Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՂԵՐԸ ՀԱՇՎԵՔ ՍԱՌՑԻՆ ԳՐԱԾ»

Ապրիլ 20,2001 00:00

«ՓՈՂԵՐԸ ՀԱՇՎԵՔ ՍԱՌՑԻՆ ԳՐԱԾ» Լոռու մարզխորհրդի հերթական նիստում բավականին հետաքրքիր խոսակցությունների ունկնդիր եղանք։ Մինչ նիստի սկսվելը (իսկ այն սկսվեց բավականին ուշացումով, մինչեւ կառավարական պատվիրակության ժամանումը), գյուղապետերից մի քանիսը դժգոհում էին, թե «Լոռի» ֆուտբոլային թիմի խաղի տոմսեր են տվել իրենց, եւ դա բնորոշեցին որպես «պարտադիր կամավոր» (մարդն ապրում է ոչ միայն հացիվ, այլեւ՝ «ֆուտբոլիվ»)։ «Տոմսի հետ լոտո կա՞»,- ալարկոտ հետաքրքրվեց մեկը, սակայն պատասխան չստացավ։ Ինչպես պարզվեց, մարզկենտրոն Վանաձորից առավել հեռու գյուղերին ավելի քիչ տոմսեր էին տալիս, մոտիկներին՝ շատ։ «Ինձ ինչի՞ ես էսքան շատ տալիս»,- դժգոհությամբ դիմեց տոմսեր բաժանողին մի գյուղապետ։ «Ում ինչքան ասել են, էնքան էլ տալիս եմ»,- առարկություն չընդունող տոնով հայտարարեց վերջինս։ «Հա՞, դե ուրեմն էդ փողերը հաշվեք սառցին գրած»,- չարախնդաց գյուղապետն ու ամեն բան… չվերջացավ։ «Պարտադիր տոմս առեք, պարտադիր թերթ գրվեք, քիչ էլ չէ՝ 10 հատ «Լոռու մարզ», էն էլ տեղ չի հասնըմ»,- «փիքր էր անում» ըմբոստներից մեկը, որ համեմատության համար քինախնդիր նշեց, թե «բա կոմունիստների վախտվան էլ քննադատում են, թե ամեն ինչը պարտադիր էր»։ Ամեն ինչից երեւում է, որ գյուղապետերի հետ գաղափարական աշխատանքներ չեն տարվում. բնականաբար, չէ՞ որ պետբյուջեի սահմաններում նման աշխատանքներ չեն նախատեսվում։ Մշակութային-լուսավորչական աջակցության անհրաժեշտություն է զգացվում գյուղական համայնքներում՝ համապատասխան հիմնադրամների կողմից, մանավանդ որ, գյուղապետերը, ինչպես հավաստեց մարզպետն իր ելույթում, միայն աշխատավարձի խնդիր են կարողանում լուծել՝ համայնքային սուղ միջոցների պատճառով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել