Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը։ Երեւանի երեք ստադիո

Ապրիլ 18,2001 00:00

ՍԿԻԶԲԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը։ Երեւանի երեք ստադիոններում, Աբովյանում, Վանաձորում եւ Կապանում անցկացվեցին առաջին տուրի հանդիպումները։ Լրագրողների մի ստվար մասը նախընտրել էր հետեւել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում նշանակված մայրաքաղաքի երկու թիմերի՝ «Փյունիկի» եւ «Կիլիկիայի» միջեւ մրցամարտին։ Առաջ անցնելով ասեմ, որ պայքարն ընդհանուր առմամբ ստացվեց, ու տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականները պետք է որ գոհ մնացած լինեն խաղից։ Ճիշտ է, երկու թիմերի խաղացողները բավականաչափ խոտան էին թույլ տալիս, սակայն հաշվի առնելով, որ դա նրանց առաջին լուրջ մրցելույթն էր, վրիպումները պետք է համարել բնական։ Բայց դրա կողքին ֆուտբոլասերները, որոնք, ի դեպ, բավականաչափ ակտիվ էին քաջալերում իրենց ընտրյալներին, տեսան, որ կար լավ խաղ ցուցադրելու ձգտում, երկու թիմերի գործողություններում առկա էր կոլեկտիվ գործողությունը, ընդհանուր առմամբ վատ չէին խաղային առանձին օղակները։ Իսկ եթե այս ամենին ավելացնենք, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ ընդհանրապես լինում է ֆուտբոլում՝ գեղեցիկ գոլեր, 11 մետրանոց հարվածներ, որոնցից մեկը՝ անհաջող կատարմամբ, դեղին ու կարմիր քարտ, ապա կասկած չկա, որ հանրապետական մարզադաշտում, ինչպես ասում են, ձանձրանալու ժամանակ չկար։ Հանդիպումն սկսվեց փյունիկցիների բուռն գրոհներով եւ խաղի հենց առաջին րոպեին դարպասի գրավում արձանագրվեց։ Աչքի ընկավ «Փյունիկի» խաղացող Ա. Ոսկանյանը։ Բաց թողած գնդակն էլ ավելի մեծացրեց «Կիլիկիայի» ֆուտբոլիստների եռանդը։ Շատ կարճ ժամանակում նրանք խաղը հավասարեցրին ու իրենք սկսեցին ավելի հաճախակի հայտնվել մրցակցի դարպասի մատույցներում։ Առաջին խաղակեսի միջնամասում Նշան Էրզրումյանը վերականգնեց հավասարակշռությունը։ Ոգեւորված հաջողությամբ, «Կիլիկիան» շարունակում էր գործել վերելքով ու շուտով Նշանի եղբայրը՝ Սերգեյ Էրզրումյանը, որը թիմի ավագն է, առաջ մղեց «Կիլիկիային»։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2։1 հաշվով։ Ինչպես եւ սպասվում էր, հանգստից հետո «Փյունիկը» կրկին տիրեց նախաձեռնությանը։ Գրոհները հաջորդում էին միմյանց։ Դրանցից մեկում՝ խառն իրադրությունում գնդակը մտնում էր դարպասը, սակայն «Կիլիկիայի» խաղացող Վահան Թոփուզյանը մտածված՝ ձեռքով կասեցրեց դրա ընթացքը, որի համար ոչ միայն արժանացավ կարմիր քարտի, այլեւ իր թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված։ Այն հստակորեն իրացրեց Արտավազդ Քարամյանը՝ 2։2։ Այդ պահից սկսած դաշտում լիիրավ տերը «Փյունիկն» էր։ «Կիլիկիան» զբաղված էր հիմնականում պաշտպանվելով (գուցե ֆիզիկականն այլեւս չէր բավականացնում), որը միշտ չէ, որ հստակ էր կազմակերպվում։ Այս ժամանակահատվածում հատկապես ակտիվ ու արդյունավետ էին գործում Քարամյան եղբայրները։ Հենց նրանց ջանքերի շնորհիվ խաղակեսի միջնամասում խուճապային վիճակ առաջացավ «Կիլիկիայի» պաշտպանւթյան աջ թեւում։ Եվ երբ գնդակը տեղափոխվեց կենտրոնական հատված ու հայտնվեց Արթուր Քոչարյանի մոտ, վերջինս գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Փյունիկին»։ Արտավազդ Քարամյանը հաշվի մեջ եղած տարբերությունը մեծացնելու մի ռեալ հնարավորություն էլ ունեցավ։ Սակայն մրցավարի նշանակած երկրորդ 11 մետրանոցը նա չկարողացավ իրացնել։ Գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Ինչեւէ, դրանից հետո նոր գոլեր չգրանցվեցին եւ «Փյունիկը» հաղթանակ տարավ։ Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Բանանց»-«Արաքս»՝ 2։2, «Կոտայք»-«Արարատ»՝ 0։4, «Լոռի»-«Շիրակ»՝ 0։3, «Դինամո-2000»-«Միկա»՝ 0։0, «Ղարաբաղ»-«Զվարթնոց»՝ 1։3։ «Լեռնագործն» այս տուրում ազատ էր։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել