Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը

Ապրիլ 20,2001 00:00

ՍՆԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՈՃԻՐԻՆ Ամբաստանյալը սկսեց ցուցմունքներ տալ «Հոկտեմբերի 27» գործի դատաքննությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի նոր պաշտպանի՝ Արտավազդ Կարապետյանի ներգրավմամբ։ Ամբաստանյալը մինչ իր ցուցմունքներ տալը խնդրեց կարճ առանձնազրույց իր պաշտպանի հետ, ինչը բավարարվեց դատարանի կողմից։ Բացի հոգեբան Ս. Ամիրյանից, երկրորդ հոգեբանն այսուհետեւ կմասնակցի դատական նիստերին, իր մասնակցության համար, ինչպես ասաց դատավոր Սամվել Ուզունյանը, ստանալով ծախսերի հատուցում։ Դատավորը զգուշացրեց հոգեբանին նաեւ s«հրապարակավ ելույթներ չունենալ»։ Մինչ դատարանի դահլիճից կհեռացվեին (համաձայն որոշման) ամբաստանյալներ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Էդիկ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանովը, դատարանը ճշտեց նրանց եւ Նաիրի Հունանյանի փոխհարաբերությունները։ Կարենի նկատմամբ «եղբայրական էր, մեծի եւ փոքրի հարաբերություններ էր», Էդիկին Նաիրին ճանաչում էր 1980-ից, եւ «թշնամություն չկար եւ դժվար թե լինի», Վռամի հետ հարաբերությունները նույնպես եղբայրական էին եւ ոչ որպես քեռու հետ հարաբերություն, Դերենիկին ճանաչում էր 1999 թ.-ից, «թշնամություն չկար ու հիմա էլ չկա», ինչը հաստատեց Դ. Բեջանովը։ Հունանյանը ամբաստանյալներ Համլետ Ստեփանյանին, Սարգիս Եթիմյանին, Սաշիկ Ղլեչյանին, Ավետիք Մինասյանին ճանաչել է դատարանի դահլիճից կամ քրգործի նյութերին ծանոթանալիս։ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը գրեթե կրկնեց հնչած հարցը՝ «Ներկա պայմաններում ունե՞ք հակակրանք», ինչին ամբաստանյալներ Գալստյանը, Գրիգորյանը, Բեջանովը ժխտական պատասխաններ տվեցին։ Ժամը 12.00-ին սկսում է ցուցմունքներ տալ Նաիրի Հունանյանը սկսեց իր դատաքննական ցուցմունքները կենսագրությունից, «որոշ լրացումներ» անելով։ Այդ լրացումներից տեղեկացանք, որ նրա հայրն իբրեւ անձնավորություն «բավական ինքնամփոփ մարդ է եղել» եւ ենթադրություն է ընդամենն այն, որ «իբր կամային հատկանիշներով թույլ լինելն է ազդել ամուսինների հարաբերությունների վրա»։ Ըստ ամբաստանյալի, հայրն աշխատելով պետական ապարատում՝ «ոչ մի կոպեկ չի գողացել պետությունից, չի գայթակղվել, մարդը կամք է ունեցել»։ Ն. Հունանյանը, ինչպես ինքն էր խոստացել «ամենայն մանրամասնությամբ» շարունակում էր ցուցմունքներ տալ, նկարագրելով անգամ իրենց բակը, թաղամասը, որը «գյուղի սովորույթների նմանություն ուներ», ուր «հազարից մեկ էր, որ որեւէ դեպք էր լինում» եւ այդ միջավայրի «արժեքները ստացել եմ եւ ժառանգել»։ Ն. Հունանյանը նկարագրեց իր դերը, երբ ընդունվել էր համալսարանի բանասիրական ֆակուլտետ, երբ սկսվեցին ուսանողական շարժումները։ Ի դեպ, այդ շրջանի ամենամեծ հերոսապատումն այն էր, որ 1987 թ. ամռանը ծովում փրկել է մի աղջկա, եւ դահլիճին զարմացական «վիճակից դուրս բերելու համար» համեստաբար հավելեց. «Այդպիսի դեպքեր էլի են եղել, ես այդ մեկը հիշեցի»։ Երկրորդ շոկային վիճակն ապրեցինք այն ժամանակ, երբ ասաց, թե ինքը մշտապես ստեղծագործում է, ավելին, հոգեբանին դիմեց, ցանկության դեպքում տրամադրել մեկուսարանում գրած իր «մի քանի ժողովածուները»։ Դատաքննության ժամանակ Հունանյանը ներկայացրեց 88 թ. շարժմանն իր մասնակցությունը։ Այդ ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեում «ներքին գզվռտոցներ» կային, ու ինքը սկսեց «Օպերայում նստացույց սկսելով»։ Նոր քաղաքականության «հիմնադիրը» Ամբաստանյալն ասաց նաեւ, որ մինչեւ մայիսի 21-ը՝ «Ղարաբաղ» կոմիտեի «ներքին հեղաշրջումը», Իգոր Մուրադյանի հետ է շփումներ ունեցել, ինչպես նաեւ՝ ձեւավորվող նոր ուժերի, «ակտիվիստների» հետ։ Ամբաստանյալը հիշեց, որ Արցախ է մեկնել «Ղարաբաղ» կոմիտեի չորս անդամների հետ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի։ Այդ ժամանակ էլ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի, Ժաննա Գալստյանի հետ… Հունանյանն իրեն վերագրեց «Հայ ուսանողական դաշինքի» ստեղծումը, «Հայլուրի» փակման առիթով լրագրողական համերաշխության միջոցառումների կազմակերպումը, «Հորիզոն» լրատու գործակալության հիմնադրումը, սկաուտական շարժման ձեւավորումը, անգամ… Ղարաբաղի կոմերիտական կազմակերպության միացումը Հայաստանի կոմերիտմիությանը, մասնավորապես՝ ՀԵՄ-ին (Հայաստանի երիտասարդական միությանը)։ «Հիմնադիր» աշխատանքների մեջ շեշտվեց, որ անկախ մամուլի ձեւավորման աշխատանքներում էլ է մասնակցություն ունեցել, այն դեպքում, երբ ինքն ընտրել էր եւ ներկայացնում էր այդ ժամանակվա կուսակցական (ՀՅԴ) մամուլը։ «Քաղաքական կենսագրությունից» նկատեց, որ բացակայել է 1989 թ. մարտի 26-ին վարչական կալանքի ենթարկելու փաստը, որից, իհարկե, 8-10 օր է «նստել»։ Աշխատել է Դաշնակցության լրատվական կենտրոնում, եղել կուսակցական եւ սակայն, երեկվա նրա ցուցմունքներն այնքան «խորացան», որ կարծես «Դաշնակցության կասեցման հարցն» էր լսվում, իսկ ամբաստանյալն էլ գլխավոր հայցվորն էր։ – Ամբաստանյալ, ի՞նչ շահեր ասացիք,- հանկարծ ու հարցնում էր դատավորը, որովհետեւ նիստերի քարտուղարը չէր հասցնում գրառել: Լսվում էր ինքնավստահ պատասխանը. – Ամբոխավարական։ Ամբաստանյալն անդրադարձավ Վահան Հովհաննիսյանի այն ցուցմունքին, որում խոսք էր գնացել իրեն Դաշնակցությունից հեռացնելու մասին։ «Միայն այն հանգամանքը, թե ինձ երբ են հեռացրել, իր ցուցմունքի արժանահավատության մասին է խոսում»,- ասաց նա եւ ապա նշեց, որ ինքը ոչ մի առնչություն չի ունեցել թուրքական լրատվական գործակալությունների հետ։ Նա ասաց, որ լրագրող Տիգրան Նազարյանն էր կապված Մոսկվայի «Հյուրիեթ» թերթի պատասխանատու Ներդուն Խաջօղլիի հետ, ինչն էլ վերագրվել է իրեն։ Ըստ ամբաստանյալի, այդ կապերի մասին այդ ժամանակ ինքը հայտնել է հանգուցյալ Հրայր Մարուխյանին, իսկ Տիգրանն էլ «պարբերաբար խորհրդակցել է մեր անվտանգության մարմինների հետ»։ Ինչ վերաբերում է, թե ինքը կասկածելի աղբյուրներից վճարվող լրատվական կենտրոն է ստեղծել, պատասխանեց, թե փորձել է ստեղծել առանձին լրատվական գործակալություն, որտեղ անվճար աշխատել են Նաիրի Բադալյանը, Տիգրան Նազարյանը եւ թարգմանչուհի Գայանե Մովսիսյանը։ Հունանյանն իր եւ ՀՅԴ-ի հարաբերությունների «սառեցումը» բացատրեց այն հանգամանքով, որ չէին ուզում, որ ինքը դառնար Կենտրոնական կոմիտեի անդամ։ Գործակալության աշխատանքները դադարել են, ըստ ամբաստանյալի՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով… Դատական հաջորդ նիստը կհրավիրվի ապրիլի 23-ին եւ այսուհետեւ, ինչպես տեղեկացրեց դատավոր Ս. Ուզունյանը, աշխատանքային չորս օր կլինի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել