Լրահոս
Օրվա լրահոսը

2001

Ապրիլ 19,2001 00:00

Զուգարանները դեռ մերն են 2001 թիվը հայության համար բացառիկ կարեւորություն ունի եւ տարվա հետ պետականորեն՝ իշխանություններն ու մենք՝ հասարակ ժողովուրդը, մեծ հույսեր ենք կապել: Բազմաթիվ լավատեսական կանխագուշակումների շարքում ասել ու կրկնել ենք, որ տարվա ընթացքում ակնկալում ենք մոտ 150 հազար զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան: Չէ, ախպերս, ինչպես էլ հաշվում եմ՝ մենակ հաշվեմ, թե մեր հարեւան Մուկուչի հետ՝ այդքան զբոսաշրջիկ չեմ կարողանում պատկերացնել: Այդքան մարդուն որտե՞ղ ենք պահելու, ինչպե՞ս ենք կերակրելու, այդքան մարդ ինչո՞վ են երթեւեկելու: Բոլորից շատ մեղքս Խոսրով Հարությունյանն է գալիս: Ախր իր ի՞նչ գործն էր, որ թաթախվեց: Էլի ԱԺ նախագահը զբաղվեր՝ կհասկանայինք. դե նա աշխարհ տեսած մարդ է, ամեն ուղեւորությունից հետը մի ինքնաթիռ օտարերկրացի կբերեր, Հայաստանի տեղը, ճանապարհը ցույց կտար, ու մեր երկիրը կդառնար Ֆրանսիայի ու Իսպանիայի մրցակիցը: Էս մեր հարեւան Մուկուչը իշխանությունների խոսքերը հալած յուղի տեղ է ընդունում: Վերցրել ու գործ է նախաձեռնել: Ուզում է մայիս ամսից «Զվարթնոց» օդակայանի տարածքում մեքենաների վարձակալություն տրամադրել: Պատկերացրու, որ եվրոպացին, ասիացին, ամերիկացին կամ ավստրալացին գալիս-իջնում են օդակայանում, 20-30 րոպեում անցնում են բոլոր ստուգումները, ստանում են իրենց ճամփորդական պայուսակներն ու գալիս են Մուկուչի մոտ: Սա էլ տալիս է նրանց հավանած ավտոմեքենան ու ցույց տալիս Երեւանի ճամփան, թե՝ էսպես ու էսպես կգնաք, մինչեւ որ հասնեք «Արմենիա» հյուրանոց: «Մուկուչ ջան,- ասում եմ,- ախր, հենց որ քո տուրիստը տեղից պոկվի, հասնի օդանավակայանի հին շենքի հրապարակն ու թեքվի դուրս գալու՝ ավտոտեսուչները մեքենան կանգնեցնելու են, որ փող պոկեն: Բա էդ հարցը ո՞նց ես լուծելու»: «Արդեն նրանց հարցերն էլ եմ լուծել. իմ մեքենաները կանգնեցնող չկա»: Մալադեց, բաշարող տղա է հարեւանս: Տեսեք, թե Մուկուչի շնորհիվ քանի մարդու գրպան է եկամուտ մտնելու: Մարդը գործը լավ է պատկերացնում: Նույնիսկ հատուկ քարտեզներ է գնել զբոսաշրջիկների համար: Ասում է, որ նրանք սովոր են ինքնուրույն ճանապարհորդելու: Հետեւում են փողոցների երթեւեկության նշաններին ու բռնում Գառնիի, Գեղարդի, Սեւանի ճանապարհը: «Մուկուչ ջան, մի բան էլ պիտի հարցնեմ: Էդ արտասահմանցիներն էլ վերջապես մարդ են, բնական պահանջներ ունեն: Ասում են, իրենց երկրներում արագընթաց ճանապարհներին ամեն տեսակ ծառայություն կա: Ամեն 15 կիլոմետրի վրա, ներողություն արտահայտությանս, զուգարան կա, հեռախոսով, բանով: Բա էդ հարցը ինչպե՞ս ես լուծելու»: «Հարեւան ջան, էս ինչ միամիտ բաներ ես ասում: Բա առանց զուգարանի տուրիզմ կզարգանա՞: Հյուրանոցը, ռեստորանն ու զուգարանը տուրիստի համար ամենաանհրաժեշտն են: Մեր երկրում հյուրանոցների ու ռեստորանների գործը վաղուց ամերիկացիների ու եվրոպացիների ձեռքն է: Զուգարաններն էլ չինացիք են իրենց ձեռքը վերցրել: Մի քսան տարի առաջ իրենց երկրում այդ նույն պրոբլեմը կար: Ասում են՝ 5 տարում 50 հազար հանրային զուգարան են կառուցել, որ մտնես՝ բարեւդ կմոռանաս: Հիմա էլ Հայաստանում 300 հանրային զուգարան են կառուցելու: Հա, մեր կառավարությունը պայմանագրում հատուկ կետ է ավելացրել, որ զուգարաններում միայն մեր երկրի քաղաքացիները պետք է աշխատեն»: «Մուկուչ ջան, էդ հյուրանոցներում ու ռեստորաններում է՞լ են միայն հայաստանցիները աշխատելու»: «Չգիտեմ, ախպեր ջան: Զուգարանները հաստատ դեռ մերն են»: ՍՈՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել