Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ երթուղու «կռիշները» փոխվում են

Ապրիլ 20,2001 00:00

Գործազուրկների բանակը ստվարանում է Իսկ երթուղու «կռիշները» փոխվում են Թիվ 14 երթուղու միկրոավտոբուսների 40 վարորդներ համալրեցին հանրապետության բազմահազար գործազուրկների բանակը։ Երեկ, Ազգային ժողովի մուտքի մոտ, հերթական անգամ բողոքի ցույցի էին հավաքվել այս երթուղու արդեն գործազուրկ վարորդները։ Մեր թերթն արդեն արձանագրել է, որ թիվ 14 երթուղին «սեփականաշնորհել է» ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր տարի մրցույթ է անցկացվում երթուղային գծերը սպասարկող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, որի արդյունքում էլ որոշվում է տվյալ երթուղին սպասարկող տնտեսվարող սուբյեկտը։ Սովորաբար մրցույթին յուրաքանչյուր երթուղու համար մեկ տնտեսվարող սուբյեկտ է հայտ ներկայացրել։ Այս տարի հանկարծ պարզվել է, որ որոշ երթուղիների համար մի քանի հայտ է ներկայացվել։ Մրցույթի արդյունքում որպես թիվ 14 երթուղային գիծը սպասարկող է ճանաչվել «Արարատ» ՍՊԸ-ն, քանի որ բոլոր մեքենաները դրական միավոր են հավաքել։ Այս մասին մեզ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը։ Նրա հավաստմամբ՝ բողոքող վարորդների միկրոավտոբուսներից միայն մեկն է բավարար միավորներ հավաքել։ Իսկ թիվ 14 երթուղու՝ արդեն գործազուրկ վարորդները պնդում էին, թե մրցույթին իրենց ներկայացրած 18 միկրոավտոբուսներից միայն երեքը տեխնիկապես չեն բավարարել մրցույթի պայմաններին։ Վարորդները շեշտեցին, թե իրականում թիվ 14 երթուղու մրցույթը հաղթել է «Արարատ» ՍՊԸ-ն միայն այն բանի համար, որ դրա թիկունքում կանգնած է ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը։ «Նա 18 հատ նոր «Երազ» ա բերել մտցրել մրցույթին, բա պարզ ա, որ էս տարվա արտադրության «Երազները» պետք ա հաղթեին մեր «Ռաֆերին»,- նշեցին բողոքավոր վարորդները։ «Ինչի՞ չեք ասում, ասեք, թող գրի, քաղմասի պետի տեղակալ Վահագն Գրիգորյանը էնվեդեի նախարարի խորհրդական Միքայել Գրիգորյանին բռնի ուժով լարեց։ Ասում ա՝ լավ եմ անում, գիծը առել եմ, ինչ կարաք՝ արեք»,- վրա բերեց ցուցարար վարորդներից մեկը։ Հիշեցնենք, որ երթուղային գիծ գնելու կամ սեփականաշնորհելու մեխանիզմ Հայաստանում դե յուրե չկա, սակայն դե ֆակտո՝ ծաղկում է ապրում։ Հայտնի է, որ երթուղային գիծ ունենալը ներկայումս մեր հանրապետությունում գոյություն ունեցող սակավաթիվ եկամտաբեր բիզնեսներից մեկն է։ Ավելին, երթուղային գիծ սպասարկելու համար տվյալ տնտեսվարող սուբյեկտը նախ պետք է «կռիշա» ունենա։ Նկատի ունենալով այս փաստը, մեզ համար բոլորովին էլ տարակուսելի չէ, որ «Արարատ» ՍՊԸ-ն մրցույթը հաղթել է միայն այն բանի համար, որ նրա «կռիշան» պատգամավոր Մելիք Գասպարյանն է։ «Մենք էս 40 վարորդներով պետք է գործազուրկ մնա՞նք։ Դեպուտատը եթե էդքան փող ունի ու մտածում է աշխատատեղեր բացելու մասին՝ թող նոր գիծ բացի, ոչ թե 40 վարորդի գործազուրկ դարձնի։ Ու երեխեն էլ որ մի օր սոված մնաց՝ Գասպարյան Մելիք չլինի, ով ուզում է լինի, վատություն չենք կարա՞ անի»,- մեկը մյուսին հերթ չէին տալիս զայրացած վարորդները։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել