Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆԱՑ ՉՈՐՍ ԹԻՄ

Ապրիլ 20,2001 00:00

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆԱՑ ՉՈՐՍ ԹԻՄ Եվ այսպես, հայտնի դարձան այն չորս ակումբները, որոնք Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին։ Իսպանիայի «Դեպորտիվոն» հյուրընկալելով Անգլիայի «Լիդսին», արեց ամեն բան՝ բաղձալի նպատակին հասնելու համար։ Սակայն առաջադրանքը չափազանց դժվար էր։ Անհրաժեշտ էր մրցակցի դարպասն անցկացնել չորս գնդակ՝ բաց չթողնելով եւ ոչ մեկը (իսպանացիներն առաջին խաղում զիջել էին 0։3 հաշվով)։ Ու որքան էլ ջանք ու եռանդ գործադրեցին, հարցի լուծումը նրանց ուժերից վեր էր։ Այդուհանդերձ, «Լիդսի» դարպասը խփած երկու գոլերը նրանց ու «Դեպորտիվոյի» երկրպագուների համար սփոփանք կարող են լինել։ Իսպանա-անգլիական մյուս զույգում «Վալենսիան» սեփական հարկի տակ պատասխան խաղում ուժերը չափեց «Արսենալի» հետ, որին նրա դաշտում պարտվել էր 1։2 հաշվով։ Կիսաեզրափակիչ մտնելու համար դաշտի տերերին բավականացնում էր նույնիսկ 1։0 հաշիվը, որն էլ նրանք արեցին։ Երկու հանդիպումների արդյունքով հաշիվը դարձավ 2։2, սակայն մրցակցի դաշտում խփած գնդակի առավելությամբ «Վալենսիան» պայքարը շարունակելու իրավունք նվաճեց։ Անչափ լարված պայքար էր ակնկալվում Մյունխենում կայացած «Բավարիա»-«Մանչեսթեր Յունայթեդ» թիմերի պատասխան խաղում։ Գերմանացիները երկու շաբաթ առաջ Անգլիայում հաղթել էին ՄՅՈւ-ին (1։0)՝ բավականաչափ հեշտացնելով իրենց գործը երկրորդ մրցամարտում։ Սակայն աշխարհի ուժեղագույն ակումբային թիմերից մեկը համարվող «Մանչեսթեր Յունայթեդը» բազմիցս հրաշքներ է գործել՝ գլուխ բերելով գրեթե անհնարինը։ Հավանաբար շատերն էին սրտի խոսքում սպասում, թե սըր Ալեքս Ֆերգյուսոնի սաները այս անգամ էլ կխառնեն մյունխենցիների խաղաքարտերը։ Ու նրանք այդպիսի փորձ արեցին։ Սակայն գերմանացիները պատրաստ էին դրան ու մեթոդաբար ահեղ մրցակցին պարտադրեցին իրենց կամքը՝ տանելով երկրորդ հաղթանակը 2։1 հաշվով։ Եվ վերջապես «Ռեալ»-«Գալաթասարայ» հանդիպումը։ Բոլորն են հիշում, թե ինչպես Իսպանիայի արքայական ակումբը Թուրքիայում խաղը շահելով 2։0 հաշվով, ի վերջո ցավալի պարտություն կրեց՝ բաց թողնելով երեք գնդակ։ Պատասխան խաղի արդյունքի մասին, կարելի է ասել, ոչ ոք կասկած չուներ. «Ռեալը» պետք է հաղթեր ու անցներ հաջորդ փուլ։ «Գալաթասարայի» հարցերը լուծվեցին դեռեւս առաջին խաղակեսում։ «Ռեալը» մրցակցին երեք անգամ պարտադրեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Բայց թուրքերը իրենց «իմիջին» ուժգին հարված հասցրած կլինեին, եթե պարտությունն ընդունեին այնպես, ինչպես կվարվեին իսկական ասպետները։ Տեսնելով, որ անզոր են, նրանք երկրորդ խաղակեսում դիմեցին ըստ ամենայնի յուրացված ու իրեն ոչ միայն սպորտում արդարացրած ռազմավարությանը՝ սադրանքին։ Ու ցավալին ու զարմանալին այն է, որ այդ ամենին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան բրազիլացի լեգեոներները։ Իզուր չի ասված, որ վատ օրինակն ավելի վարակիչ է։ Հարկ չկա նկարագրելու «Գալաթասարայի» ֆուտբոլիստների՝ մարզիկին ոչ սազական պահվածքը, մանավանդ, որ հայ ֆուտբոլասերը այդ ամենի ականատեսը դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության կազմակերպած ուղիղ եթերում։ Միայն նշենք, որ «Ռեալը» 45 րոպեում ջարդուփշուր արեց մրցակցին, իսկ երկու խաղերի ընդհանուր արդյունքով 5։3 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մնաց չորս թիմ, որոնք ներկայացնում են եվրոպական երեք երկիր՝ Իսպանիան («Վալենսիա» եւ «Ռեալ»), Անգլիան («Լիդս») եւ Գերմանիան («Բավարիա»)։ Մայիսի 1-ին «Ռեալը» կհանդիպի «Բավարիայի», իսկ հաջորդ օրը՝ «Լիդսը»՝ «Վալենսիայի» հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել