Բռնկման պահերին Եղիշե Չարենցին է նվիրված նրա ժամանակակիցներից մեկի՝ իր կյանքի 96-րդ տարում (1994թ.) մահկանացուն կնքած երգիծաբան, գրող, լրագրող Բաղդասար Թովիկի «Հայոց մեծերի հետ» գրքի մի ծավալուն գլուխ։ Դրանից տպագրում ենք երկու պատառիկ, որը խմբագրությանն է տրամադրել հեղինակի որդին՝ բանասեր Ռոբերտ Թովմասյանը։ «Հիշում եմ նրա ելույթնե՜րը… Սովորական դասախոս հռետորների նման նա չէր մեխվում ամբիոնին՝ մինչեւ զեկուցման կամ ելույթի ավարտը։ Գրական մի մեծ բանավեճի ժամանակ, որ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակի արեւելյան կողմի շենքում՝ «Երեքի խմբակի» «Նոյեմբեր» միավորմա՞ն (Ե. Չարենց, Գ. Աբով, Ա. Վշտունի) թե՞ հակառակորդ գրական ուժերի կողմից կազմակերպված, ներկա էին նաեւ Թիֆլիսի ու այլ քաղաքների ներկայացուցիչներ։ Զեկուցումներից հետո ելույթ ունեցավ Չարենցը։ Նա միայն մեկ-երկու րոպե խոսեց՝ ձեռքը ամբիոնի եզրին հենած։ Այնուհետեւ ամբիոնը ժողովականներից բաժանող տարածքով մեկ սկսեց քայլել ու հերքել հակառակորդների տեսակետները։ Սրանք չդիմանալով սկսեցին աղմկել, ապա ինչ-որ դիվական ուժից մղված՝ վեր թռան տեղերից ու խառնվեցին իրար։ Սկսվեց գրողներին ոչ վայել քաշկռտուք։ Բանաստեղծ Հակոբ Հակոբյանը մերթ Չարենցի, մերթ Վրաստանի հայտնի գրող Բենիտո-Բուաչիձեի օձիքներից բռնած՝ անընդհատ կրկնում էր. «Չարե՛նց, Բենիտո՛, թողեք իրար, անհարմար է…», անկարող լինելով, սակայն, իրար պողպատի պես բռնած գրողներին բաժանել միմյանցից։ Աթոռներին նստած մարդ չմնաց։ Ես, քանի որ ոչ գրող էի, ոչ էլ միության անդամ, այլ սոսկ ականատես, այդ «վակխանալիան» տեսնելով ու վախենալով, որ խմորը շատ ջուր է վերցնելու, Աշտարակից ինձ հետ այդ ժողովին մեծ սպասելիքներով եկած դասատուի ձեռքից բռնած՝ դուրս նետվեցի։ Քիչ անց, մեր ետեւից այլայլված ու միմյանցից խռոված դեմքերով դուրս եկան նաեւ հավաքի բոլոր մասնակիցները։ Չեմ կարող մոռանալ Կուլտուրայի տանը տեղի ունեցած բազմամարդ այն ժողովը, ուր իր զրնգուն եւ հյութեղ ձայնով Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմի արտասանությամբ հանդես եկավ մեզ մոտ ու ռուսական մեծ քաղաքներում արդեն անմրցելի հռչակ վայելող ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանը։ Ներկա էին ՀՕԿ-ի նախագահ Գրիգոր Վարդանյանն ու խմբապետ Շավարշն ինքը, ովքեր թուրքական իշխանությունների կողմից դատապարտված էին եղել 101-ական տարվա բանտարկության։ Խմբապետ Շավարշին հեղինակն ի՞նքն էր արդյոք բերել դահլիճ, թե՞ Սուրեն Քոչարյանը՝ չգիտեմ։ Սակայն, երբ լռեց տաղանդավոր ասմունքող-դերասանի ձայնը, այնպիսի փոթորկալի ծափահարությամբ դղրդաց դահլիճը, որպիսին դեռ չէր եղել։ Ոտքի կանգնած Չարենցը, մոտենալով ու դեմքն ուղղելով իր հերոսին, նրան այնքան ծափահարեց, որ թուլացան ձեռքերը։ Միայն մամուլից ու գրքերից խմբապետ Շավարշի մասին գաղափար ունեցողները, որ նրան հեղինակի հավաքական կերպարներից մեկն էին համարում, իրենց առաջ տեսնելով իրական խմբապետ Շավարշին՝ ուռա՜ էին կանչում՝ հայացքներն ուղղելով ոտքի վրա կանգնած եւ հասարակությանը խոնարհվող թավաբեղ խմբապետ Շավարշին»։