Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտաս»

Ապրիլ 18,2001 00:00

«Ես շա՜տ էս հողից եմ…» «Կոմիտաս» կվարտետի առաջին ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանին հանդիպեցի կոնսերվատորիայի իր լսարանում։ – Եթե չասենք ստեղծագործական մի ողջ կյանք, ապա՝ տեւական ժամանակահատված՝ արդեն 32 տարի, նույն կոլեկտիվում եք, այն էլ՝ մեծն Կոմիտասի անվան … – Մեր ազգի համար մեծ բարեբախտություն է, որ ունենք Կոմիտաս։ Կոմիտասյան աշխարհը մեզ պարգեւում է բնության եւ մարդու ներդաշնակության կատարյալ պահեր, բարձրացնում բարության արժեքը։ Այժմ մարդու համար առանձնապես թանկ է բույրերով ու գույներով թրթռացող կոմիտասյան երաժշտությունը։ Այո, արդեն 32 տարի… Բախտս բերել է հենց սկզբից՝ դասատուների առումով։ Երջանիկ եմ, որ ուսանել եմ Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում՝ բազմավաստակ մանկավարժ Տատյանա Հայրապետյանի, ապա՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ Լեոնիդ Կոգանի դասարաններում։ Արդեն ավարտական կուրսում՝ 1969 թվականին, երբ մասնակցեցի Կոմիտասի 100-ամյակին նվիրված համերգին, մաեստրո Ավետ Գաբրիելյանը հրավիրեց ինձ կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Ապա՝ իր իսկ առաջարկով, 1976-ից՝ առաջին ջութակահար։ Ստեղծագործական, բեմական, աշխատանքային ողջ կյանքս կապվեց մեծն Կոմիտասի անունը կրող կվարտետի հետ։ – Նախանձելի դպրոց եք անցել եւ այսօր դասավանդում եք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Կարելի՞ է ասել՝ ինչ ստացել եք, այն էլ փոխանցում եք Ձեր ուսանողներին։ – Կոնսերվատորիայում դասավանդում եմ 1977 թվականից, բայց կատարողական արվեստը, ինչպես յուրաքանչյուր արվեստ, ապրել է իր էվոլյուցիան։ Տեսեք, համաշխարհային դասականների այսօրվա կատարումները չափազանց տարբեր են նրանց շրջանի կատարումներից, սակայն դա չի նշանակում, թե մեր ժամանակը հեռացել է նրանցից, պարզապես նրանք են մոտեցվել մեր ժամանակին։ Օրինակ, լսում ենք կոմիտասյան ձայնագրությունները, ճիշտ է՝ դրանք մեզ համար ուղեցույց են, սակայն մեր խնդիրը ոչ թե վերջիններս նույնությամբ կրկնելն է, այլ Կոմիտաս մատուցելու բանալին գտնելը։ Երբեք ստացած գիտելիքները բավարար չեն ողջ կյանքի համար։ Մի խոսքով՝ ստացած գիտելիքներս գումարած տարիների փորձը, ջանում եմ փոխանցել ուսանողներիս։ Ինձ մոտ են ուսանել մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ՝ Հայկ Դավթյանը, Զոհրապ Թադեւոսյանը, Արսեն Մուրազյանը… – Ինչպե՞ս է այսօր ապրում կոնսերվատորիան։ – Միանգամից ասեմ՝ կան դժվարություններ։ Այսօր կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանը, պատկերացրեք, մտածում է նաեւ ֆինանսական միջոցներ հայթայթելու մասին։ Մեր ուսանողները տարբեր երկրներից ստանում են կրթաթոշակներ։ Այս տարի սեպտեմբերին, Գերմանիայից՝ Օստրովիչ ամուսինների աջակցությամբ կանցկացվի ջութակահարների մրցույթ, որի դափնեկիրները կարժանանան նաեւ դրամական պարգեւների։ Մեր դասախոսները, թեպետ կարճ ժամանակահատված, կաշխատեն արտերկրի երաժշտական հիմնարկներում։ «Կոմիտաս» կվարտետը շուտով կմեկնի Եգիպտոս՝ համերգային շրջագայության։ Կարող եմ շարունակել թվարկումը այն աշխատանքների, որ կատարում է կոնսերվատորիայի ռեկտորատը։ Հոգ է տարվում ե՛ւ ուսանողների, ե՛ւ դասախոսների մասին։ – Շրջել եք ամբողջ աշխարհը, բնականաբար, եղել են ու կան աշխատանքային հրավերներ… բայց վերադարձել եք։ – Մեկ ճշտում. «Կոմիտաս» կվարտետը միայն Ճապոնիայում եւ Ավստրալիայում չի եղել։ Իսկ վերադարձել եմ, թող ամպագոռգոռ չհնչի, որովհետեւ ես շա՜տ էս հողից եմ… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել