Ում ցուցումով, ինչ եւ ինչպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» գործի դատաքննությունը։ Սպասվում էր, որ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ կտա։ Սպասվում էր նաեւ, որ մեղադրողները պատասխան կտան այն անհետացած ցուցմունքների մասին (2), որի մասին ակնարկել էր ամբաստանյալը՝ նախորդ օրվա դատական նիստում արված իր միջնորդության մեջ։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը տեղյակ պահեց դատարանին, որ իրենց «ուսումնասիրություններից» պարզվել է, որ 2000 թ. հունիսի 1-ին Ն. Հունանյանը, իրոք, հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազին՝ «իր նկատմամբ քննությանը խորթ մեթոդներ կիրառելու մասին»։ ՀԿԳ քննիչ Ջոն Ֆարխոյանն այդ կապակցությամբ քննություն է կատարել։ Հունիսի 30-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ «Եթե ասելիք ունի,- ասաց Գ. Ավետիսյանը,- Ն. Հունանյանը թող ցուցմունք տա»։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը փորձեց մեղադրողից պարզաբանումներ ստանալ, թե «ինչու այդ ցուցմունքը քրեական գործին չէր կցվել»։ «Որպեսզի խորհրդավորություն չմնա», դատավոր Ս. Ուզունյանը կոչ արեց մեղադրողներին՝ հրապարակել քր. գործից անհետացած ցուցմունքները։ Հարցաքննությունը տեղի էր ունեցել ԱԱՆ քննչական մեկուսարանում, հունիսի 8-ին։ Այն ավարտվել էր հաջորդ օրը։ Քննիչն էր Ջոն Ֆարխոյանը (այլ հարց է՝ ՀԿԳ քննիչ Ջ. Ֆարխոյանն իրավունք ունե՞ր հարցաքննել այլ քրեական գործով Ն. Հունանյանին. խոսքը ծառայողական քննության մասին է, այլ վարույթի- Ռ. Մ.)։ Ն. Հունանյանը հարցաքննության ժամանակ ասում է, թե ինչու է տվել կեղծ ցուցմունքներ, թե ինչպես են կիրառվել «խորթ մեթոդները»։ «Ջհանգիրյանն ինձ բացահայտ հասկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Ալիկ Հարությունյանը գլխավոր կազմակերպիչներն են հոկտեմբերի 27-ի դեպքի… եւ որ նրանց հանդիպելով ես փաստորեն անուղղակիորեն դա կապացուցեմ»։ Ն. Հունանյանը ցանկանում է, ըստ այդ ցուցմունքների, Աղվան Հովսեփյանի հետ հանդիպում, սակայն այն տեղի չի ունենում, քանի որ ըստ ամբաստանյալի՝ գլխավոր դատախազը փոխվել էր։ «Փաստորեն, նախագահի տված անվտանգության երաշխիքները ոտնակոխ անելով, այդ փոխարինում էին իրենց երաշխիքներով»,- շարունակում է ամբաստանյալ Հունանյանը։ Գլխավոր դատախազին այդ առիթով դիմում է հղվում։ Ըստ ամբաստանյալի, իր եղբոր եւ խմբի մյուս անդամների «տանջանքները» իր վրա վերցնելով՝ տալիս է կեղծ ցուցմունքներ «Հրանտի, Հայկ Բաբուխանյանի դեմ, բայց այնպիսի, որ նրանց ձերբակալել չլինի»։ Պատմվում է նաեւ խոշտանգումների, հոգեբանական ճնշման մասին, ինչի կապակցությամբ նոյեմբերի 26-ին բացարկ է հայտնվում ԶԴ քննչական խմբի նկատմամբ. «Նշել էի, որ եթե բացարկը չընդունվի, կդիմեմ հացադուլի»։ Ամբաստանյալը տալիս է քննիչների անունները, ովքեր, եթե հավատանք նրան, դիմակավորված, մահակներով ստիպել էին անգամ իր գրած դիմումը… ուտել։ «Որպեսզի կարողանայի նախագահին պաշտպանել, ստիպված ցուցմունք տվեցի… Ալիկի դեմ»։ Ն. Հունանյանը իրեն «խոշտանգելու» մասին հայտնել է թիվ 1 մեկուսարանի պետին՝ Ռ. Հովհաննիսյանին, որը հասկացնում է՝ դիմել ՆԳ նախարար Հ. Հարությունյանին։ «Ապա օպերատիվ խմբի անդամներին ասաց (Ջհանգիրյանը), որ ինձ տանեն եւ Սովետաշենի բլուրներում գնդակահարեն՝ տպավորություն ստեղծելով, թե փախուստի եմ դիմել եւ դրա համար էլ խփել են։ Ինձ տարան Սովետաշենի մերձակայքը, 2-3 մեքենայով եւ 2 անգամ գլխիս մոտ կրակեցին, ասելով, թե բան ունե՞ք ասելու, թե՞ ոչ»,- ասվում է հարցաքննության ժամանակ։ «Ինձ համար պարզ էր, որ որոշ ուժեր, որոնց մասին շեշտում էր Ջհանգիրյանը, թե նրանք կանգնած են իր թիկունքին, վարչապետը, երկրապահը, բանակը, օգտագործում էին հարմար առիթը՝ նախագահին չեզոքացնելով, զավթել իշխանությունը»։ Նաիրի Հունանյանի ասածի հիման վրա ծառայողական քննություն է անցկացվել եւ պարզվել, որ քրեական պատասխանատվության հիմքեր չկան։ Այդ գործի նյութերը, որոշման պատճենը փաստաբանները միջնորդեցին կցել քրեական գործին։ Սարգսյանների շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանի մտահոգությունն այսպիսին էր. «Ինչո՞ւ է գործից դուրս նյութ հայտնվել։ Ինչո՞ւ, ո՞ւմ ցուցումով, ի՞նչ նպատակներով է դուրս մնացել»։ Տուժող Անահիտ Բախշյանն ասաց, որ ցավում է, որ ամբաստանյալը փորձում է գործած հանցագործությունների փոխարեն խոսել իր խոշտանգումների մասին։ Ամբաստանյալ Հունանյանը միջնորդեց, որ իրեն տրամադրվեն գործից դուրս մնացած վերոնշյալ նյութերը, որպեսզի կարողանա ցուցմունք տալ։ Ընդմիջումից հետո, թվում էր, թե կկարգավորվի հարցը. պատճենները կբաժանվեն կողմերին։ Դա չարվեց։ Փոխարենն, ամբաստանյալն օգտվելով ակնհայտ իրավական ստեղծված փակուղուց, պաշտպան ուզեց։ Պետպատվերի կարգով նրան կտրամադրվի պաշտպան։ Եթե հանկարծ վերջինս գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ պահանջի, դա, ըստ հասարակական տրամադրությունների, կմեծացնի արտադատարանական լարվածությունը։ Դատական նիստի ավարտին դիմեցի տուժող Անահիտ Բախշյանին. «Տեղյա՞կ էիք նյութերի անհետացման մասին» հարցով նա ասաց. «Տխուր էր այդ փաստը։ Ես չէի ուզի այդպիսի թերացումներ, որից կառչեր ամբաստանյալը»։ Իմ հաջորդ հարցին, թե՝ իր դատավարական իրավունքները պաշտպանվո՞ւմ են դատարանի կողմից, Ա. Բախշյանը պատասխանեց, որ իր փաստաբաններին ինքը լիովին վստահում է, որ բոլոր միջնորդությունները դատարանի կողմից հարգվել են, ապա ասաց. «Այսօր եկել եմ մի եզրակացության, որ հանրապետությունում եթե կա մի մարդ, որի իրավունքները պաշտպանվում են օրենքի տառով, դա Նաիրի Հունանյանն է»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ