ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԿԱՆ Դիմորդների ծնողները «Առավոտին» բողոքում են, որ մինչեւ օրս չեն հրատարակվել բուհերի ընդունելության քննությունների առարկայական շտեմարանները։ Դրանցում այս տարի բավականին փոփոխություններ կան եւ, հետեւաբար, հետաքրքրությունն ու սպասումն ավելի մեծ է։ Ծնողները նաեւ դժգոհում էին, որ որոշ կրկնուսույց դասախոսներ դրանց օրինակներն ունեն եւ այդ դասախոսների մոտ պարապող դիմորդները փաստորեն հայտնվել են արտոնյալ վիճակում։ Նման մեծ պահանջարկ ունեցող ու ոչ բոլորին հասանելի տեղեկությունների շնորհիվ են նաեւ կրկնուսույցները իրենց դերը կարեւորում։ Ծնողները նաեւ առաջարկում էին, որ այս տարի ուժի մեջ մնան նախորդ տարվա շտեմարանները, քանի որ նոր շտեմարանները ուշ են հրատարակվում եւ երեխաներին շատ քիչ ժամանակ է մնում դրանց ծանոթանալու համար։ ԿԳՆ-ից երեկ ճշտեցինք, որ շտեմարանների տպագրությունն ընթացքի մեջ է եւ առաջիկա օրերին դրանք պատրաստ կլինեն։ Այնպես որ, դժվար թե ծնողների առաջարկը ընդունվի, մանավանդ որ, շտեմարանների վաճառքը շատ եկամտաբեր բիզնես է։ Սեփ. լր.