ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԱՂԹԱՆՔԸ՝ ՊՈՊՈՒԼԻԶՄՈՎ ՎԱՐԱԿՎԵՍ Հարցազրույց Արթուր Բաղդասարյանի հետ Երկու օր շարունակ խորհրդարանը քննարկում է «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքը պետք է կարգավորի աշխատանքի վարձատրության կարգը եւ դրա հետ կապված հարաբերությունները։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ՝ աշխատավարձերի ժամանակին չվճարման հետեւանքով մարդկանց նկատմամբ պետությունը կիրառում է որոշակի գործողություններ (ասենք՝ էլէներգիան անջատում են), բայց հենց գալիս է պետության նկատմամբ պարտավորություն իրականացնելու հարցը, պետությունը չի հապաղում եւ դիմում է խիստ միջոցների։ Այսպիսի իրավիճակից խուսափելու համար պրն Բաղդասարյանն առաջարկեց աշխատավարձի վճարման երեք հիմնական սկզբունք. «Նախ՝ երկրում սահմանվի նվազագույն աշխատավարձ, որը չի կարող պակաս լինել սպառողական նվազագույն զամբյուղից, երկրորդը՝ աշխատավարձի ուշացման համար պետությունը պետք է կրի որոշակի պատասխանատվություն, այնպես, ինչպես տնտեսվարող սուբյեկտը կամ քաղաքացին է կրում պատասխանատվություն»։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարի հետ խոսեցինք նաեւ մի շարք այլ խնդիրների շուրջ։ Մենք սովոր ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը, նաեւ՝ շատ պատգամավորներ, առիթը բաց չեն թողնում հայտնվել խորհրդարանի խոսափողի մոտ եւ ժողովրդի ականջին հաճո, բայց հաճախ՝ անարդյունք հարցեր հնչեցնել։ Այսպիսի պոպուլիստական պահվածքի գնահատականը ո՞րն է։ Արթուր Բաղդասարյանի կարծիքով՝ իրենց կուսակցության պարագայում հարցեր հնչեցնելն ամենեւին պոպուլիզմ չէ. «Որոշ կուսակցությունների փոխարեն չեմ կարող ասել, բայց մեր կուսակցությունը (չնայած «Առավոտ» օրաթերթը միշտ չէ, որ մեր նկատմամբ բարյացակամ է) առաջին օրվանից ընտրել է մարդկանց հետ հանդիպումների ճանապարհը։ Երեք տարիների ընթացքում 2650 հանդիպում է եղել, վերջին շրջանում հանդիպումներ ենք ունեցել Կոտայքի, Տավուշի մարզերում, Դիլիջանում, Հրազդանում եւ այլն»։ Նրանց, ովքեր «Օրինաց երկրի» պահվածքը պոպուլիզմ են համարում, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս կարդալ պոպուլիստ բառի բացատրությունը, եւ եթե ժողովրդի շահերով մտահոգված լինելը, դրանք հնչեցնելը պոպուլիզմ է համարվում, թող իրենք էլ այդ պոպուլիզմով վարակվեն։ Ի վերջո, որպես քաղաքական ուժ, մենք ներկայացնում ենք մեր ընտրողների շահերը»։ Խորհրդարանում կատարվող խմորումների մասին Արթուր Բաղդասարյանի կարծիքը ո՞րն է. «Մերթընդմերթ նման պոռթկումներ լինում են, եւ պարզ է, որ արհեստական դաշինքները չեն կարող երկար ճանապարհ անցնել։ Եթե ռազմավարական խնդիրների շուրջ դաշինքի կուսակցություններն ունեն տարբեր տեսակետներ, սա արդեն ռեալ մտահոգություն է, որ չկա այն գաղափարական հիմքը, որով դաշինքը պետք է իրականացնի իր նախընտրական ծրագրերը»։ Որոշ քաղաքական ուժեր, մի քանիսը՝ խորհրդարանի ներսում (օրինակ՝ Արտաշես Գեղամյանը), ոմանք էլ՝ դրսում (օրինակ՝ Պարույր Հայրիկյանը), պնդում են, թե «այս խայտառակ» խորհրդարանը պետք է ժամ առաջ լուծարվի։ Արթուր Բաղդասարյանի կարծիքը թերեւս այնքան էլ չի տարբերվում այս կարծիքից։ Խմբակցությունը հայտարարել է, որ խորհրդարանի լուծարումն անհրաժեշտ է բայց կա մի «բայց». «Ուղղակի մենք այս փուլում դա չենք պնդում քաղաքական պատճառներով։ Նախ՝ այս տարի ունենք 1700-ամյակը, որը ահագին արձագանք է ստացել Սփյուռքում, մեր շատ հայրենակիցներ մտադիր են գալ Հայաստան, եւ մենք մեղք չունենք, որ 1700-ամյակը համընկավ ներքաղաքական այս ծանր իրավիճակին։ Ավելի կարեւոր պարագան այն է, որ պետք է փոփոխենք Ընտրական օրենսգիրքը։ Մինչեւ նորմալ Ընտրական օրենսգիրք չունենանք, մենք առաջ չենք կարող գնալ»։ Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ ինքը կներկայացնի այն կուսակցությունների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել էներգահամակարգում աշխատատեղեր ունենալու։ Արդյո՞ք վարչապետն արդեն ցուցակը ներկայացրել է «Օրինաց երկրին», եւ ունի՞ կուսակցությունն աշխատողներ էներգահամակարգում. «Մենք ընդամենը ունենք մեկ աշխատող, որին ուղղակի տեղափոխել են էներգետիկ համակարգ, իսկ ինչ վերաբերում է այդ կուսակցություններին, վարչապետը կարող է այդ ցանկը տպագրել, եւ բոլորն էլ տեսնեն, թե ովքեր են։ Մեր կուսակցությունը գործադիր իշխանությունում լծակներ չունի»։ Ըստ որոշ կարծիքների՝ կուսակցություններից շատերի ներսում տեղի ունեցող խմորումները, կիսվելն ու բաժանվելը հրահրվում է որոշակի ուժերի կողմից։ «Օրինաց երկիրը» այս վտանգից ապահովագրվա՞ծ է։ Արթուր Բաղդասարյանի կարծիքով, այն, ինչ կատարվում է այսօր որոշ կուսակցություններում, պատճառներ ունի. «Մի դեպքում կուսակցություններն ունեն ներքին խնդիրներ, մյուս դեպքում՝ եթե կուսակցությունների մեջ կան անկայուն պատգամավորներ, որոնք կարող են հրահրումների միջոցով իրենց դեմքն ու գույնը փոխել, դա պատգամավորների ողբերգությունն է»։ Այս դեպքում պրն Բաղդասարյանը խիստ կարեւորում է «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումը, «որտեղ պետք է շատ խիստ կոնկրետ պահանջ դնենք՝ եթե մարդը դուրս է գալիս կուսակցությունից, խմբակցությունից, պարտավոր է վայր դնել պատգամավորական մանդատը։ Այս իմաստով մեր խորհրդարանում սկզբունքայնության լուրջ խնդիր կա»։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ