Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացումը քաղաքական դաշտում եւ հաս

Ապրիլ 19,2001 00:00

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ԴՐՎԱԾ Է ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՊԱՏՆԵՇ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացումը քաղաքական դաշտում եւ հասարակության մեջ որոշակի լարվածություն է ստեղծել: Կանխատեսումները՝ «կստորագրի, չի ստորագրի», «պատերազմ կլինի, չի լինի», հայտնի «սիրում է, չի սիրում» ծաղկաթերթերի հետ մանկական խաղից ավելի ու ավելի է վերածվում ճակատագրի հարցի: 1997-ին նման երկընտրանքներ չկային: Ավելին՝ հարցի կարգավորման եւ չկարգավորման դեպքերի համար դրված «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» զգաստացնող հարցադրումը չընդունվեց կարծես թե հենց «պատերազմ» բառի պատճառով: Համարվում էր, որ խաղաղությունն արդեն կա, եւ պատերազմի հեռանկարի մասին խոսելը պարտվողականություն է: Այսօր այդ մտահոգությունը ամենատարածվածն է եւ յուրաքանչյուրինը: Ղարաբաղի խնդրում երեք տարվա ընթացքում արձանագրվեց երկու կարեւոր փուլ: Նախ՝ մոտ մեկ տարի հետո հայտարարվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իրեն սպառել է, եւ ավելի արդյունավետ կլինեն առանց միջնորդների երկկողմ հանդիպումները: Ապա՝ մեկուկես տասնյակ երկկողմ հանդիպումներից հետո հայտարարվեց, որ իրենց ներուժն սպառել են նաեւ երկկողմ հանդիպումները եւ նորից անհրաժեշտ են Մինսկի խմբի միջնորդական ջանքերը: Իրական եւ անկե՞ղծ են եղել Հայաստանի վարչախմբի կողմից վերջին երեք տարիներին հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը, թե՞ ձեւական: Ստատուս-քվոյի պահպանման հիմքերը Փոխզիջումների վրա հենված կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակները համարվում էին «պարտվողական»: Որպես այլընտրանք 98-ի հունվարին ներկայացված միակ գրավոր փաստաթուղթը, ինչպես արդեն գիտենք վերջերս կատարված հրապարակումներից, նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի լիակատար անկախություն՝ 8000 քառ/կմ տարածքով: Այսինքն՝ դրանով որպես իրական այլընտրանք, փաստորեն, ներկայացվում էր ոչ թե քննարկման ենթակա այլ ծրագիր, այլ հենց բանակցությունների ձգձգման միջոցով իրավիճակի սառեցման եւ ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն: Բերվում էին, բնականաբար, նաեւ այդ ուղեգծի հաջողությունը երաշխավորող փաստարկներ: Պարզապես այս մասին ավելի շատ խոսվում էր ոչ բացահայտ, տողատակերում: Ահա այդ իրական փաստարկներից մի քանիսն իրենց արդյունքներով: ա) Հայաստանի տնտեսական զարգացումը կարելի է ապահովել նաեւ շրջափակման պայմաններում՝ կառավարության արդյունավետ եւ հստակ աշխատանքով, կոռուպցիայի դեմ պայքարով: Քոչարյանը՝ որպես վարչապետ, Հայաստան եկավ հենց այս կարգախոսով: Ճիշտ է՝ նրա վարչապետության մեկ տարվա ընթացքում էական փոփոխություններ չեղան, սակայն դրա պատճառը հայտարարվեց վարչապետի իշխանության եւ լիազորությունների սահմանափակությունը: Հաջորդ երեք տարիների նրա նախագահության շրջանում եւս այդ «առաջընթացը» երեւում է միայն հեռուստաէկրանին, իրական կյանքում հակառակ պատկերն է: Ինչ վերաբերում է կոռուպցիայի մակարդակին, ապա միջազգային կազմակերպություններն այդ ահազանգը Հայաստանի Հանրապետության համար առաջին անգամ պաշտոնապես հնչեցրին հենց նրա նախագահության օրոք՝ 1999-ին: բ) Ստվերային տնտեսության դեմ պայքարելով եւ հարկային վարչարարությամբ կարելի է երկրի բյուջեն կրկնապատկել, եռապատկել: Առ այսօր ստվերային տնտեսության համար անգամ իրենք՝ իշխանությունները, չափազանց բարձր տոկոս են նշում: Հարկային վարչարարության տակ ավելի շատ հասկացվում եւ իրականացվում է ապօրինի, առաջանցիկ հարկահանություն: Տնտեսությունը, ներկրումը, առեւտուրը ավելի ու ավելի շատ են դառնում մենաշնորհային: Մանր ու միջին գործարարները կամայականությունների դեմ անպաշտպան, մենաշնորհ եւ արտոնություն ունեցողների դեմ անզոր, կորցնելով համեստ շրջանառու միջոցները՝ զանգվածաբար սնանկանում եւ դադարեցնում են իրենց տնտեսական գործունեությունը: Մինչեւ 1998-ը ձեւավորված եւ քանակական աճի ամենամյա կայուն միտումներ ունեցող միջին սոցիալական խավը արագ անհետանում է: Դրանով անհետանում է հասարակության նորմալ զարգացման եւ ներքաղաքական կյանքի կայունության ամենակարեւոր հիմքը: գ) Հնարավոր է արտաքին ներդրումները բազմապատկել: Անգամ թիվ արտասանվեց՝ տարեկան մինչեւ մեկ միլիարդ դոլարի ներդրում տնտեսության մեջ: Պաշտոնապես հրապարակվող կասկածելի թվերը հինգ-վեց անգամ հեռու են այդ կանխատեսումներից: Այս խնդրում մեծ հույս էր կապվում հատկապես սփյուռքահայության հետ: Գործարարների համահայկական համաժողովից գեթ ցուցադրված կադրերը վկայում էին, որ այդ հույսերը հենց այդտեղ էլ թաղվեցին: դ) Սփյուռքի օժանդակությունը ակնկալվում էր նաեւ պարզապես օգնության տեսքով, ընդ որում՝ մինչեւ կես միլիարդ դոլարի չափով: Դրան հասնելու ճանապարհը համարվում էր ՀՅԴ-ի գործունեությունն արտոնելու եւ Հայ դատից բխող խնդիրները պետականորեն հետապնդելու զույգ խնդիրների միջոցով Սփյուռքը ոգեշնչելը: Երկուսն էլ արվեց, սակայն այս դեպքում եւս հիասթափությունը պետք է որ ավելի մեծ լիներ. «Հայաստան» հիմնադրամի՝ մինչ այդ, Սփյուռքի նկատմամբ «ընդդիմադիր» Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար մուտքերը հաջորդ տարիներին սրընթաց եւ աննախադեպ կրճատվեցին… մինչեւ տասն անգամ: Սփյուռքի նվիրատվությունները հանրապետության իշխանության եւ նրա ղեկավարի նկատմամբ վերաբերմունքի եւ վստահության ճշգրիտ եւ յուրահատուկ ցուցիչ են: Ծրագրի հեղինակները շատ վատ են ճանաչել իրական Սփյուռքը: ե) Տնտեսական հաջողություններ արձանագրելով կարելի է նվազեցնել արտագաղթը եւ ակտիվացնել ներգաղթը (միտում, որ 1996-97-ին արդեն կար): Հասարակության յուրաքանչյուր անդամ իր շուրջը նայելով եւ իր մաշկի վրա է հիանալի զգում, թե ինչպիսին է ներկան եւ ինչ հույսեր է ներշնչում ապագան: Եվ իրական գնահատականը դրսեւորվում է ոչ միայն «ճիշտը գնալն է» մտայնության աննախադեպ ծավալմամբ ու խորացմամբ, ոչ միայն գնացողների թվի աննախադեպ աճով, այլեւ գնացողների սոցիալական կազմի աննախադեպ ընդլայնմամբ: Մեկ-մեկուկես տարին, կարծես թե, լիուլի բավարար էր փորձով համոզվելու համար, որ ղարաբաղյան հիմնահարցում հակամարտության սառեցման քաղաքականության գրավը սխալ քաղաքական հաշվարկների վրա է դրված եղել եւ չի դիմանալու ժամանակի փորձությանը: Սակայն նման քաղաքական հետեւություն չարվեց: Սա կարող էր նշանակել մի բան. հակամարտության սառեցումը ամենեւին էլ քաղաքական հաշվարկների վրա հենված մարտավարություն չէր, որ կարելի էր փոխել իրողությունների թելադրանքով, համոզվելով հիմքերի անլիարժեքության մեջ: Այն իրականում ռազմավարություն էր՝ հենված ոչ թե հաշվարկների, այլ գաղափարախոսական հիմքի վրա: Իսկ գաղափարախոսությունները չեն սպասարկում խնդիրներին, խնդիրներն են նրանց սպասավորները: Շարունակելի ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել