Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական

Ապրիլ 20,2001 00:00

ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՔ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ Խորհրդարանական ուժերի տեսակետները վկայում են, որ իշխանամետ լրատվամիջոցները միայնակ են իրենց այն համոզման մեջ, թե Նաիրի Հունանյանի հայտարարությունները խոշտանգումների եւ դրանցով իրենից կորզված ցուցմունքների վերաբերյալ անվիճելի իրողություն են։ Միայն ԱԺՄ վարչության անդամ Սեյրան Ավագյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էին, որ հիշյալ հայտարարությունների արժանահավատության եւ դրանց ապացուցողական ուժի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան առաջարկեցին սպասել, թե ինչ կպարզի դատարանը։ Եվ նույնիսկ այս պարագայում պրն Բաղդասարյանը նկատեց. «Նաիրի Հունանյանն արդեն 70 անգամ փոփոխել է իր ցուցմունքները»։ Մյուսները շատ ավելի կտրուկ էին։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հատու հայտարարեց. «Ո՛չ մի մարդասպանի խոսքերին՝ լինի դա Նաիրի Հունանյանը, թե նմանատիպ մարդ՝ ես չեմ հավատում։ Մարդ, որը գործում է ամենամեծ չարիքը, որը դատապարտվում է Աստվածաշնչով՝ նա դադարում է ինձ համար մարդ լինելուց եւ նրա խոսքը ես ո՛չ մի կերպ չեմ ընդունում»։ ՀԿԿ ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանին, որ հոկտեմբերի 27-ին տուժողներից մեկն է, Նաիրի Հունանյանին հավատալու կամ վստահելու մասին հարցն անգամ, թերեւս, ցավ պատճառեց. «Ամեն անգամ նրա դեմքը թերթերում կամ հեռուստաէկրաններից տեսնելիս ես ուղղակի դեպրեսիայի մեջ եմ ընկնում, խորը ցավ եմ զգում, որովհետեւ հիշում եմ, թե նա ինչ սառնարյուն ձեւով էր գնդակահարում մեր ընկերներին»։ Դատական նիստերին մշտապես մասնակցող Խորեն Սարգսյանը կտրուկ բացասաբար պատասխանեց մեր հարցին. «Նրան հավատալ պետք չէ։ Հանցագործի ինչի՞ն հավատաս»։ «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց որպես տուժողներից մեկը. «Եթե իմ ձեռքում լիներ՝ ընդհանրապես չէի թողնի խոսեր այդ վիժվածքը։ (…) Բնական է, պիտի ամեն ինչ էլ ասի։ Դա կանխատեսվում էր։ Ոչ մեզ համար է տանելի դա, ոչ էլ հանրության։ (…) Չեմ կարծում, որ մեր իրականության մեջ որեւէ մեկը կկարողանա կիսել այդ ոճրագործի հայտարարությունները կամ մթագնած ուղեղի հոխորտանքները»։ Առանձին անդրադարձի նյութ է ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի պատասխանը մեր հարցին։ Նա, ճիշտ է, նախ նույնիսկ կշտամբեց, թե «Նաիրի Հունանյանի նման մեկին հավատալու պատճառ կամ այդ անձի հանդեպ նման վերաբերմունքի մասին խոսելն անհասկանալի եւ անընդունելի եմ համարում, երբ լրագրողը կարող է հարց տալ՝ «Դուք արդյոք հավատո՞ւմ եք Նաիրի Հունանյանին»։ Բայց հետո պրն Վարդանյանն անդրադարձավ նաեւ խոշտանգումների հնարավորությանը. «Նախաքննության առաջին օրերից այդ լարվածությունը եւ նախաքննության անաչառության մասին կասկածները, նաեւ որոշակի փաստերը հիշում եք՝ ե՛ւ կապված Հայկ Բաբուխանյանի հետ, ե՛ւ բազմաթիվ այլ վարկածների պարագաները»։ Օրինակը, մեղմ ասած, հաջող չէր։ Քանզի նախաքննության փուլում միայն կարող էին անտեղյակների ականջներին լապշա կախել եւ բոլորը հավատային, որ Հայկ Բաբուխանյանին փորձում էին մեղադրանք առաջադրել միայն Նաիրի Հունանյանի ցուցմունքի հիման վրա եւ միայն նրա անձնագրի մեջ եղած նշումը փրկեց պրն Բաբուխանյանին այդ հեռանկարից։ Հիմա դատարանում հրապարակված գործի նյութերից արդեն իսկ պարզ է դարձել, որ Հայկ Բաբուխանյանի դեմ մեղադրող ցուցմունքներ էին տվել նաեւ նրա գործընկերները եւ կառավարության անդամներ Ռուբեն Տոնոյանը, Դավիթ Զադոյանը։ Արամայիս Բարսեղյանն անգամ հայտնել էր իր տպավորությունը, թե կարծել էր, որ Բաբուխանյանն ահաբեկիչներից մեկն է։ Գուցե պատգամավորներից եւ նախարարներից է՞լ են խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզել։ Եվ եթե Հայկ Բաբուխանյանի կարգավիճակն այդ ցուցմունքներից հետո չի փոխվել՝ հակափաստարկ է նախաքննության ուղղորդվածության վերաբերյալ պնդումներին։ Աղվան Վարդանյանը նաեւ վկայեց «միակողմանի կողմնակալ նախաքննություն անցկացնելու, որոշակի վարկածներ առաջ տանելու մեթոդների մասին»։ Նման բնորոշումներով որպես կանոն խոսում են այն մասին, թե ամեն ինչ արվել է «նախագահական հետք» գտնելու համար։ Սա էլ է այլեւս ժամանակավրեպ պնդում, քանզի ի՞նչ «միակողմանի, կողմնակալ» նախաքննության մասին է խոսքը, երբ այսօր արդեն պարզ է, որ քննված վարկածներն առնչվել են Սամվել Բաբայանին, Վանո Սիրադեղյանին եւ այլոց։ Քննվել է անգամ անհեթեթ վարկածը Կարեն Դեմիրճյանի վերաբերյալ։ Ամփոփենք։ Նաիրի Հունանյանի նախկին ցուցմունքները միայն բռնարարքներով պատճառաբանողները հարկ է, որ զսպեն իրենց եռանդը, այլապես ստիպված կլինեն որեւէ հոդաբաշխ բացատրություն փնտրել, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ 2000-ի մարտից (երբ իր իսկ վկայությամբ՝ որեւէ ճնշում անգամ իր նկատմամբ չկար) մինչեւ մայիսի 23-ը նա կրկնում էր իր նախորդ ցուցմունքները։ Իսկ եթե շատ են փափագում հալած յուղի տեղ ընդունել այդ «երեւույթի» ասածները, թո՛ղ համարեն, որ ճշմարտություն էր բարբառում դեռ կասկածյալ ու տակավին չխոշտանգված Նաիրի Հունանյանը, երբ 1999-ի հոկտեմբերի 30-ի ցուցմունքում գրում էր, թե ցանկացել է «օդ կրակելով ճնշում գործադրել վարչապետի վրա» ու նաեւ՝ «բնազդաբար վազեցի նախագահություն» եւ «երբ փորձում էի մոտենալ ռադիոյին, մատս անզգուշաբար կպել է ձգանին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել