Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը անվավեր է ճանաչել ժառանգության վկայականը

Ապրիլ 19,2001 00:00

Բախտը չի բերել Դատարանը անվավեր է ճանաչել ժառանգության վկայականը «Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Գոհար Խաչատրյան) 1997 թվականին խախտելով ՀՀ քաղօր-ի 555, 535, 248, 127 հոդվածները, անվավեր է ճանաչել իմ ժառանգության վկայականը»,- պատմում է Աշտարակ քաղաքի բնակիչ Մկրտիչ Ղուկասյանը, որը բնակվում է Գրիգորյան 101 հասցեում։ Ըստ Ղուկասյանի, նշված տունը հայրն իր անվամբ է կտակել 1987 թվականին, առայսօր գրանցված է տնային գրքույկում։ «Հորս մահից հետո, 1992 թվականին ես իմ անվամբ ձեւակերպեցի ժառանգությունը եւ ստացա վկայականը»,- շարունակում է Մ. Ղուկասյանը։ Նրա հողեղբայրը՝ Արշալույս Ղուկասյանը, բաժին պահանջելու նպատակով դիմում է դատարան, ասելով, որ Մ. Ղուկասյանի բոլոր փաստաթղթերը կեղծ են եւ այն պետք է համարել անվավեր։ Մ. Ղուկասյանը համոզված է, որ, օրենքի համաձայն, բաժին պահանջողը պարտավոր է երեք տարվա ընթացքում դիմել դատարան, այնինչ անցել է չորս տարի։ «Դատարանն էլ իր հերթին, անձնական շահերից ելնելով, գրում է, որ դատավճիռը կայացել է ոչ թե 1997-ին, այլ 94-ին՝ նպատակ ունենալով ինձ մոլորության մեջ գցել»,- բացատրում է Մ. Ղուկասյանը։ Այնուհետեւ Մ. Ղուկասյանը դիմում է ներկայացնում Արագածոտնի մարզի դատախազությանը, 1998-ին՝ ՀՀ գերագույն դատախազության հսկողության բաժնի նախկին պետ Լ. Ավետիսյանին, բայց՝ իզուր, ոչ մի միջոց չի ձեռնարկվում։ «Ես գործազուրկ մարդ եմ, հնարավորություն չունեմ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան դիմել, որովհետեւ ինձանից պահանջում են պետական տուրք»,- ասում է պրն Ղուկասյանը։ Մ. Ղուկասյանի հավաստմամբ, Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարանը իրեն նյութական մեծ վնաս է պատճառել, որի արդյունքում այսօր չի կարողանում վաճառել տունը, նույնիսկ ամենաէժան գնով (500 դոլարով)։ Մ. Ղուկասյանին, դեռեւս մոր կենդանության ժամանակ, մեծ վնաս է հասցրել Հայխնայբանկի Աշտարակի մասնաճյուղի կառավարիչ Մովսես Սողոմոնյանը եւս։ Վերջինս Ղուկասյանի մորը (Էմմա Ղուկասյանին) հայտնում է, որ արժեքավոր տուն գրավ դնելու դեպքում կարող է Հայխնայբանկից 25 հազար դոլարի չափով երկարաժամկետ վարկ տրամադրել. «Բայց կառավարիչը ցանկանում էր մորս տունը հափշտակել եւ փախչել Հայաստանից»,- ասաց Մ. Ղուկասյանը։ Փաստորեն, Մ. Սողոմոնյանը խաբեությամբ իրավունք է ձեռք բերել Է. Ղուկասյանի առանձնապես խոշոր չափերի (7 մլն 454 հազար դրամ) արժողության տան նկատմամբ։ Դատաքննության ժամանակ Մ. Սողոմոնյանը իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն։ Նա հայտնել է, որ ինքը Ղուկասյանին չի խաբել, քանի որ նրանք են իրեն 6 հազար ԱՄՆ դոլարից ավելի պարտք եղել եւ իրենց կամքով են լիազորել տունը գրավ դնել եւ դրա դիմաց գումար ստանալ, որից ինքը պետք է վերցներ պարտքի գումարը, իսկ մնացածը տար իրենց։ Վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Սողոմոնյանը ընդունել է, որ Ղուկասյաններին խոստացել է տունը գրավ դնել բանկում, սակայն դա չի հաջողվել, որի պատճառով էլ այն գրավ է դրել իր ծանոթ Ս. Գրիգորյանի մոտ եւ նրանից ստացել 5 հազար դոլար։ Այս ամենից բացի, Մ. Ղուկասյանի բախտը չի բերում նաեւ գույքագրման բյուրոյում։ Բյուրոյի նախկին տնօրեն Հ. Մուրադյանը պատճենահանած լիազորագրով է ձեւակերպել գրավը, որը անելու իրավունք չուներ. «Այդ արարքի համար Արագածոտնի մարզի դատախազությունը Հ. Մուրադյանին նույնիսկ չի կանչել դատարան գործը քննելու համար, իսկ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը պատշաճ ձեւով ծանուցել է Հ. Մուրադյանին, սակայն նա դարձյալ չի ներկայացել»,- ասաց Մ. Ղուկասյանը։ Մ. Ղուկասյանը, որն այժմ անօգնական վիճակում է, չգիտի ում դիմի արդարությունը վերահաստատելու համար։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել