Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Ապրիլ 21,2001 00:00

«ՆՅԱՐԴԵՐԴ ՊԻՆԴ ՊԱՀԵՔ» Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ – Ըստ որոշ պնդումների, այն, ինչ կատարվում է «Միասնություն» դաշինքում, մի պատճառով է՝ դաշինքը գաղափարական հիմքի վրա չի ստեղծված, այլ երկու խոշոր անհատների շուրջ։ Չկան Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, չկա եւ դաշինքը։ – Իհարկե, դաշինքը ստեղծվել է երկու հզոր անհատների շուրջ եւ հայտնի է, թե ում շնորհիվ է դաշինքը ստացել ժողովրդի քվեն։ «Միասնությունը» գաղափարական հիմք ունեցել է եւ ունի։ Ուրիշ բան, որ դաշինքում, ցավոք, տեղ են գտել նաեւ գաղափարազուրկ մարդիկ։ Չանդրադառնալով ծրագրերին, ուզում եմ շեշտել, որ «Միասնության» էությունը քաղաքական լայնախոհության եւ հանդուրժողականության մեջ է։ Եվ առաջին հերթին պետք է պահպանվի դաշինքի այս սկզբունքը։ – Հետաքրքիր վիճակ է։ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն, յուրաքանչյուրն իր հերթին, պնդում է, թե դաշինքի ծրագրի կրողն է ու կատարողը։ Ի վերջո, ո՞ր կուսակցությունն է կատարում դաշինքի ծրագիրը եւ, եթե երկուսն էլ կատարում են, ինչի՞ց է, որ սկզբունքային հարցերի շուրջ անընդհատ տարաձայնություններ են գրանցվում։ – Ինձ թվում է, ավելի ճիշտ է ոչ միայն խոսել ծրագրերի մասին, այլ իրականացնել։ Պետք է գործնական քայլեր ձեռնարկել «Միասնություն» խմբակցության աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Կարեւոր օրենքների նախագծեր պետք է շրջանառության մեջ դրվեն միայն դրանց համատեղ քննարկումներից հետո, որոնց ընթացքում պետք է հաշվի առնվեն կողմերի արած բոլոր հիմնավոր դիտողությունները, առաջարկներն ու նկատառումները։ Իսկ առանձին հակասությունների շուրջ պետք չէ ավելորդ աժիոտաժ ստեղծել, ինչը կատարվեց ԲԷՑ-երի դեպքում։ – Ձեր հայտնի բանաձեւը՝ դաշինքը երկու կուսակցությունների միաձուլում չէ, արդեն սկսել է նյարդայնացնել ոմանց։ Ի վերջո, դաշինքները ստեղծվում են կոնկրետ նպատակների շուրջ եւ դրանք իրականացնելու համար։ Ո՞րն է «Միասնության» նպատակը։ – «Միասնություն» դաշինքն էլ է ստեղծվել կոնկրետ նպատակի շուրջ։ Եթե անհրաժեշտություն կա՝ կարող եմ հիշեցնել, թե ինչ նպատակի. հաղթահարել երկրում տիրող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամը, դիմակայել հնարավոր աշխարհաքաղաքական անբարենպաստ զարգացումներին։ Ի վերջո, նաեւ նորմալ ընտրություններ անցկացնելու նպատակով, որպեսզի հակամարտությունը երկիրը չտաներ մեծ ցնցումների, որը շատ հնարավոր էր այն ժամանակ։ Դաշինքը հիմա էլ է փորձում իրականացնել իր առջեւ դրված նպատակները։ Ուրիշ հարց է, թե ինչքանով է դա հաջողվում։ Չմոռանանք, որ շատ են աշխատում դաշինքը պառակտելու ուղղությամբ եւ միշտ չէ, որ դաշինքի անվան տակ իրականացվում են դաշինքի ծրագրերը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր դիրքորոշումը սկսել է նյարդայնացնել ոմանց, ուղղակի խորհուրդ կտամ՝ նյարդերը պինդ պահեն, քանի որ այն չի փոխվելու։ – Անդրանիկ Մարգարյանի կառավարության Ձեր գնահատականը։ – Նախ դաշինքը չպետք է նույնացնել կառավարության հետ։ Իհարկե, դրական քայլեր էլ ենք տեսնում կառավարության գործունեության մեջ։ Այն քայլերը, որ բխում են «Միասնության» ծրագրերից, մենք կպաշտպանենք։ Դիմություն լինել չի նշանակում կառավարության ներկայացրած հարցերին առանց քննարկումների հավանություն տալ։ Եթե դիմությանը վերապահված է ընդամենը կոճակ սեղմողի դերը, ապա մենք նման դիմություն չենք ուզում լինել։ – Դուք գլխավորում եք «Մարս» գործարանը, որի մասին վերջերս վարչապետը խիստ թափանցիկ ակնարկ արեց, որը հնչեց մոտավորապես զգուշացումի պես։ – Ճիշտն ասած, այդ կարծիքին չեմ։ Ըստ էության, վարչապետը բարձր է գնահատել մեր կոլեկտիվի գործունեությունը։ Ես էլ եմ վարչապետին մաղթում հաջողություններ իր դժվարին գործունեության մեջ եւ ցանկանում եմ, որ կատարի դաշինքի ծրագրերը։ – Նախագահ Քոչարյանը երկու օր առաջ «Հոկտեմբերի 27»-ի մասին ասաց, թե ինքն առայժմ չի խոսի, բայց երբ խոսի, լուրջ ասելիք ունի։ – Եթե ասելիք ունի, թող ասի։ – Ի՞նչ պատճառով հետաձգվեց ՀԺԿ համագումարը։ – Հետաձգվեց զուտ տեխնիկական պատճառներով։ – «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀԺԿ պատգամավորները լուրջ առարկություններ են ներկայացրել։ Կարծես թե Ձեր կուսակցությունը չի պատրաստվում այս ձեւով ընդունել օրենքը։ Իսկ նախագահ Քոչարյանը երկու օր առաջ ասաց, որ նրանք, ովքեր դեմ են այդ օրենքին՝ իրենց շահերն են հետապնդում։ – ՀԺԿ-ն կարեւոր է համարում այդ օրենքը, իսկ ՀԺԿ-ի ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ, որպեսզի ընդունվի լիարժեք, լավ օրենք։ – Այսօր մի շարք կուսակցություններում ներքին խմորումներ են տեղի ունենում։ ՀԺԿ-ին ե՞ւս սպասում են նման խմորումներ։ – Ոչ։ Կուսակցությունը քարացած օրգանիզմ չէ եւ տարբեր կարծիքների, մոտեցումների կամ քննադատության առկայությունը միայն օգտակար է ցանկացած կուսակցության համար։ Բայց մեծ հաշվով ՀԺԿ-ն համախմբված է եւ դա ապացուցեց վերջերս տեղի ունեցած քաղխորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին բոլոր տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ պատգամավորներ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել