Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Ապրիլ 20,2001 00:00

«Եթե»-ն տեսաձայնագրված է Երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այս էլ երկրորդ անգամ Սարգիս Շահմուրադյանի գործի վերաբերյալ մեղադրական եւ պաշտպանական ճառերի լսումը հետաձգվեց։ Սարգիս Շահմուրադյանի շահերի պաշտպան Ռուզաննա Տեր-Վարդանյանը տեղեկացրեց, որ հետաձգվելու պատճառը կապված է «Հոկտեմբերի 27»-ի գործի, ինչպես նաեւ՝ բենզին չլինելու հետ։ «Եթե չկար, գոնե նախօրոք ասեին, մենք կտայինք»,- դժգոհեց դատապաշտպանը։ Ըստ Ռ. Տեր-Վարդանյանի, քննության ընթացքում քննիչ Հ. Ղարախանյանը թույլ է տվել բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Դրանցից մեկը պաշտպանական իրավունքի խախտումն է. «Երբ իմ պաշտպանյալը գրել է, թե ցանկանում է պաշտպան ունենալ, ինձ, որպես պաշտպանի, գործի մեջ մտցրեցին դրանից մի քանի օր հետո միայն, որի իրավունքը չունեին»,- ասաց դատապաշտպանը։ Մյուս կեղծիքը, ըստ Ռ. Տեր-Վարդանյանի, հետեւյալն է՝ երբ Ս. Շահմուրադյանն ասել է, թե «ես չեմ վերցրել այդ գումարը, այդ օրը քննության օր էր, տուն էլ չէի գնացել։ Եթե Հրաչ Սուքիասյանը (դիմորդի հայրը) ճիշտ է ասում, որ ես 10 հազար դոլար վերցրել եմ եւ տարել, ապա այդ գումարը անպատճառ պետք է տարած լինեմ ինստիտուտ եւ, եթե վերցրել եմ, գումարը պետք է լինի իմ սեյֆում», քննիչը այդ «եթե» բառը հանել է եւ թողել միայն շարունակությունը՝ «վերցրել եմ, ուրեմն կլինի սեյֆում»։ Դատապաշտպանը պնդում է, որ չնայած այդ «եթե»-ն տեսաձայնագրված է, այնուամենայնիվ դա չի խանգարել քննիչ Ղարախանյանին կեղծ արձանագրություն կազմելու. «Ընդամենը դա է եղել հիմքը, ըստ որի այսօր անմեղ մարդու վրա քրգործ են հարուցել»։ Շուրջ 9 ամիս է, Ս. Շահմուրադյանը կալանված է, իսկ դատական այս անիմաստ քաշքշուկը 6 ամիս է ինչ ընթանում է։ Դատապաշտպան Ռուզաննա Տեր-Վարդանյանի տվյալներով, 25 վկաներից ներկա դրությամբ չկա մեկը (բացի Բրյուսով ինստիտուտի հանձնաժողովի անդամ կանանցից, որոնց նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, ըստ Ռ. Տեր-Վարդանյանի՝ «բառ առ բառ» համապատասխանում են միմյանց), որը վկայություն տա։ Վերջինիս տվյալներով, ականատես վկաների, որոնք իբրեւ տեսել են, թե ինչպես է Ս. Շահմուրադյանը փողը վերցրել, ցուցմունքներն ու բացատրությունները չեն համընկնում իրար. «Մեկն ասում է, թե Ս. Շահմուրադյանը պայմանավորվածության համաձայն հանդիպման վայրում է եղել 1։30-ին, մյուսի խոսքով՝ 2։30-ին, այնինչ Ս. Շահմուրադյանը 1։45-ին մասնակցելիս է եղել ժողովի»։ Որքան էլ զարմանալի է, մեղադրականի առաջին տողերը հետեւյալն են՝ «հայտնի չէ, թե ինչու Բրյուսովի ռեկտոր Ս. Զոլյանը, թողած ավելի ստաժավոր անձանց, քննությունների հանձնաժողովի նախագահ է նշանակել քիչ ստաժ ունեցող դասախոսի»,- ինչը, ըստ դատապաշտպանի, բացահայտ չկամություն է։ «Մեր դատական եւ քննչական մարմիններում այն աստիճանի անպատժելիություն է առաջացել, երբ որ քննիչը ասում է՝ ձյունը սեւ է, եւ ես բողոքում եմ մինչեւ Ռ. Քոչարյան, բայց չեմ կարողանում ապացուցել, որ ձյունը սպիտակ է»։ Վերջին հույսը Եվրոդատարան դիմելն է, որտեղ Ռ. Տեր-Վարդանյանը հույս ունի ապացուցել իր պաշտպանյալի անմեղությունը։ Ի դեպ, Եվրոդատարան դիմելու հնարավորություն մեր քաղաքացիները կստանան հունիսից: ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել