ՏՎԵՔ ՄԵԶ ԼՈՒՅՍ, ՀԱՑ ՈՒ ՋՈՒՐ ՈՐ ՁԵԶ ՉՏԱՆՔ ԹՈՒՔ ՈՒ ՄՈՒՐ Խ. Հովակիմյանի այս բանաստեղծությունը եւս 1994-ին հանրահավաքներից մեկի ժամանակ ուղարկվել էր ԱԺՄ-ին։ Բավական հետաքրքրական էր կարդալ այդ հանրահավաքների մասնակիցների խունացած գրությունները, մանավանդ որ բազմաթիվ էին մտքի փայլատակումները։ Օգոստոսի 12-ի հանրահավաքում «Սեդա» ստորագրածը «ԱԺՄ-ի տղաներին» առաջարկում է դիմել Բագրատյանին եւ պարզել. «Մինչ ե՞րբ պետք է ժողովրդին հասանելիք էլեկտրաէներգիան ծախեն ժողովրդի վրա»։ Սեպտեմբերի 16-ին անհայտ մնացած մեկը բողոքել էր եռամսյա զինծառայությունից. «Մինչեւ տանելը խոստանում են ամեն տեսակի օգնություններ, իսկ տանելուց հետո էշի թրիք էլ չեն տալիս կամ էլ էշի…։ Ես ապրում եմ Նորքի զանգվածում, կարող են կասկածողները ստուգեն»։ Հուլիսի 29-ի հանրահավաքում Աշոտ Մանուչարյանին ուղղված մի ծավալուն նամակում Էրեբունու օդակայանի աշխատակիցը բողոքում է տեղի ոստիկանապետի տեղակալ Ռաֆիկ Մարգարյանից. «Երբ եկավ մեզ մոտ աշխատանքի՝ նրբին, բարալիկ երիտասարդ էր։ Երկու տարում թալանեց, կերավ, փքվել է. այսօր կամ վաղը կպայթի»։ Տեսնես իրականացա՞վ այդ կանխատեսումը։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում բողոք-գրություն են ուղարկել նաեւ «Հայկական ավիաուղիների» տնօրենի տեղակալ Ներսես Անսերյանից, որը նամակը ստորագրած «մի խումբ ավիատորների» պնդմամբ. «Արդեն ինքնաթիռի մասերն է ուտում, իսկ թռիչքներն արդեն կերել է»։ Դաժան սոսկանքի տեսարան… Թոշակառու Արամ Գրիգորյանը հուլիսի 29-ի հանրահավաքում «ԱԺՄ-ի հարգարժան ղեկավարներին» գրում էր. «Անհրաժեշտ է ստեղծել Աշոտ Մանուչարյանի պաշտպանության ջոկատ։ Լեւոնը, Վանոն եւ մյուս հայախոս թուրքերն ամեն ինչի ընդունակ են։ Ուրեմն, նման ջոկատի անհրաժեշտությունը կա՛։ Չնայած ես թոշակառու եմ, սակայն առողջ եմ եւ ջլապինդ ու պատրաստ եմ իմ ընտանիքի չափահաս տղամարդկանց հետ միասին առաջինն անդամագրվել այդ ջոկատին»։ Ինձ առավել դուր եկավ, սակայն, մի ծրագիր, որը ներկայացվել է հուլիսի 29-ի հանրահավաքի քննարկմանը։ Նախաբանում նշված է, մասնավորապես, որ «ներկա (այն է՝ 1994-ի) իշխանությունները «շքեղաշուք մեքենաներով սլանում են փողոցներով, ժամ առաջ հասնելու իրենց փափուկ բազկաթոռներին կամ տաքուկ ու լուսավոր բնակարանները… Սա համազգային աղետ է»։ Եվ այս «աղետը» կանխելու համար ծրագրի անհայտ մնացած հեղինակն առաջարկում է. 1. «Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարել պետական ծառայողական ավտոմեքենաների (հատկապես «Վոլգաների» եւ «Հյունդայիների») երթեւեկության արգելման միամսյակ։ 2. Փողոցներում նշված մեքենաները հայտնվելու դեպքում հետիոտն մարդկանց ամբողջ խմբերով փակել մեքենայի ճանապարհը։ Պահանջել եւ ստիպել, որ մեքենայի «խազեինը» իջնի մեքենայից եւ ճանապարհը շարունակի ժողովրդի հետ։ Իսկ եթե այդ «աղան» հրաժարվի կատարել ժողովրդի պահանջը՝ քարկոծե՛լ նրան եւ մեքենան, ընդհուպ մինչեւ Լինչի դատաստան։ Առանց ափսոսելու մեքենայի նյութական եւ ազգադավ իշխանավորիկի ֆիզիկական կորուստը։ 3. Սույն առաջարկությունը հանրահավաքում չհրապարակելու դեպքում հանրահավաքի կազմակերպիչները կդրսեւորեն իրենց հանդուրժողական վերաբերմունքը ներկա իշխանությունների նկատմամբ։ Հետեւաբար, այս ամենը կընկալվի որպես քաղաքական խաղ, որի մասին թշվառ ժողովուրդը խոսում է դեռեւս շշուկով»։ Անկեղծ ասած, չենք հիշում, թե արդյոք 1994-ին ԱԺՄ-ն այս սոսկալի մեղադրանքից խուսափելու համար կյանքի կոչե՞ց այդ ծրագիրը։ Բայց այն դեռ կարող է կենսագործվել։ Քանի որ այդ ժամանակներից հետո իրենց տեղերով փոխված ընդդիմադիրներն ու իշխանավորները նույնությամբ փոխառել են իրարից համապատասխան բառապաշարը (ասենք՝ մի դեպքում՝ «Ծախում եք Ղարաբաղը», մյուս դեպքում. «պետականությունը չեք կարեւորում»), կարող են այժմ նախկին իշխանավորները փորձել անցկացնել «ծառայողական ավտոմեքենաների երթեւեկության արգելման միամսյակ»։ Եվ հորդորեն ժողովրդին, որ փորձեն «պադավատներից» իջեցնել արդեն ԱԺՄ-ականներին։ Բայց Լինչի դատաստանի կոչ անելը թիթիզություն կլինի։ Մռայլ նոտայով անցյալի մեր վերհուշը չավարտելու համար դիմենք պոեզիային։ Եվ մեջբերենք նույն Խ. Հովակիմյանի մեկ այլ ստեղծագործություն, որ ձոն է Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ժողովուրդը քեզ հետ մեծ հույսեր կապեց, Գիշեր ու ցերեկ քեզ հետ պայքարեց, Կոմ.կուսակցությանը գահընկեց արեց, Եվ քեզ էլ հայոց թագավոր ընտրեց։ Թագին տիրացար, թագավոր դարձար, Այն դառը օրերը շատ շուտ մոռացար, Խորհրդարանին թեւիդ տակ առած Քո խոստումները գտար ավարտած։ Չէ, պարոն Լեւոն թագավոր արքա, Սթափվիր, քանդվում է հայոց երկիրը, Անարդարությունն ահեղ ճանկերով Խեղդամահ է անում մի մեծ ժողովուրդ։ Դուրս եկ, մի շրջի՛ր ժողովրդի մեջ, Ու տես, թե ինչ է կատարվում դրսում, Մեր գեղատեսիլ Երեւանն այսօր Չար չարչիների քաղաք է դարձել։ Ալան-թալան է տիրում մեր երկրում, Անգործությունը պատել է մարդկանց, Խորհրդարանի ճառ ասողները Այս բոլորը մի՞թե չեն տեսնում։ Ինչպես համոզվեցիք, 7 տարվա վաղեմության այս նկարագրությունը արմատականորեն տարբերվում է մեր ներկա առօրյայից։ Դրական փոփոխություններն ակնհայտ են, տիրում է արդարություն, մարդիկ աշխատանք ունեն, «ալան-թալանը» վերացել է, անգամ չարչիներն են բարի։ Եվ լիովին բնական է, որ այս իշխանությունների հանդեպ, ի տարբերություն նրանց չարամիտ նախորդների՝ ԱԺՄ-ն տրամագծորեն հակառակ վերաբերմունքն ունի։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ