Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային հայտնի երգում հնչող հարց է, իսկ պատասխանը սկսվում է բնության նկարագրությունից: Մինչդեռ հա

Ապրիլ 18,2001 00:00

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ Խորհրդային հայտնի երգում հնչող հարց է, իսկ պատասխանը սկսվում է բնության նկարագրությունից: Մինչդեռ հայրենիքը ոչ այնքան դաշտավայրեր են կամ լեռներ, որքան սրբավայրեր, համալսարաններ ու մարտադաշտեր: Գուցե դժբախտություն է, բայց Հայաստանը նույնիսկ հայերի կողմից ընկալվում է ոչ այնքան իբրեւ պետություն, որքան՝ իբրեւ հայրենիք: Թերեւս, որովհետեւ այստեղ, ինչպես Միջագետքում կամ Պաղեստինում պատմությունը սկսվում է պալեոլիթից, պոեմները՝ սեպագիր սալիկներից, ամրոցները՝ հազարամյակներ առաջ գահակալած արքաների հրովարտակներից: Եվ այստեղ, կարծես, արեւելյան իմաստնությունից բխող պատկերացում է իշխում, «եթե եկեղեցին ոչ թե շինությունն է, այլ հավատացյալ ժողովուրդը», ապա մահկանացուի համար էլ գերագույն մեծարանքը ժողովրդական սիրո արտահայտությունն է: Պետական արարողակարգ, հարգանքի տուրք՝ այստեղ դատարկ հնչյուններ են: Անդրանիկ Օզանյանի ու Դրոյի անշուք, պետական ծիսակարգին անպատշաճ վերաթաղումներից հետո առանձնակի սպասումներ չէին կարող լինել, թե ինչ172որ առաջընթաց կդիտվի այժմ, երբ պետական մակարդակով պատրաստվում են Լեռնահայաստանի հռչակման, հետեւաբար եւ Նժդեհի մեծարման միջոցառումների շարք անցկացնել։ Մինչդեռ բաղդատության մեջ առաջխաղացումը տեսանելի է, քանի որ այս անգամ նախատեսված է հանդիսավոր նիստ, գիտական կոնֆերանս, Նժդեհի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում եւ այլն։ Անշուշտ առաջընթաց է, բայց դեռ հեռու է մեծարման ծիսակարգի վերածվելուց, որում արտահայտվում է պետության հզորությունը եւ պատմությունը։ Հայաստանը գուցե հզոր չէ, բայց այն հազարամյակների պատմություն ունեցող եւ պետություն համարված կազմավորումների ժառանգորդն է։ Ինչեւէ, աստիճանական զարգացում ենք ապրում։ Ի դեպ, Նժդեհին նվիրված միջոցառումների շարքը, եթե պատշաճ անցկացվի եւ պիոներական հավաքների չվերածվի, զգալիորեն կառավարական հանձնաժողովի նախագահ Մանուկ Թոփուզյանի ներդրումն է լինելու։ Նա ասում է, թե Նժդեհը արժեւորվում է նրանով, որ «զինվորականից վերաճել է մտավորականի, եւ գրչով էլ պայքարել է նույնքան, որքան զենքով։ Նա առաջ է քաշում մտքեր, որոնց հետ կարելի է համաձայնել կամ վիճել, բայց դրանք նոր հայեցակետեր ձեւակերպելու եւ գաղափարներ քննարկելու առիթ են դառնում, նաեւ մեր պատմության մասին խորհելու եւ առաջընթացի ուղիներ ընտրելու»։ Նժդեհի մեծարման միջոցառումները մեկնարկելու են ապրիլին, երբ կամա թե ակամա, մեկ այլ ժողովրդական մեծարման էլ ենք ականատես լինում՝ Կարեն Սերոբիչի ծննդյան տարելիցի առթիվ։ Այստեղ կառավարությունը ոչինչ չի կազմակերպում։ Անցյալ տարի պետության մասնակցությունը սահմանափակվեց անվանակոչության հրամանագրերով, իսկ արարողությունները, հուշաքարերի տեղադրում կամ բացումը շատ ավելի ժողովրդական նախաձեռնություններ էին, քան պետական ձեռնարկներ: Այս տարվա ապրիլի 17172ի սցենարում պետությունը գրեթե բացակա էր։ Մինչդեռ ավելի քան ցանկալի կլիներ գոնե մինչեւ 70172ամյակի տարելիցը գիտական եւ պետական հնչեղության միջոցառումներ էլ կազմակերպել։ Հայաստանի Հանրապետությունը ընդամենը տասնամյակների պատմություն ունի եւ դժվար է ասել, թե այդ տասնամյակների մեջ քանի ղեկավար է այդքան ինքնահաստատ, վստահությամբ ապագային նայող եւ իր գործունեությամբ մարդկանց ոգեշնչող կենսագրություն ունեցել։ Եթե այսօրվա անկախ Հայաստանը անձեռակերտ հուշարձան է ազատագրական պայքարում զոհվածների հիշատակին, ապա պետական գործիչներին արժանվույն մեծարանքը կարող է լինել միայն բարգավաճ ու հզոր Հայաստանը, որտեղ պետական պաշտոնների հասնող անձինք կարողանան անցյալում ուսուցիչներ գտնել եւ ապագա կերտել։ Իսկ առայժմ նվազագույն հասանելին եւ պարտադիրը պետական արարողակարգի մշակումն է, որ արժեքների աստիճանակարգություն հաստատի եւ ավանդույթներ բյուրեղացնի։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել