Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավ՝ արձակուրդներն անցկացնելու համար

Ապրիլ 19,2001 00:00

Գրավ՝ արձակուրդներն անցկացնելու համար Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետության առեւտրա-արդյունաբերական պալատի նախկին նախագահ Համլետ Հովհաննիսյանը վաճառել էր պալատի շենքը, սակայն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար 1998-ի մայիսին գնել էր Սայաթ-Նովայի 29/1 հասցեում գտնվող մի շինություն եւ գրանցել Առեւտրա-արդյունաբերական պալատի անվան տակ։ Իսկ երեք ամիս անց նա գրավ էր դրել ՀՀ ԱԱՊ-ի նոր շենքը Ագրոբանկում եւ ստանալով 205.000 դոլար, մեկնել էր արտերկիր՝ արձակուրդն անցկացնելու։ Չորս ամիս անց պրն Հովհաննիսյանը նամակ է ուղարկում, որտեղ հայտարարում է, որ հրաժարվում է իր պաշտոնից, քանզի երկարատեւ բուժման կարիք ունի, եւ առաջարկում անցկացնել համագումար եւ ընտրել նոր նախագահ։ Երեկ ՀՀ առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայիս նախագահ Սամվել Շարբաթյանը «Դատական համակարգն ընդդեմ Առեւտրա-արդյունաբերական պալատի» թեմայով մամլո ասուլիս էր հրավիրել։ Պրն Շարբաթյանի խոսքերով. «Նման գործելակերպը հատուկ է Ագրոբանկին, քանզի եթե ՀՀ ԱԱՊ-ի շենքը նրանք սկզբում գնահատել են 205.000 դոլար, սակայն նույն բանկը աճուրդի միջոցով շենքը գնել է 117.600 դոլարով, ուստի այս պարագայում գրավադրման եւ գնման տարբերության արդյունքում բանկը պետք է որ կրեր 87.400 դոլարի վնաս։ Եթե սա նախօրոք պլանավորած գործարք չէր, ապա ինչպես Ագրոբանկը չարձագանքեց իրենց վնասի մասին։ Որովհետեւ նմանատիպ խաբեությամբ Ագրոբանկը տիրացավ նաեւ Նկարիչների միության շենքին եւ սա շահագրգիռ անհատների կողմից իրականացվող գործարք է»։ 2001թ. փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանում անցկացվել է անդրանիկ նիստը, սակայն այդ պահից սկսած տարբեր պատճառաբանություններով փոխվում են դատավորները, ինչը, պրն Շարբաթյանի գնահատմամբ՝ «այս ամենի պատճառը մեկն է. դատավորների վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի վճիռը լինի միայն հօգուտ Ագրոբանկի»։ Նշենք, որ վերաքննիչ դատարանը ապրի լի 5-ի դատական նիստից հետո կայացրել է վճիռ առ այն, որ ՀՀ ԱԱՊ-ի հայցը հիպոթեքի (անշարժ գույքի գրավ) պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին՝ անհիմն է։ – Մեր հայցը անհիմն են ճանաչում, բայց փոխարենը դատական նիստի ժամանակ Ագրոբանկի իրավաբանը հայտարարում է, որ իրենք պատրաստ են վիճելի տարածքը երկարատեւ ժամկետով ՀՀ ԱԱՊ-ին անհատույց օգտագործման համար տրամադրել, որին մենք, բնականաբար, չհամաձայնեցինք,- ավելացրեց պրն Շարբաթյանը։ Տեղեկացանք, որ ՀՀ ԱԱՊ-ն նախատեսում է դիմել վճռաբեկ դատարան, իսկ արդյունք չստանալու դեպքում կդիմեն նաեւ Ստրասբուրգի Եվրոդատարան։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել