Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային համաձայնության ճակատն» իր անդրանիկ ասուլիսում հայտարարել

Ապրիլ 20,2001 00:00

Չէ՛, Հայաստանը Շվեյցարիա չէ «Ազգային համաձայնության ճակատն» իր անդրանիկ ասուլիսում հայտարարել էր, թե նպատակ ունի իր առաջադրած խնդիրների կենսագործման շուրջ համախմբել հասարակության բոլոր շերտերին եւ քաղաքական ուժերին՝ ազգային համաձայնության մթնոլորտ ձեւավորելու եւ նախագահ Քոչարյանին օր առաջ պաշտոնանկ անելու համար։ Իհարկե, թերեւս, հաշվի առնելով Արկադի Վարդանյանի նախադեպը, Ճակատի ներկայացուցիչները մատնանշել էին, թե դրան հասնելու են քաղաքակրթությանը հայտնի բոլոր ձեւերով՝ բացառելով բռնությունը։ Հասարակության հետ ակտիվ շփումները Ճակատը սկսեց արդեն այս շաբաթ։ Վերջինիս ներկայացուցիչներն այցելեցին Արագածոտնի մարզ։ Ճակատի ներկայացուցիչներն օրերս հանդիպումներ են ունեցել Աշտարակում եւ Ապարանում։ Վարդան Խաչատրյանը, որ Ճակատի անդամ՝ «Սոցիալիստական Հայաստան» կուսակցության գործկոմի նախագահն է, նշեց, թե աշտարակցիների պնդմամբ, մինչ իրենց մեկնելը, ազգային անվտանգության մարմիններն այնտեղ որոշակի աշխատանքներ են տարել եւ փորձել են խոչընդոտել հանդիպմանը։ «Ես չգիտեմ, թե ինչու են իշխանությունները Ճակատի հանդեպ նման վերաբերմունք որդեգրել։ Ամեն դեպքում մենք ապրում ենք քաղաքակիրթ հասարակությունում, որտեղ բացախոսությունն ու տրամագծորեն հակադիր տեսակետների առկայությունը փաստ է»,- նկատեց Վ.Խաչատրյանը։ Այդուհանդերձ, ե՛ւ Աշտարակում, ե՛ւ Ապարանում Ճակատի եւ ժողովրդի հետ նախատեսված հանդիպումները կայացել են։ Վարդան Խաչատրյանն ասաց, թե հանդիպումը հատկապես հետաքրքիր էր Աշտարակում՝ ուր մասնակիցների մեծ մասը ինտելեկտուալ բարձր մակարդակ ուներ, հարցադրումներն էլ ավելի քան լուրջ էին։ «Զգալի էր ժողովրդի հետաքրքրությունը Ճակատի գործունեության հանդեպ, նրա նպատակները հասկանալի եւ ըմբռնելի էին հասարակության կողմից։ Մյուս կողմից՝ ավելորդ անգամ համոզվեցինք, որ երկրի ճգնաժամային վիճակը խրոնիկ է դարձել եւ դա մտահոգիչ է»,- ասաց պարոն Խաչատրյանը։ Աշտարակում եւ Ապարանում ունեցած հանդիպումներն ու հասարակության հետ շփումները, նրա կարծիքով, վկայում են, որ մարդիկ հուսահատված են։ Ճակատի ներկայացուցիչներին ուղղված եւ ամենահաճախ հնչող հարցադրումները հռետորական եւ մտահոգիչ են եղել՝ հիմա մնա՞նք էս երկրում, թե՞ թողնենք-գնանք։ Վարդան Խաչատրյանը վստահեցրեց, թե Աշտարակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել ոչ միայն Հայաստանում ստեղծված իրավիճակից անհանգստացած մարդիկ, այլեւ ազգային անվտանգության եւ ներքին գործերի աշխատակիցներ։ «Երկար ժամանակ ենք զբաղվում քաղաքականությամբ, բայց նման պրեսինգի երբեք չէինք հանդիպել։ Համենայն դեպս ես նման բան չեմ հիշում, թեեւ քաղաքական գործունեություն եմ ծավալել դեռ Լ.Տեր-Պետրոսյանի վաղնջական ժամանակներից ի վեր»,- ասաց պարոն Խաչատրյանը։ Նա պատմեց, որ ե՛ւ Աշտարակում, ե՛ւ Ապարանում մարդիկ մտահոգություն են հայտնել ոչ միայն գյուղտնտեսության ոլորտում ստեղծված վիճակից, այլեւ Հայաստան-Ռուսաստան վատթարացող հարաբերությունների առնչությամբ։ «Ժողովրդին հետաքրքրում էին Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ ընթացող բանակցությունները։ Դահլիճից անգամ հարց հնչեց, որ եթե ժողովրդի թիկունքում արտառոց ոչինչ չի կատարվում, այդ դեպքում ինչո՞ւ բանակցությունների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի տրվում»։ Վ.Խաչատրյանը վկայեց, թե Ապարանում ազգաբնակչության ակտիվությունն ավելի զգալի էր։ «Մարդիկ բողոքում էին, թե գյուղացիներին տրամադրվող սերմնացուներն ու պարարտանյութերը կրկնակի բարձր գին ունեն, քան հայտարարում են իշխանությունները»։ Արագածոտնում տեղեկատվության միակ աղբյուրը ազգային հեռուստատեսությունն է եւ, ըստ Վ.Խաչատրյանի, մարզի բնակիչները բողոքել են նաեւ տեղեկատվության պակասից։ Նրանք նշում են, որ ազգային հեռուստատեսության հաղորդումները դիտելիս տպավորությունն այն է, թե Հայաստանը վերածվում է Շվեյցարիայի, մինչդեռ իրենց վիճակն օրեցօր է վատանում։ Ճակատի ներկայացուցիչների այցերը մարզեր շարունակվում են։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել