Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ապրիլ 18,2001 00:00

ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Աղքատ մարդը, անգամ պետությունը եղած միջոցները ծախսում է առավել նպատակային, խուսափելով ավելորդ շռայլություններից։ Հանրապետության բնակչության մեծ մասի ծայրաստիճան աղքատ վիճակը այլեւս թաքցնելու հնարավորություն չկա։ Այս մի թիզ հողի օգտագործման եւ մի բուռ բնակչության կառավարման համար հանրապետությունում ստեղծվել են նախարարություններ, դրանց հավասարեցված վարչություններ եւ այլն՝ իրենց ծանրակշիռ հաստիքներով։ Կան բազմաբնույթ հսկիչ, վերահսկիչ, վարչատնտեսական եւ բազմաթիվ այլ պետական-կառավարման հիմնարկ-ձեռնարկություններ։ Գուցե դա անհրաժեշտություն լիներ, եթե երկիրն ու նրա բնակչությունը լինեին ներկայիս տասնապատիկն ու ավելին։ Բայց մենք սա ենք եւ այս հարցում եւս չենք ցանկանում հետ մնալ այլոցից։ Ասենք, ինչպես կարող է անկախ Հայաստանի գյուղատնտեսության (առեւտրի, բնապահպանության, սպորտի, կրթության եւ այլն, եւ այլն) բաժնի վարիչը Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության (եւ այլ) նախարարի հետ հարցեր լուծելիս ներկայանալ ոչ թե որպես նախարար, այլ սոսկ բաժնի վարիչ։ Կամ թեկուզ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելիս Հայաստանի Հանրապետության բնապահպանության ղեկավարը հանդես գա ոչ թե նախարարի տիտղոսով, այլ սոսկ այդ ճյուղի ղեկավար, բայց բաժնի վարիչի կարգավիճակով։ Իսկ յուրաքանչյուր նախարարություն ունի մեծ թվով աշխատողներ՝ նախարար, նախարարի օգնական, առաջին տեղակալ, տեղակալ(ներ), վարչությունների պետեր, գլխավոր եւ սովորական մասնագետներ, քարտուղարուհիներ եւ այլն (ծառայողական մեքենաներով, վարորդներով եւ այլ աշխատողներով)։ Առանց չափազանցության՝ ՌԴ խոշոր կոլտնտեսությունում, որը ղեկավարում է կիսագրագետ մի նախագահ, ավելի շատ գյուղմթերքներ է տալիս, քան նախարարություն ունեցող մեր գյուղացին։ Մեր կարծիքով, Հայաստանի Հանրապետությունում 5-6 նախարարության դեպքում աշխատանքներն ավելի արդյունավետ կկատարվեն, աշխատողներն ավելի ծանրաբեռնված կլինեն, կբարձրանա գործի հանդեպ պատասխանատվությունը եւ հսկայական ֆինանսական միջոցների տնտեսումից կբարելավվի կարիքավորների վիճակը։ ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել