շահերից։ 1992թ. հունվարի սկզբներին իբրեւ պատգամավոր մասնակցել եմ ՀՅԴ Հայաստանի Բ.Շրջանային ժողովին, որտեղ խստագույն քննադատության եմ ենթարկել Կենտրոնական Կոմիտեի գործունեությունը։ Դաշնակցության պատմության մեջ եզակի մի դեպք արձանագրվեց այդ ժողովին, երբ օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացված իմ սկզբունքներն ու բանաձեւերն ընդունվեցին մեծամասնության քվեներով եւ հռչակվեցին ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Հայաստանյան ուղեգիծ, իսկ ինձ Կ.Կոմիտեի եւ Բյուրոյի որոշ «թայֆայաբազների» նյութած խարդավանքների եւ անբարո ինտրիգների արդյունքում վեց ամիս ժամանակով դուրս են դրել կուսակցությունից։ Հետաքրքիր էր, որ մի քանի օր փորձեր անելուց եւ տարբեր պատգամավորների վրա ճնշում գործադրելուց հետո, նրանք կարողացան ընդամենը 32 քվե ստանալ ինձ պատժելու օգտին, ինչը կրկնակի պակաս էր անհրաժեշտ քվեների քանակից։ Իմ դեմ սկսված արշավանքի նպատակն էր՝ թույլ չտալ, որ ես ընտրվեմ Կենտրոնական Կոմիտեի անդամ։ Նման քայլեր արվում էին նաեւ ուրիշների հանդեպ, մանավանդ՝ դաշնակցական խորհրդարանական ֆրակցիայի անդամների թվից։ Այդ ժողովից հետո ես վերջնականապես համոզվեցի, որ նման գործելակերպով եւ մթնոլորտով ներծծված ՀՅԴ-ն դատապարտված է, եւ նրա գոյությունը իներցիոն բնույթ է կրում։ 1992թ. աշնանը ես նպատակադրվեցի լրատվական գործակալություն ստեղծել, որը կոչեցի «Հորիզոն»։ Իմ մտերիմ, նույնպես ՀՅԴ անդամ, վաղամեռիկ ընկեր Վելիխան Պետրոսյանը դրա համար ինձ մեկ սենյակ եւ մեկ համակարգիչ ու ֆաքս տրամադրեց իր գրասենյակում, որով ես սկսեցի աշխատանքը։ ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական Կոմիտեն պատճառ բռնելով, թե իբր դաշնակցականն իրավունք չունի մասնավոր լրատվության միջոց ստեղծել, եւ որ, իբր ես օգտագործում եմ կուսակցական բառը, այսինքն՝ «Հորիզոնը», ինձ հեռացրեց Դաշնակցության շարքերից։ Այդ ժամանակ ես մի զավեշտական նորություն իմացա. հեղինակը տխրահռչակ, չկայացած գրող Ռոլանդ Շառոյանն էր, որ բացի հայոց լեզվից կա նաեւ դաշնակցական լեզու, եւ «Հորիզոնը» դա ոչ թե հայերեն է, այլ դաշնակցական ծագում ունի»։ Առայժմ ոչ ոք չի պնդում, որ 2000-ի մայիսի 4-ին տված այս ցուցմունքները նույնպես խոշտանգումների արդյունք են եւ զինդատախազությունը Հունանյանին կուսակցությանը մերկացնելու հատուկ ցուցում է տվել։ Եվ եթե մամուլն ավելի արժանահավատ է համարում Ն.Հունանյանի հատկապես այդ ժամանակաշրջանի ցուցմունքները, կարելի է ենթադրել, որ վերոշարադրյալը եւս արժանահավատ է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել