Լրահոս
Օրվա լրահոսը

Ակներեւաբար, պատահական չէր «Հայաստանի էներգետիկ ապագան» խորագիրը կրող կլոր սեղանի կազմակերպումը հենց

Ապրիլ 18,2001 00:00

ԲՑ-ներով հերթական մտահոգվածները Ակներեւաբար, պատահական չէր «Հայաստանի էներգետիկ ապագան» խորագիրը կրող կլոր սեղանի կազմակերպումը հենց ապրիլի 17-ին։ Բաշխիչ էլեկտրացանցերի մրցույթի փաթեթների բացումից ճիշտ 2 օր առաջ այդ խնդրով մտահոգ քննարկումներ կազմակերպելու համար էներգետիկ ռազմավարական կենտրոնը, «Եվրոպական տունը», «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը (Հունաստանի դեսպանատան օժանդակությամբ), թերեւս, շատ լավ պետք է հաշվարկած լինեին։ Քաղաքական որոշակի շրջանակների ջանքերի շնորհիվ՝ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը մեծ ժողովրդականություն ստացավ։ Հավանաբար, այս իրավիճակից օգտվելու եւ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով՝ վերը նշված քաղաքական ու հասարակական կազմակերպությունները որոշեցին մտահոգվել կամ միանալ Հայաստանի էներգետիկ ապագայով մտահոգվածների բանակին։ Այլապես ինչպես բացատրել խիստ մասնագիտական վերլուծությունների եւ զեկույցների հրապարակայնացումը։ Թեպետ, մյուս կողմից հասկանալի է, որ եվրոպական կառույցներից ֆինանսավորում ստացած տեղական կազմակերպությունները պարտավոր են բոլոր լրատվամիջոցներով թմբկահարել իրենց գործունեության մասին, ավելին՝ հնչած ելույթներն ու զեկույցները հետագայում 3 լեզուներով տպագրել առանձին բրոշյուրներ։ Կլոր սեղանն իսկապես խիստ մասնագիտական էր, ներկաներին նույնիսկ բաժանվեցին մանրամասն վերլուծություններ եւ ուսումնասիրություններ էներգետիկայի առանձին օղակների վերաբերյալ։ Կլոր սեղանի կազմակերպիչներից Արա Մարջանյանը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ոլորտի բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ հանրապետության գործադիր, օրենսդիր մարմինների եւ հասարակական, քաղաքական կազմակերպությունների դիրքորոշումների ժամանակագրությունը։ Պարոն Մարջանյանի վերլուծությամբ՝ անցած 2 տարիների ընթացքում ԲՑ-ների մասնավորեցման վերաբերյալ հնչած դիրքորոշումները ծածկում են բանականորեն հնարավոր ողջ տիրույթը՝ անհապաղ մասնավորեցումից մինչեւ հանրապետությունում ընդհանրապես մասնավորեցման գործընթացի կասեցում։ Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջերս անցկացրած սոցիոլոգիական հարցումներից մեկի արդյունքները։ Այն հարցին, թե «ո՞ր երկիրն է Հայաստանի համար առավել խոստումնալից տնտեսական գործընկերը եւ քաղաքական երաշխավորը», հանրապետության 405 փորձագետների կողմից (ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, բուհերի գիտադասախոսական անձնակազմ՝ տրվել են հետեւյալ պատասխանները. Երկիր Տնտ. գործընկեր Քաղաք. երաշխավոր ՌԴ 62 68 Իրան 25 2 ԱՄՆ 2 18 Թուրքիա 6 0 Եվրամիություն 2 1 Վրաստան 3 0 ԱՊՀ 3 0 Էներգետիկ այս ամբողջ աղմուկից հասարակությանը, թերեւս, մտահոգում է միայն սակագների հարցը։ Բաշխիչ ցանցերը ամերիկյան կողմին կպատկանեն, թե ռուսական՝ քաղաքացու համար իրականում էական նշանակություն չունի (այդ որոշ պոպուլիստ քաղաքական գործիչներ են փորձում հասարակությանը համոզել, թե ԲՑ-ների մասնավորեցման խնդիրը հասարակության մտահոգության թիվ 1 խնդիրն է), իրականում քաղաքացիներին անհանգստացնում է այն հարցը, թե ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց որքան գումար պետք է վճարի։ Սակագնային քաղաքականության առնչությամբ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամներ Ռ. Ծովյանի եւ Ռ. Խարազյանի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ երկդրույք սակագնային համակարգը ֆինանսատնտեսական հաշվառքի կարգավիճակով կգործի մայիսի 1-ից։ Նրանում ներառված է նաեւ «Բարձրավոլտ էլեկտրացանց» ընկերությունը, որի ծառայության սակագնի մեջ ներառված ծախսերի շուրջ 72%-ը գնահատվում է որպես պայմանական հաստատուն ծախսեր։ ԲՑ-ների մասնավորեցման խնդրով մտահոգվածների շրջանակը, կարծում ենք, վերը թվարկած կազմակերպություններով չի սահմանափակվի, ինչպես անվերջ է այդ առիթով կազմակերպվող միջոցառումների շարքը։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել