Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության

Ապրիլ 19,2001 00:00

«ՁԵՐ ՉԱՓՆ ԻՄԱՑԵ՛Ք» Կառավարության հետ ԱԺ-ի այս էլ երկրորդ հարցուպատասխանն է, որ վարչապետը պատգամավորին պատասխանում է այլ վայրերում հաշիվներ պարզելու ընդունված ոճով՝ «Ձեզանից չէ, որ պիտի թույլտվություն խնդրեմ, ձեզ չէ, որ պիտի հաշվետվություն ներկայացնեմ»։ Այս անգամ էլ նման արձագանքի արժանացավ Արշակ Սադոյանի հետեւյալ հրավերը. «Լիազորված եմ վաղը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի կազմակերպիչների կողմից Ձեզ հատուկ հրավիրել, որպեսզի Դուք գաք ու փորձեք ժողովրդին պատասխան տալ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հանցավոր գործարքի մասին։ Իմ եւ որոշ պատգամավորների կողմից ուզում եմ հայտարարել, որ այս հանցավոր գործարքը կատարվում է, իմ կարծիքով, միջազգային կոռուպցիայի շրջանակներում, որի մեջ առաջին հերթին խառնված են Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարները։ Եվ հանցանքի մեծ բաժին ընկնում է անձամբ Ձեզ վրա, քանի որ առանց կառավարության նիստ գումարելու՝ Ձեր ստորագրությամբ ներկայացվել է տեղեկանք, որ դա բերում է բյուջեի ծախսերի աճի, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Դուք ներկայացնում էիք, որ դա բյուջեի հետ կապ չունի»։ Ընդունենք, որ այս հարցի մեջ պարունակվող մեղադրանքները բավարար էին դրանց հասցեատիրոջը հունից հանելու համար (Արշակ Սադոյանը վաղուց եւ հրաշալիորեն տիրապետում է այդ «արվեստին»)։ Սակայն երկրի ղեկավարներից մեկը պիտի առավել ինքնատիրապետում եւ զսպվածություն հանդես բերեր նման ձեւով չարձագանքելու համար. «Թե ես ինչ կանեմ՝ ինքս կորոշեմ։ Ձեզ չեմ պատասխանատու կամ Ձեր հարցադրումներով չեմ շարժվելու»։ Սադոյանն էլ այսպես արձագանքեց. «Ուզում եմ տեղյակ պահել մեր հանրությանը, որ հանրապետության վարչապետը վախենում է իր ժողովրդին բացատրություններ տալուց»։ Այս անգամ արդեն պրն Մարգարյանն ազդարարեց. «Արշակ Սադոյա՛ն։ Ուղղակի Դուք պետք է Ձեր չափն իմանաք, անկախ նրանից, թե պատգամավոր եք կամ ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչ»։ Բնական է, որ վարչապետին պիտի իր կառավարության անդամը պաշտպաներ եւ ապացուցեր, որ ԲԷՑ-երի սեփականաշնորհումը հանցավոր գործարք չէ, քանի որ դրա միջոցով ստացվելու են գումարներ՝ մարդկանց աշխատավարձ եւ թոշակ վճարելու համար։ Այսպես հիմնավորեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Բայց, անկեղծ ասած, անդուր էր, որ այլ պատգամավորներ նույն պահին լծվեցին իրենց գործընկերոջը փնովելու գործին։ Թերեւս իզուր չէր, որ հարցի համար հերթագրված չորրորդ պատգամավորից հետո Տիգրան Թորոսյանը միանգամից խոսքը տվել էր թիվ 7-րդ Սադոյանին, գուցե կանխատեսելով, որ հարկ եղած դեպքում թիվ 5-ն ու 6-ը նրան արժանի հակահարված կտան։ Վազգեն Խաչիկյանը «ներքաղաքական անկայունության ջատագով» անվանեց Սադոյանին, իսկ վերջինիս դեռ կուսակից Ֆիլարետ Բերիկյանը ոգեշունչ խոսքեր ասաց «երկրի համար պատասխանատվություն» չզգացող մարդկանց համար, ովքեր «կարող են իրենց թույլ տալ ամբոխահաճ ելույթներ, պիտակավորումներ եւ այլն։ Բայց անկախ դրանից՝ այդ մարդիկ երբեւէ չպետք է դառնան իրենց պետության համար 5-րդ զորասյուն։ Դա շատ էական է, որովհետեւ այս հողի վրա մեր երեխաները պետք է ապրեն»։ Որոշ ԱԺՄ-ականներ խի՛ստ պետական մտածողություն ունեն։ Շատ ափսոս, որ այն դրսեւորեցին միայն 1998-ից հետո։ Հարցուպատասխանից հետո չորս կողմից թիկնապահներով շրջապատված վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նրանից մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչու, չնայած հայտարարել էր, որ հրապարակելու է այն էլցանցի պետերի անունները, որոնք նշանակվել են կուսակցությունների երաշխավորությամբ, չի կատարում այդ «սպառնալիքը»։ Անդրանիկ Մարգարյանի պատասխանից ակնհայտ դարձավ, որ նահանջել է նախորդ հարցուպատասխանի ընթացքում իր իսկ հայտարարածից. «Այժմ գնում է գործընթաց. ամբողջ համակարգում է կատարվում գերկորուստների հաշվառումը։ Երբ ամբողջ համակարգում այդ աշխատանքը կավարտենք, բնականաբար, բոլորի՛նը կհայտնենք, այլ ոչ թե որոշակի անհատների կամ պատգամավորների բարեկամներինը։ Խնդիրը շատ ավելի մեծ է, քան թե ԱԺ-ի հետ կապ ունեցող աշխատողների հարցը»։ Այսպիսով, սրբագրվեց երկշաբաթյա վաղեմության խոստումը. «Ես ուղղակի ստիպված եմ լինելու այն բոլոր դիմողներին, ում խնդրանքով ես առաջարկել եմ էներգետիկայի նախարարությանն այդ հարցը քննարկել եւ մասնագետներին նշանակել՝ ուղղակի ցուցակ ներկայացնել գերկորուստների վերաբերյալ, որ այդ մարդիկ ունեցել են»։ Եվ լրագրողը, բնականաբար, պիտի հետաքրքրվեր, թե այն հայտարարությունն ուժի մեջ չէ՞. «Ուժի մեջ է այն առումով, որ երբ հանրապետության ամբողջ գերկորուստների պատկերը պարզ լինի, կհայտարարվեն մարդկանց անուններ կամ կպատժվեն այդ մարդիկ»։ Սա էլ «պոռո խոսացողների» վերջը։ Այս անգամ չհաջողվեց ճեղքել թիկնապահների հուժկու պաշտպանությունը եւ հայտնվել առաջին շարքում, իսկ առանձին՝ գոնե մեկ հարցի պատասխանելու «Առավոտի» խնդրանքին, Անդրանիկ Մարգարյանը բացասաբար պատասխանեց։ Ուստի, ստիպված էինք ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվել՝ եթե պրն Մարգարյանը ԱԺ-ին չէ հաշվետու, որի մի մասի շնորհիվ է վարչապետ առաջադրվել, ապա ո՞ւմ է այսօր հաշվետու նա. «Ինձ նման հարց ուղղելը ճիշտ չէ,- արդարացիորեն նկատեց պրն Թորոսյանը։- Բայց վարչապետը չասաց, թե խորհրդարանին հաշվետու չէ։ Խոսքը ամբարտավան պահվածքով աչքի ընկած պատգամավորին է վերաբերում»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել