Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկ երամից դուրս գտնվողներին զոհ են դարձնում

Ապրիլ 18,2001 00:00

ՆԱՐԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԱՄԻՑ ՉԷՐ Իսկ երամից դուրս գտնվողներին զոհ են դարձնում «Ու կգա ոգու սով»։ Աստվածաշնչյան այս կանխատեսումն իրականություն է դառնում։ Չկամությունը, նախանձը եւ համատարած գորշությունը իշխող են դարձել ու մոլեգին կատաղությամբ փորձում են ջնջել այն ամենն, ինչ իրենցից դուրս է։ Իր տեսակի մեջ առանձնացողին փորձում են կլանել կամ կոտրել։ Եթե իրենք միջակություն են ու խավարի գերի, ուրեմն պիտի մարեն լույսն ու ցած գցեն բարձրին։ Ազատ մտքի, իրենց սահմանափակ կաղապարներում չտեղավորվող խոսքի հանդեպ ատելությունն անընդհատ ուղեկցում է հոգով ստրուկներին։ Ու նրանք շարունակում են իրենց «խաչակրաց արշավանքը»։ Այս արշավանքի զոհերը ե՛ւ գիտության մեջ են, ե՛ւ արվեստում, ե՛ւ գրականության մեջ։ Նմանատիպ ցանկացած արշավանքից հետո կոտրված սրտեր, փշրված ճակատագրեր են մնում ու նաեւ՝ ազատության անսահմանությունը եզրեր է ստանում, ու այդ եզրերը գնալով սեղմվում են։ Երբ Աստծուց տաղանդի ու շնորհալիության փշրանքներ չստացած գրողիկներն իրենց մեջ կուտակված մաղձը թափեցին Վիոլետ Գրիգորյանի վրա, ինչ է թե նա համարձակվել էր իրենց ուղեղային հնարավորությունների դաշտից դուրս գալ եւ թղթին հանձնել այն խոսքերը, որով հենց նույն այդ գրողիկները չեն ամաչում իրենց լեզուն «աղտոտել», գորշությանն ու միօրինակությանը սովոր մարդկային զանգվածներն իրենց ձայնն իսկ չբարձրացրին, չասացին. «Էս ի՞նչ եք անում, մարդ Աստծո»։ Իսկ նույն այդ գրողիկներն ավելի մեծ թափ առան՝ Վիոլետի դեմ սկսված վայրահաչությունը հարմար առիթ էր Հրանտ Մաթեւոսյանին եւս հարվածելու, չէ՞ որ նա համարձակվել էր այդքան միջակությունների գլուխների վրայով թռնել ու Վիոլետին «մերօրյա Չարենց» հռչակել։ Ու սկսվեց, ու շարունակվեց… Գրեթե նույն սցենարով, նույն արյունատենչությամբ ու նույն անհանդուրժողականությամբ Երեւանի մնջախաղի թատրոնից վտարվեց այդ թատրոնի ամենաերգեցիկ թռչունը՝ Նարե Հայկազյանը։ Ու պետք չէ մանրանալ, ու պետք չէ կրկին թվարկել՝ նախանձ, չարակամություն, գորշության հաղթանակ։ Ընդամենը՝ Նարեն նրանց երամից չէր։ Նարեի ճախրանքն ավելի վեհ էր ու եթերային, ու Նարեին երկնային բարձունքից ցած իջեցնելու տարբերակը նրան քարերով հարվածելը դարձավ։ Եվ նրանք, ովքեր ժամանակին Նարեի ընկերներն էին, վերցրին իրենց ձեռքը քարերն ու նետեցին դեպի նա։ Ու երբ նետում էին այդ քարերը ճախրանքի մեջ գտնվող Նարեի վրա, տեսնես հիշո՞ւմ էին Քրիստոսին՝ «Թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է»։ Իսկ Քրիստոսին հիշել, գոնե Նարեին աշխատանքից ազատող Ժիրայր Դադասյանը, պարտավոր էր։ Թեկուզ միայն այն պատճառով, որ ինչ-որ ժամանակ քրիստոնեական թեմաներով իրոք բարձրաճաշակ փոքրիկ ֆիլմեր էր նկարում։ Սակայն նա նախընտրեց այլ ճանապարհ։ Եվ Նարեի դիմումին, որով նա խնդրում էր վերականգնել իրեն «Արթմնի երազում», ի պատասխան հրավիրվեց գեղխորհրդի նիստ, ու Ժ. Դադասյանը եզրափակեց. «Ես դեմ եմ առհասարակ դերասանուհու վերականգնմանը նախկին դերում, որպեսզի դա լինի հատուկ մոտեցում բոլոր դերասանների համար՝ նման պահելաձեւն արմատախիլ անելու համար»։ Ու այս եզրահանգումը հնչել էր վերջում, երբ ստալինյան ժամանակների ընկերական դատարան հիշեցնող ժողովի վերջում (չգիտես ինչու, գեղխորհրդի նիստին մասնակցելու իրավունք էր ստացել նաեւ թատրոնի տնօրենը, որի զույգ աղջիկների ոտքը թատրոնում ամրապնդվել էր՝ Նարեին վտարելուց հետո) հնչել էին Նարեի երբեմնի գործընկերների ճահճագույն մեղադրանքները. «Նարեի արարքը չի կարելի որակել ազնիվ արվեստագետի մոտեցում» (Յ. Կոստանյան), «Եթե բոլորը դեմ են, ես նույնպես դեմ եմ, որ նա վերականգնվի» (Հ. Չոբանյան), «Նման վարքագիծը համարում եմ անհանդուրժելի ոտնձգություն իր խաղընկերների դեմ», «Նա տեղի-անտեղի վիճաբանում էր ռեժիսորի հետ», «Կտրուկ դեմ եմ նրա հետ աշխատելուն» (Ռ. Հակոբյան), «Թատրոնը կոլեկտիվ արվեստ է: (…) Դերասանի արարքը անբարո է։ Չի կարելի նրան այլեւս վստահել» (Կ. Ստեփանյան, տնօրեն)։ Ու այս 6 հոգու որոշմամբ Նարեն զրկվեց, իր իսկ գնահատմամբ, իր «լավագույն դերը» կրկին խաղալու հնարավորությունից։ «Լավագույնը»՝ մնջախաղի թատրոնում, քանզի, ի հեճուկս քարեր նետողների, Նարեի թեւերը չկոտրվեցին, ու նա շարունակեց իր վեհ ճախրանքն այլ բեմերում։ «Ես ներել եմ նրանց։ Հավատա, ներել եմ ե՛ւ արժանապատվությունս վիրավորելը, ե՛ւ անտեղի ստորացումները, ե՛ւ անգամ «Այլեւս ոտքդ այս թատրոնում չերեւա՛»-ն։ Ներել եմ, քանզի չեմ կոտրվել։ Բայց չեմ հաշտվում երեւույթի հետ։ Չեմ հաշտվում, որ կարելի է մարդուն այս աստիճանի ցավ պատճառել միայն այն բանի համար, որ նա իրենց «կոլխոզը» չէր մտնում։ Եվ կուզեի միայն, որ նրանցից ամեն մեկը, երբ միայնակ է լինում, նայեր իր սրտի խորքն ու պատկերացներ, թե այսպես են վարվում իր հետ։ Քրիստոսն ասում էր՝ մի արա ուրիշին այն, ինչ չես կամենա քեզ անեն։ Թող ուղղակի մտածեն իրենց արածի մասին»։ Նարեն ներել է։ Իսկ մե՞նք։ Մենք ի՞նչ է, շարունակելո՞ւ ենք աչք փակել այն բոլոր կապանքների առջեւ, որ դրվում են մարդկային ազատությունների վրա։ Շարունակելո՞ւ ենք հաշտվել արվեստագետի մեջ խենթությունը սպանելու ցանկության հետ։ Չէ՞ որ ճշմարիտ արվեստագետը միշտ մի քիչ խենթ է լինում՝ իր արվեստով, իր ազատությամբ։ Շարունակելո՞ւ ենք դատել մարդուն, մոռանալով՝ «մի դատիր, որ չդատվես»-ը։ Մինչեւ ե՞րբ։ Ո՞ւր է վերջը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել