Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Ապրիլ 20,2001 00:00

«ԲԷՑ-ԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ՆՈ՞ՒՅՆՆ ԵՆ» Երեկ ԲԷՑ-երի վաճառքի դեմ Ազատության հրապարակում կազմակերպվել էր հանրահավաք: «Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարբաջում է, թե ԲԷՑ-երի վաճառքի դեմ կազմակերպությունների պայքարը, բողոքն ու այդ հարցում վճռականությունը ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության եւ ազգային անվտանգության դեմ։ Մենք գտնում ենք, որ այդ կազմակերպությունների պայքարը ժողովրդի սրտից է բխում եւ ծառայում է ժողովրդի շահերին»,- հայտարարեց ԱՎՄ ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը։ Հանրահավաքը նախաձեռնել էին 33 հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ, որոնք վերջին շրջանում պարբերաբար եւ հետեւողականորեն քարոզչական պայքար են սկսել ԲԷՑ-երի վաճառքի դեմ։ Հանրահավաքում հնչած ԲԷՑ-երի ռազմավարական նշանակության, շահութաբերության, դրանց վաճառքի հանելու շարժառիթների, իշխանությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջեւ կնքված կասկածելի այդ գործարքի, ապազգային իշխանությունների ու այլնի մասին հայտարարություններն, ըստ էության, նոր ոչինչ չէին ավելացնում այն ամենին, ինչ նույն այդ կազմակերպություններն առանձին-առանձին կամ միասին հայտարարել էին իրենց ասուլիսներում եւ կլոր սեղանների շուրջ քննարկումների ժամանակ։ Նախաձեռնության նշանակությունը սակայն ժողովրդին ոտքի հանելն ու կազմակերպությունների սկսած պայքարին մասնակից դարձնելն էր, ինչը, կարծես, թե, ստացվեց։ Բնականաբար, բաշխիչ ցանցերի վաճառքի դեմ կազմակերպված հանրահավաքը համեմվեց իշխանություններին տրված քաղաքական գնահատականներով։ Նկատենք՝ իշխանություններին, բայց ոչ՝ նախագահ Քոչարյանին։ Գրեթե բոլոր բանախոսները շեշտեցին, որ ժողովուրդն այլեւս չի հավատում ու չի վստահում վարչապետին ու պատգամավորներին։ Կոմունիստ Խորեն Սարգսյանը նկատեց, թե բանախոսները դիմում են երկրի ղեկավարներին՝ մոռանալով, որ Հայաստանի իրական ղեկավարները ոչ թե Ռոբերտ Քոչարյանն ու Անդրանիկ Մարգարյանն են, այլ Արժութային հիմնադրամն ու ԱՄՆ-ը։ Ուստի, նա հարկ համարեց դիմել երկրի անմիջական տերերին՝ «Պարոնա՛յք, մի գնեք Հայաստանի ԲԷՑ-երը, որովհետեւ այս իշխանությունները երկար չեն «ձգի»։ Գալու ենք մենք եւ ձեր ձեռքից առնելու ենք ԲԷՑ-երն ու փողերը ետ չենք վերադարձնելու»։ Բազմության մեջ կանգնածներից մեկը ձայնակցեց՝ «Ա՛խ, մի սովետը հետ գար ու սրանց հետ մի դատաստան տեսներ»։ Ելույթ ունեցավ նաեւ «Հայկանդուխտ» կազմակերպության նախագահն ու ասաց, թե ԱԺ երբեմնի ընդդիմադիր պատգամավորներից շատերն են այսօր իրենց դեմքն ու գույնը փոխել։ Հատկապես մատնանշվեց ԱԺՄ անդամներ Ֆիլարետ Բերիկյանի եւ Սեյրան Ավագյանի անունները, որոնք համալրեցին հանրահավաքի կողմից «ապազգային», «երկրի թշնամի» եւ «ծախված պատգամավորներ» ցուցակը։ Ցեղապաշտական կուսակցության ներկայացուցիչներից մեկն էլ իր ելույթում ազգայնական կուսակցությունների եւ ազատամարտիկների անունից հայտարարեց, թե վերջիններս դեմ են ռազմավարական նշանակություն ունեցող ԲԷՑ-երի վաճառքին։ «Դրանք չի կարելի վաճառել այնպես, ինչպես չի կարելի վաճառել բանակն ու հայրենիքը»։ Նա հավաքվածներին երկու առաջարկ ներկայացրեց. «Այն օրը, երբ հայտարարվի, որ ԲԷՑ-երը վաճառվել են ամերիկացիներին, ժողովուրդը կդադարի էլեկտարէներգիայի վարձավճարները մուծել։ Երբ ԲԷՑ-երի նոր տերերը անջատեն մեր լույսերը, մենք նրանց էլ, իշխանություններին էլ դուրս կշպրտենք մեր երկրից»։ Հանրահավաքի ողջ լրջությանը զուգահեռ մի զավեշտական պահ էլ կար։ Նախաձեռնողներն ու ելույթ ունեցողները, ԲԷՑ-երի վաճառքի, երկրի տնտեսական ծանր վիճակի համար իբրեւ հիմնական մեղավորներ ներկայացնում էին ԲԷՑ-երի վաճառքի մասին օրինագծին «կողմ» քվեարկած պատգամավորներին եւ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը։ Նախագահ Քոչարյանի մասին ոչ մի խոսք։ Տպավորությունն այնպիսին էր, թե մեր երկրում պետության ղեկավարը հենց վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու օրենսդիրներն են, իսկ Քոչարյանը պարզապես անգլիական թագուհի է կամ կողմնակի դիտորդ։ Հոգեբանությունն այս էր, թերեւս. «Ցարը մեղավոր չէ, մեղավոր են բոյարները»։ Գուցե, իրոք, ճիշտ էր նկատել հանրահավաքի մասնակից մի տարեց տղամարդ՝ «Էս սաղ Ռոբերտի մանկլավիկներն են, սրանց ուզածն էն ա, որ Անդրանիկ Մարգարյանին հանեն»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել