Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս խմբագրություն էին այցելել քույրեր Սեդա եւ Սիրուշ Վարդանյանները։

Ապրիլ 20,2001 00:00

Երկու քույր են, երկուսն էլ՝ մի հալի Օրերս խմբագրություն էին այցելել քույրեր Սեդա եւ Սիրուշ Վարդանյանները։ – Արդեն ինը տարի է՝ դռնեդուռ ընկած, մեկին խնդրելով, մյուսին աղաչելով՝ ման ենք գալիս։ Մենք փախստականներ ենք, մեկս՝ Ղարաբաղից, մյուսս՝ Գյումրիից։ Բազմիցս դիմել ենք տեղական գերատեսչություններ՝ մեզ որեւէ հանրակացարանում տեղավորելու կամ մոտակա գյուղերից մեկում փոքրիկ հողակտոր հատկացնելու խնդրանքով, բայց՝ անարդյունք,- սրտնեղած պատմում էին քույրերը։ Սեդա Վարդանյանը 1988-ի երկրաշարժից հետո լքել է իր ծննդավայրը եւ ընտանիքի հետ տեղափոխվել Երեւան։ Որոշ ժամանակ անց, աշխատանք գտնելու նպատակով նրա հաշմանդամ դարձած տղան եւ թոռները (հարսը մահացել էր երկրաշարժի ժամանակ) մեկնել են Ռուսաստան։ «Գիտեմ միայն, որ նրանք հազիվ, ծայրը ծայրին հասցնելով՝ ապրում են»,- պատմում է տիկին Սեդան։ Նույն վիճակում է նաեւ Սիրուշ Վարդանյանը։ 1992-ին, երբ Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղը թուրքերը գրավեցին (գյուղը դեռեւս ազատագրված չէ- Ա. Դ.), բնակչության մի մասը տեղավորվեց հարակից այլ գյուղերում, մյուսները, ովքեր ունեին երեւանաբնակ հարազատներ, տեղափոխվեցին Երեւան։ Նրա հարազատները նույնպես քաղաքում չեն եւ, ինչպես ասաց տիկին Սիրուշը. «Էդ խեղճ երեխեքը հազիվ իրենց գլուխն են պահում, ես ո՞նց նրանցից ինչ-որ բան պահանջեմ»։ Նշենք, որ Գյումրիում տիկին Սեդան բնակվել է վարձով։ Բնակվարչությունը խոստացել է նրան վերցնել հաշվառման։ Ինչպես ինքն ասաց. «Մի քանի անգամ փորձեցի ճշտել, թե ինչ ընթացքի մեջ են իմ գործերը, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ինձ ասում են՝ սպասիր, երբ հերթդ գա՝ կասենք»։ – Գյումրիում բան չեն ասում, իսկ տեղական իշխանություններն էլ չեն օգնում, պատճառաբանելով, որ Գյումրիի գրանցում ունեմ,- ասաց տիկին Սեդան։ -Իսկ ինձ մարդատեղ չեն դնում, որովհետեւ Երեւանում ղարաբաղցիներին աչքով աչք չունեն տեսնելու,- քրոջ խոսքը ընդհատելով ավելացրեց տիկին Սիրուշը։ Գյումրիի բնակիչ տիկին Սեդայի բնակարանի խնդրի շուրջ զրուցեցինք Գյումրիի քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի վարիչ Դանիել Դարբինյանի հետ, որն էլ տեղեկացրեց, որ «եթե տիկին Սեդան նախկինում Գյումրիում վարձով է բնակվել, ապա նա պետք է նախ դատարանի միջոցով անօթեւան ճանաչվի, որից հետո նրան մեկ օրում կգրանցեն եւ կմտցնեն բնակարանների բաշխման հերթացուցակ»։ Մեր այն հարցին, թե ինչքան ժամանակում տիկին Սեդային բնակարան կհատկացվի, պրն Դարբինյանը պատասխանեց. «Գյումրիում կա 14.000 անօթեւան ընտանիք, ուստի, երբ նրա հերթը գա՝ այն ժամանակ էլ կստանա»։ Ինչ վերաբերում է տիկին Սիրուշին, նշենք, որ նա մեզ խնդրեց ընդհանրապես չկապվել Ղարաբաղի իշխանությունների հետ, քանզի նա մտավախություն ուներ, որ իրեն «նորից կստիպեն գնալ ազատագրված, բայց կիսավեր ու քարուքանդ եղած թուրքի գյուղ, որտեղ համարյա բնակվող չկա։ Ես 71 տարեկան կին եմ, եւ ոչ իմ առողջությունը, ոչ էլ տարիքս չեն ներում, որպեսզի գնամ եւ մենակ ապրեմ այդ ամայի գյուղերից մեկում»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել