Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՞

Ապրիլ 20,2001 00:00

ԻՄ ՏՈՒՆԸ ՔՈ ՏՈՒՆՆ Է Թե՞ չէ Տուրիզմի եւ էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդին (ավելի ստույգ՝ խորհրդի իրավահաջորդ հանդիսացող՝ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին) պատկանող «Էրեբունի» հյուրանոցի բակում Երեւանի քաղաքապետի 2000թ. օգոստոսի 25-ի որոշմամբ հող է հատկացվել «Յունիտրանս ինտերնեյշընլ» ընկերությանը՝ «վարչագործարարական շենքի շինարարություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 50 տարի ժամկետով»։ Սակայն, ինչպես պնդում է «Էրեբունի» հյուրանոցի սեփականատեր հանդիսացող Տուրիզմի զարգացման հիմնադրամը՝ այդ տարածքն իրենց է տրված՝ «Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի» համաձայն։ Վկայականը տրվել է ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կողմից՝ 1998թ.։ Զավեշտականն այն է, որ վկայականի ամենաերեւացող մասում սեւով սպիտակի վրա մեջբերված է ՀՀ Սահմանադրությունից մի հատված. «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը։ Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք։ Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը։ Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով նախատեսված դեպքերում»։ Նույն վկայականում պարզորոշ տրված է Տուրիզմի հիմնադրամին պատկանող հողամասի հատակագիծը։ Նշված է նաեւ, որ հիմնադրամն այդ (1,3 հա) հողամասի նկատմամբ ունի մշտական օգտագործման իրավունք, կարող է հողամասն օգտագործել «սպասարկման նպատակով» եւ ավելին՝ հողամասն ունի նպատակային նշանակություն, որը կայանում է այդ տարածքում «հյուրանոցի կառուցման եւ սպասարկման» մեջ։ Իսկ ահա մեկ ուրիշ փաստաթղթում նույնքան պարզորոշ գծված է «Յունիտրանս ինտերնեյշընլ» ընկերությանը հատկացված հողամասի հատակագիծը։ Երկու հատակագծերը ամենաանփորձ ու անզեն աչքերով համեմատելու դեպքում նույնիսկ ակնհայտ է դառնում, որ «Յունիտրանսին» տրված տարածքը համընկնում է Տուրիզմի զարգացման հիմնադրամին հատկացված հողամասի մի հատվածին։ Ստացվում է, որ քաղաքապետարանը գործել է հին հայկական ավանդույթի համաձայն ու «հարսի համապատասխան փափուկ տեղով լավություն է արել փեսին»։ Ու մինչ Տուրիզմի զարգացման հիմնադրամը անակնկալի եկած՝ չգիտի, թե այս «ի՞նչ օյին են խաղում իրենց գլխին», «Յունիտրանսն» իր ոտքի տեղն է «պնդացնում»՝ «Երեւան» հիմնադրամի հաշվին պատկառելի գումարներ փոխանցելով՝ «քաղաքի կարիքները հոգալու համար»։ Այս մեթոդն իրեն արդեն հասցրել է բազմիցս արդարացնել, սակայն դա չէ խնդիրը։ Երեւանի նախկին քաղաքապետ Ա. Բազեյանը «Յունիտրանսին» «Հանրապետության փողոցում վարչագործարարական շենքի շինարարության իրականացման նպատակով 800 քմ մակերեսով հողամաս հատկացնելու մասին» որոշումը ստորագրել է՝ հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագիծը։ Երբ «Առավոտը» Տուրիզմի զարգացման հիմնադրամի ահազանգով եղավ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներկայիս պետ Սամվել Կոտոլիկյանի մոտ (ի դեպ, նա ընդամենը 2 ամիս է, որ պաշտոնավարում է եւ, բնականաբար, պատասխանատու չէ հիշյալ գործի առնչությամբ առաջացած խառնաշփոթի համար), նա անակնկալի եկավ՝ համադրելով մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու հատակագծերը։ Դժվարանալով որեւէ կերպ մեկնաբանել քաղաքապետարանի սույն կամայականությունը, պրն Կոտոլիկյանը որպես արդարացում նշեց միայն, որ Տուրիզմի հիմնադրամին «Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը» տալուց առաջ կադաստրի վարչությունը պիտի իրենց վարչության հետ ճշտեր տրամադրվող հողամասի սահմանները եւ գուցե թե իրենք չհամաձայնեին այդ «անհասկանալի սահմանների» հետ։ Ամեն դեպքում, պրն Կոտոլիկյանը համաձայնեց, որ առաջացել է լուրջ քաղաքաշինական խնդիր եւ Տուրիզմի հիմնադրամն իրավունք ունի քաղաքապետարանին դատի տալու։ Սակայն, դրա հետ մեկտեղ, առավել քան տարօրինակ էր նրա մյուս մոտեցումը. «Կզբաղվենք այս հարցով եւ գուցե թե «Էրեբունի» հյուրանոցին հատկացված տարածքի սահմանները վերանայենք»։ Նա նշեց, որ «Յունիտրանսն» արդեն գրանցված է կադաստրում։ Թե ինչո՞ւ պետք է վերանայվեն «Էրեբունու» սահմանները եւ ոչ թե «Յունիտրանսին» հողահատկացման օրինականությունը, մեծ հարց է։ Իսկ մինչ այդ, Տուրիզմի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ստեփանյանը տալիս է մի շատ տրամաբանական հարց. «Իսկ եթե մենք այդ տեղում արդեն որեւէ շինարարություն արած լինեինք (ինչի իրավունքը լիովին ունեինք), ի՞նչ պիտի անեին այդ դեպքում՝ մեր կառուցա՞ծը քանդեին։ Ի՞նչ է ստացվում, ցանկացած մեկը կարող է գալ, մտնել տունդ, դառնալ տանտե՞ր»։ Պրն Ստեփանյանը տեղեկացրեց, որ իրավիճակի մասին պատմող բողոք-նամակներով դիմել են Երեւանի ներկայիս քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ պրն Ցոլակյանին։ Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Մոռացա, մի շատ լավ խորհուրդ կարող եմ տալ Տուրիզմի զարգացման հիմնադրամի ղեկավարությանը՝ աղմկելու եւ արդարություն փնտրելու փոխարեն փոխանցումներ կատարեք «Երեւան» հիմնադրամին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել