Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կրկին ապացուցեց, որ անհուսալի գործընկեր է

Ապրիլ 18,2001 00:00

ՏԵՂԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ Հայաստանը կրկին ապացուցեց, որ անհուսալի գործընկեր է Օրերս, անդրկովկասյան պետություններ կատարած այցի շրջանակներում, Երեւան էր ժամանել Գերմանիայի Դաշնության ֆեդերալ նախարար Վիեսցորեկ Ցոյլը։ Այցի նպատակն էր՝ տեսնել, թե ինչպես են այդ երկրներում իրականացվում գերմանական ծրագրերը, նաեւ՝ համաձայնագիր ստորագրել գերմանական կառավարության կողմից Հայաստանին 10 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մասին։ «Հյուրընկալ հայկական հողում» տիկին Ցոյլին դիմավորեցին բողոքի ցույցով եւ՝ «գերմանացինե՛ր, վերադարձեք ձեր երկիրը» գերմաներեն մակագրությամբ ցուցապաստառներով։ Միջադեպից հետո Հայաստանում Գերմանիայի դեսպանը շտապ այցով մեկնեց հայրենիք, իսկ գերմանական մամուլում տեղեկություն է եղել, որ Անդրկովկասի երկրներին Գերմանիայի աջակցության հարցը կասկածի տակ է։ Որքան մեզ հայտնի է, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ֆեդերալ նախարարը ոչինչ չի ասել այս միջադեպի մասին։ Միայն հարցրել է, թե ինչպես է Ռ. Քոչարյանը վերաբերվում Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացմանը։ Տիկին Ցոյլի այս հարցն ինքնանպատակ չէր. բողոքի ցույց կազմակերպածները Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի (նախկին քիմիատեխնոլոգիական տեխնիկում) ուսանողներն ու մանկավարժներն էին։ Նրանք այսպես իրենց բողոքն էին հայտնում քոլեջի 3-րդ եւ 4-րդ հարկերը ֆինանսաբանկային քոլեջին (ՖԲՔ) հատկացնելու համար։ ՀՀ ԿԳՆ-ի, Կենտրոնական բանկի եւ Բանկերի միության կողմից երեք տարի առաջ հիմնադրված ՖԲՔ-ին այդ տարածքը 20 տարով անհատույց հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ դեռեւս 1998թ.։ Հայ-գերմանական միջկառավարական տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում քոլեջում իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում բանկային ծառայողների միջնակարգ մասնագիտական կրթություն» ծրագիրը։ Այն, ի դեպ, ԱՊՀ երկրներում Գերմանիայի աջակցությամբ իրականացվող ամենալավ ուսումնական ծրագիրն է ճանաչվել։ Քոլեջն արդեն տվել է իր առաջին 30 շրջանավարտները, որոնք աշխատում են Հայաստանի լավագույն բանկերում։ Առաջին, երկրորդ եւ երրորդ, չորրորդ հարկերի տարբերությունն անմիջապես աչքի է զարնում։ ՖԲՔ-ի տարածքը շատ լավ վերանորոգված է, իսկ տեխնոլոգիական քոլեջինը՝ խիստ անմխիթար վիճակում է։ ՖԲՔ-ի տնօրեն Աելիտա Խաչատրյանից տեղեկացանք, որ երբ իրենց տրամադրել էին շենքի 3-րդ, 4-րդ հարկերը, վիճակը շատ վատ էր՝ հատակը քանդված, պատերը ճաքած, իսկ սանհանգույցն ընդհանրապես չէր գործում։ Գերմանական կողմի աջակցությամբ իրականացվել է վերանորոգումը, ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ հարուստ գրադարանով ապահովումը եւ այլն։ Վերջերս, ՖԲՔ-ին հատկացված այդ տարածքում, հիմնադիրների որոշմամբ, սենյակներ են տրամադրվել նաեւ մի քանի գերմանական կազմակերպությունների (ProSME, Հայ-գերմանական հիմնադրամ, Ակադեմիական փոխանակության գերմանական ծառայություն, Միգրացիայի միջազգային կենտրոնի փորձագետների գրասենյակ)։ Գերմանական ծրագրերի համատեղ աշխատանքը մի հարկի տակ առավել արդյունավետ եւ նպատակահարմար է դիտվել։ Այժմ այն հայտնի է որպես «Գերմանական տուն», եւ տիկին Ցոյլին հրավիրել էին հայ- գերմանական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող այդ տան հանդիսավոր բացմանը, բայց… Տիկին նախարարը, դիվանագետին հատուկ զսպվածությամբ, կարողացել է համոզել մուտքը փակած ցուցարարներին՝ իրենց ներս թողնել եւ նույնիսկ համբերատար լսել է նրանց բողոքը ու փորձել հասկանալ տեխնոլոգիական քոլեջի պրոբլեմը։ Ընդ որում՝ դա տիկին Ցոյլին ավելի լավ է հաջողվել, քան այն պետական չինովնիկներին, որ անմիջական մեղավորն են ստեղծված իրավիճակի համար։ Գերմանիայի ֆեդերալ նախարարն ասել է, որ հենց մեր կառավարության առաջարկով են իրենք ներդրումներ կատարել բանկային համակարգում։ Եթե ասեին, որ քիմիական համակարգն աջակցության կարիք ունի, այդտեղ ներդրումներ կանեին։ Ինչ վերաբերում է շենքին, ապա դա ՀՀ կառավարությունն է հատկացրել, իրենք պատրաստ են այլ շենք վարձակալել «Գերմանական տան» համար։ Տեխնոլոգիական քոլեջի մանկավարժները, որոնց ահազանգի հիման վրա էլ «Առավոտը» որոշեց զբաղվել այս հարցով, պատմեցին, որ «Գերմանական տան» բացմանը ներկա ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը ցուցարար մանկավարժներին հավաստիացրել է, թե նրանց քոլեջը, 1-ին, 2-րդ հարկերը եւս «Գերմանական տանը» տրամադրելու հիմնավորմամբ, այլ շենք չեն տեղափոխի (ինչի մասին լուրն էլ հենց ցույցի պատճառ էր դարձել), որպեսզի ցուցարարները ցրվեն եւ թույլ տան տիկին Ցոյլին ներս մտնել։ Եվ հաջորդ պահին էլ, ի պատասխան, արդեն խառնաշփոթից ոչինչ չհասկացող տիկին Ցոյլի տարակուսանքին, թե քոլեջին նոր տարածք չե՞ն հատկացրել, դրա համա՞ր են ցույց անում, նախարարը հավաստիացրել է, թե առաջիկա մի քանի շաբաթում քոլեջը այլ շենք տեղափոխելու հարցը կլուծվի։ Այս հակասական պատասխաններից հետո, բնական է, որ քոլեջի մանկավարժներն այլեւս չեն հավատում պաշտոնյաներին, որոնց հանցագործ անտարբերության պատճառով երբեմնի հզոր տեխնիկումը, մյուս տեխնիկումների եւ ուսումնարանների նման, քայքայվել է՝ կորցնելով իր հարուստ նյութատեխնիկական բազան, շենքի զգալի մասը։ Այս մասին տարբեր պաշտոնյաների ուղղված տեխնիկումի մանկավարժների բողոքները մնացել են անպատասխան։ Իսկ թվարկվող պրոբլեմներն այնքան շատ են, որ այս հրապարակմամբ դժվար է ներկայացնել։ Բնականաբար, նախկինում մոտ 2000, իսկ այսօր ընդամենը 200 ուսանող ունեցող քոլեջը գուցե շենքային նախկին հնարավորությունների կարիքը չունի (թեեւ մանկավարժները պնդում էին, թե եղած տարածքն իրենց այսօր չի բավարարում), բայց նույն վիճակում հայտնված միջին մասնագիտական կրթական հաստատությունների պահպանման եւ համակարգի օպտիմիզացիայի հստակ ծրագրեր մշակելու փոխարեն մեր կառավարությունը փոշիացրեց այս համակարգը։ Բայց սա այլ հրապարակման թեմա է։ Ի պատասխան մեր տարակուսանքի, թե ինչ իմաստ ուներ այդ ցույցը կազմակերպել գերմանական բարձրաստիճան հյուրի ներկայությամբ, որը ոչ մի առնչություն չունի տեխնիկումի պրոբլեմների հետ եւ Հայաստան է եկել աջակցության ծրագրերով, քոլեջի տնօրեն Ռաֆայել Մելիքսեթյանն ու մանկավարժները հավատացնում էին, թե դա իրենց ուսանողների «արդար զայրույթի արդյունքն էր՝ հանպատրաստից, տարերային» կազմակերպված։ Ի դեպ, ուսանողները, հավանաբար այդ նույն «արդար զայրույթով», խազ էին քաշել Հայաստանում Գերմանիայի դեսպանի ավտոմեքենայի վրա եւ, չնայած ցույցը «տարերային էր, հանպատրաստից», բայց հասցրել էին ցուցապաստառներ ապահովել։ Իսկ նման բողոքի ցույցերի պատճառով Հայաստանի մասին որպես ոչ հուսալի գործընկերոջ համբավ է ստեղծվում՝ թե ներդրման, թե աջակցման ծրագրեր ունեցող երկրների մոտ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել