Լրահոս
Օրվա լրահոսը

Խրիմյան

Ապրիլ 18,2001 00:00

Դպրոցից արտերկիր է մեկնել 15 երեխա Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հանրակրթական դպրոցը՝ 20 դասարանով եւ 415 աշակերտով, ծայրամասային չէ, բայց կենտրոնում էլ չի գտնվում եւ ոչ էլ անգլիական թեքումով է, որ երեխաներին թիկնապահներով եւ շքեղ ավտոմեքենաներով բերեն-տանեն։ Անվանի շրջանավարտներից են Կարեն Դեմիրճյանը, Վարդգես Պետրոսյանը, Էմիլ Գաբրիելյանը, Գուժ Մանուկյանը… (իհարկե, այն ժամանակ դպրոցը 26 կոմիսարների անվան էր, 91-ին է վերանվանվել Խրիմյան Հայրիկի անվան)։ Դպրոցն ունեցել է հայագիտական թեքումով դասարաններ, ամբողջ Հայաստանից եկած երեխաներին գրաբար ու արեւմտահայերեն են ուսուցանել բուհերի անվանի հայագետները։ Ցավոք, սոցիալական, թե այլ պատճառներով, դպրոցում այլեւս հայագիտական դասարաններ չկան։ Եթե հանրապետությունում այդքան օտար լեզուների թեքումով դպրոցներ կան, ինչո՞ւ մեկն էլ չպահպանվեր հայերենի խորացմամբ։ Դպրոցի արդեն մեկ տարվա տնօրեն տիկին Ապետնակյանը հարցիս՝ ինչպես է բացատրում կին-տնօրենների ավելանալը դպրոցներում, ասաց. – Դե, ընտանիք պահողը տղամարդիկ են եւ նրանք տնօրենին տրվող 8 հազար 300 դրամով տուն չեն պահի։ Հետո մեր ժամանակներում շատ կարեւոր հանգամանք է կնոջ եռանդի գործոնը. կին-տնօրենի աչքն է, որ ամեն անկյուն տեսնում է, հետեւում, ավելի սրտացավ ու հոգատար է, ավելի լավ գիտի երեխային։ Կարծում եմ, որ դպրոցի տնօրենը պիտի կին լինի։ Իսկ տղամարդ ուսուցիչներին դպրոց վերադարձնելու համար պիտի պետությունը ուղիներ որոնի։ Միայն ուսուցչուհիներ տեսնելով՝ տղաները կորցնում են իրենց առնական հատկությունները, տանը մայրն է ամբողջ օրը նրանց հետ, դպրոցում՝ ուսուցչուհին։ Մենք՝ մանկավարժներս, այսօր պետության կողմից գնահատված չենք ըստ արժանվույն, իսկ դպրոցը պետության հիմնաքարն է։ – «Հայագիտական թեքումով» անվանումը կորցնելուց հետո դպրոցը ի՞նչ է անում, որ պահպանի իր լավ ավանդույթները։ – Առաջին դասարանցիները, տառերը սովորելուց հետո, «Խրիմյանցիներ» վկայական են ստանում Էջմիածնում՝ Խրիմյան Հայրիկի շիրիմի մոտ, երդման արարողությունից հետո։ Ամեն տարի ապրիլի 14-ին դպրոցում նշվում է Խրիմյան Հայրիկի ծննդյան օրը։ – Դուք ինչպե՞ս եք վերաբերվում վերեւներում մշակվող ինտեգրացիայի ծրագրերին, որ հաշմանդամ երեխաները պետք է սովորեն հանրակրթական դպրոցներում։ – Եթե փոքրիկ արատ է, հնարավոր է, մեր դպրոցում էլ ունենք այդպիսի երեխաներ, իսկ սայլակներով երեխաները հենց իրենք կարող են տարբերվելով խորթանալ մյուսներից։ Եվ երեւի սովորելը իր նմանների հետ ավելի լավ է։ Մենք դեռեւս այդ մակարդակին չենք հասել։ – Տարեկան քանի՞ երեխա է արտերկիր գնում դպրոցից։ – Այս տարի Ռուսաստան եւ Ամերիկա է մեկնել 15 երեխա։ Ամեն անգամ ցավով եմ տալիս փաստաթղթերը, նույնիսկ փորձում եմ համոզել մայրերին՝ մի լքեք մեր երկիրը, մի տարեք մեր երեխաներին։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել