Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Ապրիլ 20,2001 00:00

ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ Երեկ շարունակվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությունը։ Դատարանի մոտ բազմությունը կրկին ստվարացել էր։ Մարդիկ շարունակում են գալ, ելույթներով եւ կոչերով իրենց վերաբերմունքն արտահայտել ոճրագործություն կատարողների եւ հնարավոր կազմակերպիչների մասին։ Այն պահին, երբ դատարանում ընթանում էր «27»-ի գործի դատավարությունը, ՀՀ կառավարությունն անցկացնում էր հերթական նիստը, որը ղեկավարում էր հանրապետության նախագահը։ Նախագահը եկել էր կառավարության «գլուխը շոյելու»։ Ո՞ր «մեղքի» համար. կզարմանա երկրի տնտեսական եւ սոցիալական վիճակից դժգոհողը։ Զարմանքը կեռապատկվի, երբ օրվա հացի կարոտ քաղաքացին իմանա, որ մեր երկիրն այնքան էլ հուսահատ վիճակում չէ։ Երկրի նախագահն է ասում, չհավատա՞նք, որ 2001 թվականի առաջին եռամսյակի «նախնական ցուցանիշները հետաքրքիր են եւ այն միտումը, որի մասին մենք խոսել ենք, պահպանվում է։ 12 տոկոսից ավելի տնտեսական աճն առաջին եռամսյակի համար շատ նորմալ եւ հուսադրող ցուցանիշ է։ Արտահանման ծավալները 25 տոկոսից ավելի աճել են եւ արդյունաբերության մեջ մենք եւս ունենք 20 տոկոսից ավել տնտեսական աճ։ Հուսադրող է այս ամեն ինչը»։ Այսինքն, գրեթե. «մի քիչ էլ համբերեք, եւ ամեն ինչ լավ է լինելու»։ Այսպես է կարծում երկրի նախագահը եւ շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որեւէ կոնկրետ պատասխան չտալ. «Ավելին, քան ասվել է, ես ուղղակի չեմ կարող ասել եւ իրավունք չունեմ ասելու»։ ԲԷՑ-երի մասնավորեցման հարցի հետ կապված աղմուկը գնալով ուժեղանում է, հանրահավաքները շարունակում են հարցը հնչեցնել, իսկ ԲԷՑ-երի մասնավորեցման օրենքում հնարավոր փոփոխություն կատարելու անհրաժեշտություն նախագահ Քոչարյանն այս պահին չի տեսնում. «Սկզբունքային փոփոխություն կատարելու հնարավորություն ես այսօր չեմ տեսնում, խոսքը գնում է այն մասին, որ մեր խորհրդատու ընկերությունները խորհուրդ չեն տալիս մեզ այդ փոփոխությունները կատարել։ Այստեղ կրկնակի համագործակցության խնդիր կա»։ Խորհրդարանական հնարավոր վերադասավորումների մասին հարցին պատասխանելիս երկրի նախագահն ասաց, որ ընդհանրապես կողմնակից է քաղաքական կայունության. «Քաղաքական կայունությունը այն ամենից մեծ հաջողությունների գրավականն է, որ մենք կարող ենք ունենալ այս պայմաններում։ Քաղաքական կայունության արդյունքներն ուղղակի ակնհայտ երեւում են տնտեսական դաշտում։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապակայունացման կոչերով որոշ մարդիկ կամ կազմակերպություններ խփում են մեր ամեն մի քաղաքացու գրպանին»։ Այս միտքը նախագահն ուղղակի ուզեց կրկնել եւ կրկնեց։ «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքի նախագիծը եթե օրենք դառնա այն ձեւով, ինչպես ներկայացվել է խորհրդարան, ըստ իրավագետ Վլ. Նազարյանի, կունենանք «տոտալիտար պետություն», երբ ամբողջ իշխանությունը կկենտրոնանա մեկ անձի ձեռքում։ Բայց ինքը՝ նախագահ Քոչարյանն, այդպես չի կարծում. «Ես նախաձեռնողն էի, որ նախագիծն անպայման շրջանառության մեջ դրվի, մոտ 2-3 տարի առաջ դեռ ես սկսել էի այս գործընթացը։ Եթե կա նման կարծիք, ես չգիտեմ ինչի վերաբերյալ, համենայնդեպս, վերջին տարբերակում ես նման լիազորությունները գերադասելու խնդիր չեմ տեսնում։ Բայց այն փաստը, որ քաղաքացիական ծառայությունը պետք է կարգավորվի, այստեղ ես որեւէ կասկած չունեմ։ Այդ օրենքի բացակայությունը համարում եմ այսօրվա կոռուպցիայի գոյության մեծ պատճառներից մեկը։ Մարդիկ չեն ուզում այս օրենքն ընդունել մեկ պատճառով՝ անձնական շահերի գերադասության պատճառով»։ Թեպետ հաջորդ հարցը կարելի է անտեղի հա մարել, քանի որ, եթե հիշում եք, նախագահը երեկ կառավարություն էր եկել «գլուխ շոյելու», բայց եւ դժվար էր չհարցնել՝ առաջիկայում հնարավո՞ր են փոփոխություններ կառավարությունում, մանավանդ հայտնի է, թե երկար շոյելուց հոգնած ձեռքը որքան կտրուկ կարող է այլ գործողության անցնել։ Բայց նախագահը, կարծես թե, առայժմ բացառեց փոփոխությունը. «Հատուկ նպատակ փոփոխությունների ես չեմ տեսնում, հատկապես, ընդհանուր իրավիճակը ե՛ւ կայուն եմ գնահատում, ե՛ւ դրական զարգացումներ կան։ Ընթացքում, եթե առիթ տան, ապա կլինեն նաեւ փոփոխություններ»։ «Հոկտեմբերի 27»-ին վերաբերող հարցին նախագահը երեկ չուզեց պատասխանել, ասելով, թե դա ծանր թեմա է. «Հետո այդ թեմայի վերաբերյալ կխոսենք, իսկապես այստեղ ասելիքներ կան, ես մի քիչ էլ կհամբերեմ եւ հետո ասելիքներս շատ լուրջ կասեմ»։ Թերեւս նախագահի այս հարցի այս պատասխանը կարելի է համարել նրա ամենախորիմաստ պատասխանը երեկվա ընթացքում։ Ի վերջո, մեզ նախագահը մի քիչ հոգնած թվաց եւ որոշեցինք, ենթադրություններ անելու փոխարեն, հենց իրենից իմանալ՝ հոգնա՞ծ է, թե՞ ոչ այնքան, ի՞նչ տրամադրություն ունի։ Պատկերացնո՞ւմ եք, նախագահը Քի Ուեսթում հանգստացել է. ուրեմն ձկան մասին լուրերը այնքան էլ չափազանցված չէին։ Թերեւս հարցը մի քիչ էլ անակնկալ էր. «Հոգնածի տեսք ունեմ, դրա համար եք հարցնո՞ւմ։ Դե, կառավարության նիստից հետո… Տրամադրությունս նորմալ է, հոգնած մարդը մի քիչ միշտ վախկոտ է լինում, հոգնած մարդը մի քիչ չափազանցությունների, ծայրահեղությունների մեջ է լինում։ Չէ՛, նորմալ եմ, հոգնած չեմ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել