Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցական

Ապրիլ 19,2001 00:00

ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ Դպրոցական տարիներին սրտաճմլիկ պատմություն էինք կարդում այն մասին, թե ինչպես «վերեւի հարկերը խլեցին արեւը», իսկ առանց արեւի ջերմության ներքեւի հարկերում մի երեխա հիվանդացավ եւ նույնիսկ մեռավ։ Երեւանի Անտառային փողոցի բնակիչներին, հուսով ենք, նման դրամատիկ իրադարձություններ չեն սպասվում։ Սակայն տարբեր ատյաններ դիմելու նրանց շարժառիթը հենց արեւի լույսից զրկվելու վտանգն է։ Եվ ոչ միայն դա։ Ինչպես «Առավոտին» ահազանգում են Անտառային փողոցի բնակիչները, Երեւանի նախկին քաղաքապետ Ա. Բազեյանի որոշմամբ, այդ փողոցում «Սոմար» ՍՊԸ-ին 5 հարկանի բնակելի շենք կառուցելու նպատակով հատկացվել է 546 քմ տարածք։ Ըստ բնակիչների, հատկացման հեղինակը քաղաքի «նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանն է, որը «ազատ տարածք» անվան տակ հատկացրել է ջրամբարը»։ Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ այդ ջրամբարից ջուր մատակարարվում է ոչ միայն իրենց եւ Ջրաշատ փողոցներին, այլեւ Բաղրամյան փողոցում գտնվող նախկին գերատեսչական տներին։ Այժմ ջրամբարը քանդելը պետությանը եւ կոնկրետ այս տարածքների բնակիչներին մեծ վնաս է հասցնում՝ ոչ միայն ջրամատակարարման դադարեցման առումով։ Այդտեղի շենքերը մեկ-երկու-երեք հարկանի առանձնատներ են եւ կառուցվելիք 5 հարկանի շենքը «կփակի այդ տների լույսը, կնեղացնի տեղից էլ նեղ փողոցը՝ խոչընդոտելով մեքենաների երթեւեկությանը»։ Հինգ հարկանի ասվածը հարաբերական է. հնարավոր է, որ շենքն ավելի բարձր լինի, քանի որ դրա կառուցման մասին «Սոմար» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Փայտյանի եւ երեք այլ մասնակիցների միջեւ կնքված «Համատեղ գործունեության պայմանագրում» մի քանի տեղ նշվում է՝ բնակելի բազմաբնակարան շենք։ Եվ ոչ մի հիշատակություն հարկերի հնարավոր քանակի մասին։ Ամենահետաքրքիրն այն է, որ պայմանագրի երեք այլ մասնակիցներից երկուսը Համլետ Խաչատրյանն ու Ռազմիկ Դավոյանն են։ Առաջինը մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետն է, որի «համատեղ գործունեության արդյունքից» բաժնեմասը կազմում է բնակելի շենքի ընդհանուր ծավալի 4,35% եւ գնահատվում է 24 հազար 700 դոլար, երկրորդը ՀՀ նախագահի խորհրդականն է, որի բաժնեմասը 4,45% է՝ 25 հազար 270 դոլար արժեքով։ Ի դեպ, ուշագրավ է նաեւ պայմանագրի ստորագրման օրը՝ 1999թ. նոյեմբերի 5, այսինքն՝ հոկտեմբերի 27-ից ընդամենը 9-10 օր անց, երբ հանրապետությունում բոլոր ջրերը դեռ շատ պղտոր էին։ Ինչեւէ, խորհրդային ամրակուռ ցեմենտ-բետոնով կառուցված ջրամբարը կիսով չափ արդեն քանդվել է, տեղում շինարարություն է սկսվել։ Սակայն բնակիչների՝ ՀՀ նախագահին ուղղված կոլեկտիվ դիմումին ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության պետ Հ. Մուրադյանը հայտնել է. «Նկատի ունենալով, որ կառուցապատողի մոտ բացակայում է շինարարական աշխատանքները կատարելու համաձայնեցված նախագիծը, այդ շինարարական աշխատանքները դադարեցվել են»: Այսինքն, սարսափելի ոչինչ էլ չկա. ամեն ինչ օրինական է եւ ճիշտ, պարզապես «համաձայնեցվա՛ծ նախագիծն է բացակայում»։ Այժմ Անտառայինի վերջնամասը այդպես կիսաքանդ-կիսակառույց «սառեցված» է, բայց դժվար էլ է պատկերացնել, թե Հ. Խաչատրյանի եւ Ռ. Դավոյանի համար անհնար կլինի «համաձայնեցնել նախագիծը»։ Հոդվածի սկզբում նշված պատմությունը, եթե հիշում եք, շատ ավելի տխուր ավարտ ունեցավ. եկան կոմունիստները եւ հարուստներից խլեցին վերեւի հարկերը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել