Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԶԲԱՂՎԱԾ ՀԻՄՆԱՐԿԸ

Ապրիլ 20,2001 00:00

ԳԵՐԶԲԱՂՎԱԾ ՀԻՄՆԱՐԿԸ Մշակույթի նախարարության տարածքային քաղաքականության եւ ծրագրավորման վարչությունը կառավարությանը ներկայացրած հաշվետվությունում 2000թ. ընթացքում կատարած իր աշխատանքներն ամփոփել է ընդամենը 8 համառոտ կետերում։ Ընդ որում, որպես կատարված աշխատանք, առանձին կետերով նշվում են ինչ-որ պլանավորումներ ու քննարկումներ։ Ասենք, օրինակ, նշվում է, որ քննարկումներ են անցկացվել երաժշտական կոլեկտիվների ու կատարողների 2001թ. մարզային հյուրախաղերի վերաբերյալ ու դրանց ժամանակացույցն ուղարկվել է Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով։ Կամ, ասենք, վարչությունը գրություններ է ուղարկել ՀՀ մարզպետարաններին՝ մշակույթի նախարարություն-մարզեր համագործակցության նպատակով։ Թերեւս ողջ տարվա ընթացքում միակ դրական շարժն այն է եղել, որ վարչությունը «Կյորես» հայրենակցական միության հետ համատեղ Գորիսում անցած տարի գեղանկարչական սիմպոզիում է կազմակերպել՝ նվիրված քաղաքի անվանակոչության 130-ամյակին։ Հանրապետության ճանաչված յոթ նկարիչներ մեկնել են Գորիս եւ մեկ շաբաթվա ընթացքում հենց տեղում նկարած իրենց մեկական կտավները նվիրել են Գորիսի քաղաքապետարանին։ Վարչության պետ Համլետ Ասատրյանն ասաց, որ այդ միջոցառման նպատակը Գորիսում կերպարվեստի թանգարան հիմնելն է։ «Դրա համար այս ձեռնարկն ամեն տարի կկրկնենք ու երեք տարվա ընթացքում Գորիսում արդեն պատկերասրահ կունենանք»,- հույս հայտնեց Հ. Ասատրյանը։ Սակայն նա նշեց նաեւ, որ այդ նախաձեռնության իրականացման համար նախարարությունը տրամադրել է ընդամենը 100 հազար դրամ։ Դա անշուշտ չէր բավարարի անգամ նկարիչների տարրական կենցաղային պայմաններն ապահովելու համար։ Այդ պատճառով «հայավարի» աջակցություն է ցուցաբերել Գորիսի բնակչությունը։ Հետաքրքիր է, եթե այս տարի բնակչությունը «հայավարի» չաջակցի, ինչպե՞ս է վարչությունը հերթական անգամ միջոցառումն իրականացնելու։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել