ԱՐՑԱԽԻ ՆԱՀԱՊԵՏԸ 117-ամյա Ներսես նահապետին Մարտակերտի շրջանի Չափար գյուղում հարգանքով Ներսես պապ են անվանում։ Թուրքի ավերած, քարուքանդ արած նրա բնակարանը ժամանակավոր կացարանի նմանվող տուն էր, որը ե՛ւ հյուրասենյակ էր, ե՛ւ ճաշասենյակ ե՛ւ, միաժամանակ՝ ննջարան։ Տեսողությունից զրկված ծերունին պառկած էր պատուհանի առջեւ գտնվող մահճակալին։ Երգում է։ Հարցրի. – Ներսես պապ, ի՞նչ երգ էիր երգում։ – Անդրանիկ փաշայի երգը,- ասում է նա ու շարունակում երգը։ – Ինչո՞ւ ես ցածր երգում։ – Սպառվում եմ, որդիս, սպառվում։ Կյանք է, մեկը գնում է, մյուսը՝ գալիս,- փիլիսոփայորեն նկատում է նա։ – Իսկ Անդրանիկ զորավարին ճանաչե՞լ ես։ Պատասխանում է, որ ոչ։ Ապա. – Երբ լսեցինք, որ Զորավարը Զանգեզուրում է եւ պիտի գա Շուշի, գնացինք փաշային դիմավորելու։ Հետո Զաբուխ գետը չհասած, մեզ հետ տվեցին։ Հետ տվողները շուշվա հայերն էին, որոնք չէին ցանկանում, որ Անդրանիկը Շուշի գա, ասելով. «Թուրքերը մեր հետ լավ են»։ Վիրավորված Անդրանիկը կես ճանապարհից հետ դարձավ։ Չէի պատկերացնում, որ այսքան կապրեի։ Երեք պատերազմ կտեսնեմ, կտեսնեմ Արցախն ազատ։ Ներսես պապի ընտանիքը մեծ է. 4 զավակ, 14 թոռ, 67 ծոռ, 47 ծոռների զավակներով կազմում է 132 հոգի։ – Դա իմ հպարտությունն է, դրանով եմ ապրում,- ասում է արցախցի Նահապետը, նույնը կամենալով բոլորին։ Գ. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ ԼՂՀ Մարտակերտի շրջան