Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան չորս տասնամյակ արվեստասեր հասարակության ուշադրության կենտրոնում է գեղանկարիչ, Գառզուի մրցա

Ապրիլ 19,2001 00:00

ԾԱՌԱՅԵԼՈՎ ԳԵՂԵՑԻԿԻՆ Ավելի քան չորս տասնամյակ արվեստասեր հասարակության ուշադրության կենտրոնում է գեղանկարիչ, Գառզուի մրցանակի, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Հրայր Գրիգորյանի ստեղծագործական անհատականությունը: Նա արվեստասերների ակնկալիքներն ամեն անգամ արդարացնում է նոր ու հետաքրքիր աշխատանքներով, ընտրված թեմաների բազմազանությամբ, մարդու ու նրա շրջապատի մշտապես թարմ ընկալումներով ու պատկերմամբ։ Վերջերս հրատարակվեց վարպետի գիրք-ալբոմը, որտեղ 45 գեղանկարչական աշխատանքներից զատ, տեղ են գտել Մարտիրոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ավետ Ավետիսյանի, ամերիկացի հայտնի գեղանկարիչ Ռոքուել Քենտի խոսքերը նրա արվեստի մասին։ Շատ եւ ամենուր են ցուցադրվել Հրայր Գրիգորյանի աշխատանքները։ Այսօր որոշ գործեր իրենց ուրույն տեղն ունեն հայտնի մարդկանց մասնավոր հավաքածուներում՝ Ժակ Շիրակի, Ինդիրա Գանդիի, Ռուբեն Զարյանի, Նվեր Սաֆարյանի, Գարի Բասմաճյանի եւ այլոց։ Ստեղծագործությունների հիմքում մարդու եւ առարկայական աշխարհի շոշափելի ռեալությունն է, այն երբեք, ոչ մի գեղանկարչական խնդրի զոհ չի գնում։ Արվեստագետը երբեք իրականության զգացողությունը չի կորցնում։ Օրինակ՝ դիմանկարները… Յուրաքանչյուր կերպար ունի իր հետաքրքրությունը, սեփական կենսագրությունը, ապրած կյանքը, բայց յուրաքանչյուր կերպար խիստ ընդհանրացված է։ Նա հասնում է կերպարի հոգեբանական խորության, մարդկային էության բազմակողմանի բացահայտման, որը դիմանկարը դուրս է բերում տվյալ անձնավորությանը նվիրված մտերմիկ կտավի սահմաններից։ Նկարիչը սիրում է պատմել ու պատմել իր «հերոսների» մասին։ Հիմա արդեն հիշում է. «1960-ականներից մտերիմ էի Վլադիմիր Վիսոցկու ու Լեոնիդ Ենգիբարյանի հետ։ Լավ ժամանակ էինք անցկացնում եւ ամեն հանդիպման ժամանակ, կարծես առաջին անգամ էի տեսնում նրանց։ Իրոք, անհատականություններ էին։ 68 թիվն էր… Վիսոցկու հետ զրուցում էինք դեսից-դենից։ Էն էլ ասեմ, որ մշտապես դժգոհում էր սովետից, ասելով՝ «Ոնց բղավեմ, որ «նրանց» հասնի։ Ոնց կարելի է այսպես ապրել։ Ո՞վ է տեսել, որ արվեստը ծառայի պետական ապարատին, այլ ոչ՝ ժողովրդին»։ Ասում էր ու տեղնուտեղը ծնվում էր երգ… Հակառակ Վիսոցկու, Ենգիբարյանը մեղմ էր բնավորությամբ, բայց գեղանկարչությունից հասկանում էր այնպես, ինչպես իր պլաստիկ արվեստից։ Վիսոցկու դիմանկարը նկարեցի 1968, իսկ Ենգիբարյանինը՝ 1971 թվականին։ Այլ կերպար էր Մհեր Մկրտչյանը՝ իմ լավ բարեկամ Ֆրունզը։ Չափից ավելի բարի, մի իսկական երեխա էր եւ իր արվեստն էլ խոսում է նրա բարության, Աստծո տված մեծ շնորհի ու մաքրության մասին։ 92 թվականն էր, Ֆրունզի բնակարանում էի, խնդրեցի բնորդել։ Նայեց, նայեց ինձ ու ասաց. «Հրայր, հետաքրքիր մարդ ես, հա՜… ի՞նչս ես նկարում, դիմանկա՞րս, գործ չունես… կամ մի քիթ նկարի ու վերջացրու, էլի…»։ Հետո լուրջ տոնով դիմեց՝ «Սկսիր, ես պատրաստ եմ»։ 1976 թվականն էր, երբ Ինդիրա Գանդին պաշտոնական այցով եկավ Երեւան։ Միաժամանակ եկավ եւ հրահանգ՝ Մոսկվայից։ Դե՜, էն տարիները գիտեք… Ժամանակը սուղ էր, ընդամենը երկու օր պետք է աշխատեի։ Ինչեւէ, նկարեցի, կարծում եմ ստացվեց։ Ասեմ, որ շփվում էի թարգմանչի օգնությամբ։ Բարձր ինտելեկտի տեր կին էր։ Հիացած էր հայերով ու մեր արվեստով, հուշարձաններով… Առաջինը՝ ուրախ եմ, որ անձամբ եմ ճանաչել այս անհատականություններին, երկրորդ՝ որ ես էլ իմ արվեստով անմահացրի նրանց»։ Թվում է՝ ամեն ինչի հասել է վարպետը, բայց ժամանակ առ ժամանակ սիրում է կրկնել՝ «Ես նկարել եմ ուզում ու սիրում եմ նվիրել գործերս, համոզված լինելով, որ դրանք կջերմացնեն մարդկանց հոգիները, նրանց դարձնելով բարի ու գթասիրտ»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել